Ալիևի նոր քաղաքական պահանջը Փաշինյանին կամ գուցե պասերով նոր խաղի փորձ
2020-ի հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ղեկավարը կրակի դադարեցման պահանջ էր ներկայացրել Փաշինյանին:
«Առաջին՝ թող ասի (Փաշինյանը.- Մ.Պ.), որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն ամրագրված է բազային սկզբունքներում: Թող ասի, որ Ղարաբաղը դա Հայաստան չէ: Երկրորդ՝ թող գրաֆիկ ներկայացնի մեզ, թե երբ են հայկական զինված ուժերը դուրս գալու «օկուպացված տարածքներից» (չակերտները.- Մ.Պ.): Այդ ժամանակ մենք կվերականգնենք հրադադարի ռեժիմը»,- իր ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել էր Ալիևը՝ հավելելով, որ դաժան մարտեր են ընթանում, և դա դժվար է անել:
168.am–ն այս համատեքստում գրել էր, որ Ալիևը նաև որոշ գաղտնազերծումներ էր արել:
«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»,– եզրափակել էր Ալիևը, ըստ էության, հաստատելով Փաշինյանի հետ Արցախի հարցի շուրջ վերելակային պայմանավորվածության մասին:
Այսինքն, կարո՞ղ ենք ենթադրել, որ Փաշինյանը պայմանավորվածություն էր խախտել 2019 թվականի օգոստոսին Ստեփանակերտում հայտարարելով՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ըստ էության, շատ լավ գիտակցելով դրա հնարավոր ադրբեջանական հակազդումը: Ի՞նչ տեղի ունեցավ հետո: 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը կատարեց Ալիևի պահանջը, գուցեև 2018 թվականի իշխանափոխությունից հետո նրան տված խոստումը և արդեն 2022 թվականին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, որին ավելի ուշ 2023 թվականի սեպտեմբերին հաջորդեցին Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները Արցախում, և մենք կորցրեցինք Արցախն ամբողջությամբ:
Թեև 168.am-ը գրել էր, որ ԶՈՒ կիրառման պլանով պիտի ՊԲ-ին աջակցեին վերջին գործողությունների ժամանակ, և այն չի կատարվել:
Իսկ հիմա Ալիևը, բացի տարածքային հայտնի պահանջներից, Նիկոլ Փաշինյանի առաջ նոր պայման-պահանջ է դրել.
«Հայաստանը պետք է ճանաչի «Խոջալուի ցեղասպանությունը» (չակերտները.- Մ.Պ.), և ներողություն խնդրի մեզնից: Միայն դա անելով, ՀՀ ներկա իշխանությունը, հնարավոր է՝ մի փոքր մաքրի այդ «արյունահեղների» (չակերտները.- Մ.Պ. ) մեղքերը: Եթե նրանք դա չանեն, կարծում եմ, որ երբեք Հայաստանը չի կարող ոտքի կանգնել: Հայաստանը նախ պետք է ճանաչի այդ ողբերգությունը, հանցագործությունը, ռազմական հանցագործությունը»:
Եվ սա ասում է մի երկրի ղեկավար, որը Հայաստանի և Արցախի, հայերի դեմ բազմաթիվ ռազմական հանցագործությունների և ցեղասպանական գործողությունների, էթնիկ զտումների հեղինակ է՝ 1980-ականներից մինչև 2023 թվական, մինչև մեր օրերը՝ Բաքու, Սումգայիթ, Մարաղա, Արցախում 2016-ի ապրիլի ռազմական հանցագործություններ, Արցախում 2020 և 2023 թվականի ռազմական հանցագործություններ, 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ-ում ռազմական հանցագործություններ և այլն: Սա ասում է մի երկրի ղեկավար, որի զինուժն անգամ զոհերի մարմիններն է խոշտանգում, գլուխ կտրում՝ չխնայելով անգամ երեխաներին, և տեսանյութերն ու լուսանկարները տարածում համացանցում:
Այլ հարց է, թե Հայաստանը, ՀՀ ներկա իշխանությունները որքանով են պահանջատեր եղել, ճնշումներ բանեցրել Ադրբեջանի նկատմամբ: Ավելին, օրինակ, 2022 թվականի ապրիլին ՔՊ-ն մերժել էր Մարաղայի Ցեղասպանության օրացուցային հիշատակման առաջարկը:
