Բնակարանային ապահովման ֆարս

Կառավարությունը որոշել է սկսել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիրը։ Ծրագիրը հաստատել են, չնայած կիրառման կանոնակարգերը դեռ չկան, նոր պիտի մշակեն։

Թե ինչո՞ւ են որոշել դա հենց հիմա անել, դժվար չէ հասկանալ։  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ալիքը թափ է հավաքում, դժգոհությունները խորանում են, իշխանություններն անհանգիստ են, վախերը թոթափելու համար անում են ամեն ինչ, որպեսզի շարժումը թուլացնեն ու պառակտեն։ Ուզում են բնակարանային ապահովման ծրագիր կոչվածով կերակրել Արցախի մեր հայրենակիցներին և հեռու պահել քաղաքական պրոցեսներից։

Այնպիսի մի պաթոսով են ներկայացնում ծրագիրը, կարծես բոլորը վաղը բնակարանի տեր են դառնալու։ Փորձում են տպավորություն ստեղծել, թե ինչքան հոգատար են Արցախի մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ, թե ոչինչ չեն խնայում նրանց բնակարանային խնդիրները լուծելու համար։

Բայց այն, ինչ առաջարկել են, իրականում ֆարս է։ Շատերի համար դրանով ոչ մի բնակարանային խնդիր էլ չի լուծվելու։ Մնալու են ձեռնունայն։ Ծրագիրը նրանց երբեք էլ չի հասնելու։

Կարդացեք նաև

Իրենց ապաշնորհ քաղաքականությամբ մարդկանց ամեն ինչից զրկել են՝ հող ու ջրից, տուն ու տեղից, հիմա էլ իբր բնակարանային ապահովության ծրագիր են իրականացնում, մարդկանց բնակարանների խնդիրն են լուծում։ Աչքակապությամբ են զբաղված, հերթական անգամ խաբում ու սին հույսերով փորձում են կերակրել։ Այնպիսի պայմաններ են դրել, որ շատերի համար այս ծրագրով բնակարան ունենալը մնալու է քաղցր երազ։

Ծրագրի շահառու դառնալու համար պարտադրում են մոռանալ Արցախը, ստանալ Հայաստանի քաղաքացիություն։

Հատուկ պայման են դրել, առանց դրա՝ ծրագրից չեն կարողանալու օգտվել։

Առաջին անգամ չէ, որ այդպիսի քայլի են գնում։ Նախկինում էլ տարբեր միջոցներով բազմիցս Արցախի մեր հայրենակիցներին փորձել են պարտադրել ստանալ Հայաստանի  քաղաքացիություն։ Շատերը հրաժարվել են։ Չեն ուզում կտրել վերջին հույսը։ Բայց իշխանություններն ամեն գնով պարտադրում են։

Հիմա էլ բնակարանային ապահովման ծրագրում են այդպիսի պահանջ դրել։ Մարդկանց կանգնեցնում են ծանր երկընտրանքի առաջ՝ հրաժարվել Արցախի քաղաքացիությունից, ստանալ Հայաստանի քաղաքացիություն կամ զրկվել բնակարան ունենալու հնարավորությունից։

Բայց նույնիսկ այդ զոհողությանը գնալու պարագայում՝ այս ֆարսը չի լուծելու արցախցիների բնակարանային ապահովման խնդիրը։ Այն գումարը, որն առաջարկում են, շատերին թույլ չի տալու բնակարան գնել անգամ հեռավոր բնակավայրերում։

Ծրագիրն այնպես են կառուցել, որ արցախցիներին պարտադրեն հեռանալ ու բնակություն հաստատել սահմանային բնակավայրերում, աչքից հեռու։

Հայաստանը բաժանել են գոտիների։ Այսպես կոչված, առաջին՝ սահմանային գոտում, առաջարկում են 5 միլիոն, երկրորդ գոտում՝ 4 միլիոն դրամ։ Իսկ ովքեր չեն համաձայնի տեղափոխվել սահմանային կամ կիսասահմանային բնակավայրեր, ստիպված կլինեն բավարարվել ընդամենը 3 մլն դրամով։

Թե 3 միլիոնով 1, 2 կամ նույնիսկ 3 անձից կազմված ընտանիքն ինչպե՞ս է կարողանալու բնակարան գնել, չասենք՝ Երևանում, որևէ այլ քաղաքում կամ անգամ գյուղում, դժվար չէ պատկերացնել։ Դա անհնարին է այսօրվա բարձր գների պայմաններում։

Երբ խոսք է գնում այդ գումարով բնակարան գնելու անհնարինության մասին, իշխանությունները սիրում են հաշվարկները կատարել 6 անձից կազմված ընտանիքների վրա։ Հեռավոր բնակավայրերում 6 անձից կազմված ընտանիքը գուցե թե առաջարկվող գումարով կարողանա բնակարան գնել, բայց քանի՞ այդպիսի արցախցի ընտանիք կա։

Հասկանալի է, չէ՞, թե ինչո՞ւ նույն օրինակը 2 կամ 3 անձից կազմված ընտանիքների վրա չեն բերում։

Այն, ինչ առաջարկում է կառավարությունը՝ նման ընտանիքների համար անհնարին է լինելու բնակարան գնել։ Այս ծրագրի մեկնարկից հետո, առավել ևս հնարավոր չի լինելու։

Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, շուտով սկսելու են բարձրացնել գները։

Չհաշված, որ ծրագիրը նախատեսում են իրականացել մի քանի փուլերով ու մի քանի տարվա ընթացքում։

Թե այդ ընթացքում ինչքա՞ն կթանկանան բնակարանները, և ի՞նչ արժեք կունենա առաջարկվող գումարը, դա էլ հետո կերևա։ Մի բան պարզ է՝ որքան գները բարձրանան, այնքան նվազելու են այդ գումարով բնակարան գնելու հնարավորությունները։

Դատելով ծրագրից՝ այս խնդիրը կառավարությունը նույնիսկ հաշվի չի էլ առել, չի էլ քննարկել արցախցիների հետ։ Այնքան որ, ցույց տան, թե բնակարանային ծրագիր են իրականացնում։ Այն դեպքում, երբ ի սկզբանե ակնհայտ է, որ այս ծրագիրը տապալվելու է։ Շատերը պարզապես չեն կարողանալու օգտվել դրանից։

Առաջին անգամ չէ, որ նման ծրագրեր են ներկայացնում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ։ Նախկինում էլ են արել, նաև արցախցիների համար։ Բայց մինչև հիմա էլ մարդիկ չեն կարողանում տրված գումարներով կամ սերտիֆիկատներով բնակարան ձեռք բերել։

Նույնը կրկնվելու է այս դեպքում, կապ չունի՝ սերտիֆիկա՞տ են տալու, թե՞ փող։

Այն գումարով, որը պատրաստվում է հատկացնել կառավարությունը, գուցե հնարավոր լինի բնակարան գնել կամ կառուցել սահմանային բնակավայրերում։ Բայց հայտնի պատճառներով, քչերը կլինեն, որ կնախընտրեն բնակություն հաստատել այդ վայրերում։ Նույնիսկ ոչ այն պատճառով, որ սահմանային են, այլ, որովհետև այդ բնակավայրերում աշխատելու, ապրելու նվազագույն պայմաններ ու հեռանկարներ չկան, ինչի պատճառով էլ մարդիկ սովորաբար հեռանում են։

Մինչ ապրելու պայմաններ ու հեռանկարներ չլինելու պատճառով սահմանային բնակավայրերից մարդիկ հեռանում են, կառավարությունը որոշել է շահարկել ացախցիների բնակարանային կարիքը և պարտադրել նրանց բնակություն հաստատել այդ տարածքներում։ Երկար ժամանակ չի պահանջվի համոզվելու համար, որ այն անիրականանալի է։

Սրանով չեն լուծվելու նաև արցախցիների բնակարանային խնդիրները։ Եվ դա բերելու է Հայաստանից շատերի հեռանալուն։ Գուցե հենց դա՞ է ուզում կառավարությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս