Թուրքիան և Ռուսաստանը պայքարում են հայկական Ստեփանակերտում և Շուշիում հյուպատոսական ներկայության համար
Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացի ֆոնին հայտնի դարձավ, որ ՌԴ-ն մտադիր է հյուպատոսարան բացել Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում։ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասիննայս մասին խոսել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է ТАСС գործակալությունը։
Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը հույսը դնում է Ադրբեջանի աջակցության վրա՝ Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների հարցում, որը կսկսվի մոտ ապագայում։
Նա նշել է, որ իրենց երկկողմանի խնդիրներից կնշեր Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսության բացումը, որի նախապատրաստական աշխատանքները նախատեսում են սկսել մոտ ապագայում և հույսեր են կապում Ադրբեջանի աջակցության հետ։ Կարասինի խոսքով՝ իդեալական կլիներ գլխավոր հյուպատոսությունը բացել 2024 թվականին։
«Սա մեզ թույլ կտա վերացնել փոխադարձ հյուպատոսական ներկայության անհավասարությունը»,- հավելել է Կարասինը։ Նա, թերևս, նկատի ունի այն, որ ՌԴ-ում Ադրբեջանն ունի երկու ներկայացուցչություն, ՌԴ-ն ևս ցանկանում է հավասարեցնել ներկայացուցչությունների քանակը՝ հյուպատոսարան բացելով ոչ թե Ադրբեջանի այլ քաղաքներում, այլ Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում։
2021 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ մտադիր է Շուշիում հյուպատոսարան բացել։ Թուրքիայի նախագահը Բաքու էր մեկնել 2021թ․ հունիսի 14-ին, իսկ հունիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է ադրբեջանական կողմից օկուպացված Շուշի, որտեղ ստորագրվել է երկկողմ համագործակցության մասին հռչակագիր: Ստորագրումից հետո երկու երկրների ղեկավարները մամուլի ասուլիս էին հրավիրել, որտեղ էլ Թուրքիայի նախագահը հայտարարել է իրենց մտադրության մասին:
«Մենք մտադիր ենք մոտ ժամանակներս Շուշիում բացել հյուպատոսարան»,- նշել էր Էրդողանը:
Վերջին 3 տարվա ընթացքում Էրդողանն անընդհատ կրկնում էր իր այս մտադրության մասին, սակայն հյուպատոսարանը դեռ չի բացվել։ Սակայն վերջերս՝ մայիսի 10-ին, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջախիտ Բախչին հայտարարել է, որ Թուրքիան Շուշիում հյուպատոսություն բացելու հարցում է ուղարկել Ադրբեջանին, այս հարցի շուրջ բանակցությունները երկու երկրների միջև շարունակվում են։
«Մեր երկիրը քննարկում է այդ հարցը, և երբ ժամանակը գա, հյուպատոսությունը կբացվի»,- ասել է դիվանագետը։
Ըստ նրա՝ Ստեփանակերտում հյուպատոսություն բացելու համար քաղաքը պետք է պատրաստ լինի դրան։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուսաստանը տևական ժամանակ տարբեր մակարդակի հանդիպումներում այս հարցը բարձրացնում է, որից Ադրբեջանը փորձում է մանևրել, Ռուսաստանին այլ տարբերակներ առաջարկել՝ խուսափելով ՌԴ ներկայությունից օկուպացված հայկական քաղաքներում։ Սակայն Կարասինի կողմից հարցի հրապարակայնացումը և ժամկետների արձանագրումը բարդացնում է Ադրբեջանի մանևրը այս թեմայով, հատկապես, երբ ՌԴ-ն հեշտությամբ համաձայնեց դուրս բերել խաղաղապահ զորակազմն Արցախից։