Նշենք, որ 1992 թվականի ապրիլի 10-ին երեք ժամանոց հրետանային նախապատրաստությունից հետո Ադրբեջանի կանոնավոր բանակի ստորաբաժանումներն ադրբեջանական Միր-Բաշիր (այժմ՝ Թարթառ) բնակավայրից ներխուժել էին Մարաղա:
Մոտ երկու շաբաթ անց՝ ապրիլի 22-23-ին, Մարաղան ենթարկվել էր կրկնակի հարձակման, մոխրացած հայրենի գյուղ վերադարձած մարդիկ ստիպված եղան ընդմիշտ հեռանալ այնտեղից: Գյուղի բնակիչների վկայություններով՝ դեռ փետրվարի 26-ին էր Մարաղան ենթարկվել հատուկ մշակված և լավ կազմակերպված հարձակման, սակայն ինքնապաշտպանական ջոկատները կարողացել էին հետ շպրտել թշնամուն, բայց այս անգամ «Սովորական ցեղասպանություն» ադրբեջանաթուրքական ծրագիրն իրագործված էր:
«Դա նման էր Գողգոթային… շատ տարիներ անց: Այն, ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղն ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ՝ այն, ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը՝ նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող և մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց։ Տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղերագործությունը, հավանաբար դրանք պետք էր վերցնել մեզ հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա։ Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը։ Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ և շարունակել թալանը։ Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել»,- ժամանակին ասել էր բարոնուհի Քերոլայն Քոքսը, որ գյուղ էր ժամանել ողբերգությունից երկու օր անց:
«Human Right Advocates»-ի տվյալներով` Մարաղայում ադրբեջանցիների կողմից տանջամահ էր արվել 50 հայ, 100 մարդ գերի է վերցվել, որից 9-ը` երեխա, 18-ը` կին:
Այլ տեղեկությունների համաձայն` Մարաղայի ցեղասպան գործողությունների ընթացքում սպանված հայերի թիվը 80-100-ի սահմաններում է, որոնց թվում 30-ը` կին:
Փորձագետները և փաստագրական վկայություններն ապացուցել էին, որ ամեն գնով Մարաղա գյուղին տիրելու ադրբեջանական կողմի փափագը մի քանի պատճառ ուներ, որոնցից կարևորագույնը նավթային շահերն ու Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հայատյացությունն էր: Հայկական Մարաղա գյուղի խաղաղ հայ բնակչությունը զոհաբերվել էր հանուն նավթաէներգետիկ գլոբալ շահերի միայն այն պատճառով, որ իրենց գյուղը տեղակայված էր այն տարածքի վրա, որտեղ արդյունահանում էին ածխաջրածնային թանկարժեք հումքը՝ այսպես կոչված, «սպիտակ նավթը»:
Այս մասին իր հոդվածում գրել էր 1992-1995 թվականներին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհրդի նախագահության անդամ Վալերի Ղազարյանը. «Խնդիրն ու բախումը դադարել են տեղային լինել, երբ չէր կարելի թույլ տալ, որպեսզի հայերը նավթատար Միր Բաշիրի նկատմամբ վերահսկողություն ստանան» («Անիվ» ամսագիր, թիվ 2, 2010թ.)։
Մարաղայի փախստականների մի մասն ավելի ուշ բնակություն էր հաստատել Նոր Մարաղա բնակավայրում, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ:
Ինչ վերաբերում է Խոջալուի դեպքերին, ապա ժամանակին Արցախի իշխանությունները մեկ անգամ չէ, որ ապացուցել են ադրբեջանական մեղադրանքների անհիմն լինելը:
Ավելին, Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն էր հայտարարել էր որ «Խոջալու»-ն կազմակերպել է Ադրբեջանի ժողճակատը:
2020 թվականին 168.am-ին տված հարցազրույցում Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն այս առնչությամբ նշել էր.
«Ադրբեջանը բազմաթիվ անգամներ խոսել է, որ մենք Խոջալուում «ցեղասպանություն» ենք իրականացրել: Դա իրականությանը չի համապատասխանում: 1000-ից ավելի բնակչի անձամբ ես և իմ հրամանատարությունը փոխանցել ենք, ոչ թե փոխանակել, լուսանկարները կան, սա մեր Ասկերանի շրջանում է եղել: Պատերազմական գործողությունների ժամանակ, երբ հակառակ ճամբարում հայտնվում են քաղաքացիներ, բնակիչներ, կա միջազգային տերմին, իսկ հայերեն դա հնչում է՝ ներընկալված, դրանք պատանդներ չեն, գերիներ և ռազմագերիներ չեն: Եթե պատանդ վերցրած լինեինք, ինչպես Ադրբեջանն է պնդում, ի՞նչ ենք ուզել դրա դիմաց, եթե ռազմագերիներ են եղել, ո՞ւր են հարուցված քրեական գործերը: Չկա նման բան:
Երկրորդ, առհասարակ, մարտական գործողությունների ավարտից հետո, և ոչ միայն՝ Խոջալուի հետ կապված, պետք է պարզ բարձրաձայնեինք, ասեինք այն, ինչ կատարվել է: Հիմա տեսեք, թե Մերձավոր Արևելքում ինչ է կատարվում՝ փախստականներ, սպանություններ, գերիներ, պատանդներ: Դեռևս իմ բանակում եղած ժամանակ բազմաթիվ միջազգային կառույցների հետ հանդիպումներ ենք ունեցել և անդրադարձել Խոջալուի դեպքերին: Երբ մեզ ցույց էին տալիս տարբեր գրքեր «ցեղասպանության» մասին և այսօր էլ ցույց են տալիս, ասել եմ, հիմա էլ եմ ասում միջազգային փորձագետներին՝ այսօր տեխնիկան այնպես է զարգացել, որ այդ նկարներով, որտեղ սպանված կամ զոհված են խաղաղ բնակիչները, թող փորձաքննություն անեն, տեղանքում ապացուցեն, ֆիքսեն՝ այո, սա ձեր տարածքում է եղել: Բնականաբար, երբ տանկը կրակում է, բեկորները նետվելու են, և մոտ եղած մարդը սպանվելու է: Իհարկե, խաղաղ բնակիչներ զոհվել են, բայց ոչ այնպես, ինչպես ներկայացվում է:
Զինված մարդն իրավունք չունի կրակ բացի խաղաղ բնակավայրից, բայց Ադրբեջանը լրիվ հակառակն է արել և այսօր էլ անում է. իրենց բոլոր կրակակետերը գտնվում են բնակավայրերի մոտ: Ինչի՞ մասին է խոսքը: Վերադառնալով նախկին մտքին. մինչ այժմ այդ միջազգային կառույցներից չեմ ստացել պատասխան, բայց ամեն տարի իրենց ասում եմ՝ մենք միշտ պատրաստ ենք այդ փորձաքննությանը: Եթե Ադրբեջանն ունենար կոնկրետ փաստեր՝ Խոջալուի հետ կապված, մի րոպեում ինձ կբռնեին՝ դե, ասել ես, արի տանենք փորձաքննությունն անենք, տեղազննությունն անենք… Չկա նման առաջարկ: Վառ ապացույց է նաև Մութալիբովի հայտնի հարցազրույցը, որով թեման լրիվ փակվել է»:
Հավելենք, որ Ադրբեջանը «Խոջալուի ցեղասպանության» համատեքստում մեղադրական սլաքներ է ուղղել
Վիտալի Բալասանյանի ուղղությամբ, ով այսօր միացել է Բագրատ Սրբազանի շարժմանը, ինչպես նաև՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ, որից Ալիևը «վախեր» ունի, առհասարակ, ՀՀ նախկին նախագահներից՝ որպես հաղթանակած ղեկավարների: Զարմանալիորեն նույն «վախերն» ու բարդույթներն ունի բանակից և հաղթանակած ղեկավարներից, զինվորականներից նաև Նիկոլ Փաշինյանը:
Եվ հիմա արդյո՞ք պատահականություն է Ալիևի այն ձևակերպումները, թե Փաշինյանը պիտի «մաքրի նրանց մեղքերը», ինչ հետին նպատակ կա այստեղ, ինչո՞ւ է նրանց «հանձնում Փաշինյանի ձեռքը», որը գուցե դեմ չլիներ ՀՀ նախկին ղեկավարներին Բաքվում տեսնել, ինչպես այսօր չի մտահոգվում Արցախի ռազմաքաղաքական էլիտայի և գեներալների մեղադրական հոդվածներով Բաքվում պահվելու փաստով:
Իսկ Ալիևն այսօր անհանգստացած է Եկեղեցու և Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հանգամանքով:
Օկուպացված Արցախի Հանրապետության Իվանյան գյուղում նա հայտարարել է.
«Վստահ եմ, որ Հայաստանն այլևս երբեք չի փորձի որևէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ։ Չնայած Հայաստանում «ռևանշիստները» բավականին շատ են։ Մենք նաև հետևում ենք վերջին իրադարձություններին, տեսնում ենք, որ փորձեր են արվում հերթական անգամ տարածքային պահանջներ ներկայացնել մեր նկատմամբ։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի: Իհարկե, առաջին հերթին մենք պետք է ավելի հզորացնենք մեր բանակը, և մենք դա անում ենք»:
Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն՝ 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի ժամանակ հայտարարել էր.
«Մենք հիմա կարիք ունենք ուղիղ, հաստատված երաշխիքների, որ ռևանշիզմ չի լինի։ Մենք երաշխիքների կարիք ունենք, որ նոր պատերազմ չի լինի, որ Հայաստանը ամբողջությամբ ընդունում է գործող իրավիճակը։ Նրանք պետք է մոռանան Ղարաբաղի մասին և կառուցողական լինեն սահմանազատման և սահմանագծման հարցերում»։
Արդեն այս տարվա ապրիլին «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ Ալիևը կրկնել էր այս զգուշացումը: «Մեզ մտահոգում են գոյություն ունեցող և պոտենցիալ ռևանշիստական տենդենցները: Եվ մենք միանգամայն իրավունք ունենք մտահոգվելու՝ հաշվի առնելով, որ ժամանակին Հայաստանն «օկուպացրել» էր մեր տարածքը» (չակերտները՝ Մ.Պ.- ի): Այնպես որ, մենք իրավունք ունենք շատ լրջորեն կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը տեղի է ունենում Հայաստանում»:
Ի դեպ, այս համատեքստում Ալիևը նաև ակնարկել էր, որ չի վստահում Փաշինյանին, որը տարբեր ժամանակներում տարբեր հայտարարություններ է արել Ղարաբաղի հետ կապված: Թե այս պահին չվստահելու ինչ առիթներ ունի Ալիևը Փաշինյանին, չենք կարող ասել, փոխարենն ավելորդ է նշել, թե վստահելու որքան առիթներ ունի:
Հարկ է շեշտել, որ Ալիևը, անկախ այն հանգամանքից, որ այսօր անվտանգային բավականին առավելություն ունի, իր վերահսկողության տակ է ՀՀ ռազմավարական բարձունքները և դիրքային և վերահսկողական որոշակի առավելություններ ստացավ նաև Տավուշից տարածքներն անկրակոց ստանալու արդյունքում, իր օրակարգում շարունակում է առաջնային համարել բանակի հզորացումը, երբ առանց այն էլ ՀՀ ԶՈՒ-ի նկատմամբ զինվածության և այլ առումներով, ըստ էության, գերակա դիրքում է:
Այսինքն, իր երկրի անվտանգության երաշխավոր Ալիևը շարունակում է դիտարկել բանակը:
Մինչդեռ այսօր ԱԺ-ում 2023 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.
«Ուզում եմ մի մեկնաբանություն անել նաև բանակի նկատմամբ մեր ընկալման փոփոխության մասին: Բանակը Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ որպես խաղաղության գործիք, ինչպես ընդհանրապես մնացած բոլոր պետական ինստիտուտները»:
Այս համատեքստում Փաշինյանը շարունակել է.
«Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչ մենք անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Սա շատ կարևոր արձանագրում է: Մենք անունը դրել ենք անվտանգություն, բայց այդ անվտանգության ապահովումը, մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով: Եվ, հետևաբար, պետք է արձանագրել, որ անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն: Անվտանգության այն կոնցեպտը, որը մինչ այժմ իրականացրել ենք, ինքն անվտանգություն չի ապահովում, ինքը վտանգներ է գեներացնում»:
Եվ սա այն դեպքում, երբ անվտանգային երբեմնի համակարգը, քաղաքականությունը, պաշտպանական համակարգն՝ իր բոլոր թերություններով հանդերձ, Արցախում և ՀՀ-ում երկու բանակ է պահել, զինել և ուժեղացրել, որն ի զորու է եղել խաղաղություն պարտադրել թշնամուն, ապահովել Արցախի և ՀՀ-ի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը: Իսկ թե ինչ տվեց Փաշինյանի ստեղծած, վերափոխած անվտանգային համակարգը, բոլորը տեսան: Եվ դեռ տեսնելու են, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ հանդիման հավատալ, որ սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը, ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում պնդել է Փաշինյանը, խաբեություն է, մեղմ ասած, երբ ադրբեջանական կողմը հայտարարում է՝ Տավուշի մարզի հանձնված տարածքները, Տավուշը, ռազմավարական նշանակություն ունի ադրբեջանական բանակի համար: Այն, ինչ չեն կարողացել նախկինում անել, քանի որ Տավուշում պաշտպանական գիծն ամուր է եղել, հիմա կարողանալու են, ըստ էության, հատկապես, եթե Նիկոլ Փաշինյանը Տավուշի հետ կապված Բաքվի մյուս պահանջներն էլ կատարի: