Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելու սցենարն Ադրբեջանը ծրագրել էր ամիսներ առա՞ջ

Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն աշխարհի ուշադրության կենտրոնում է, ինչը մեծ հնարավորություն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։

Էլչին Ամիրբեկովը հիշեցրել է, որ 2023 թվականի դեկտեմբերին Երևանը և Բաքուն պայմանավորվել են ազատ արձակել կողմերի մոտ պահվող ադրբեջանցի և հայ զինծառայողների: Հայաստանն էլ աջակցությունն է հայտնել COP29-ը Բաքվում անցկացնելու՝ Ադրբեջանի հայտին, և հանել իր թեկնածությունը: Իսկ Ադրբեջանն աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի թեկնածությանը:

«Իհարկե, սա մեծ առաջընթաց էր, քանի որ առաջին անգամ ուղիղ շփումների միջոցով մենք վստահության ամրապնդման քայլեր կատարեցինք: Դա ցույց տվեց, որ երկու երկրներն ի վիճակի են ինքնուրույն լուծել տարաձայնությունները՝ առանց երրորդ կողմերի մասնակցության»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ամիրբեկովի խոսքով՝ Խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակվում են։

Կարդացեք նաև

«Զգուշավոր լավատեսություն ունենք, կարծում ենք, որ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները հնարավոր է ավարտին հասցնել մինչև COP29-ի անցկացումը, որը նախատեսված է նոյեմբերին»,- ընդգծել է նա։

Արձագանքելով Ամիրբեկովի արտահայտած ակնկալիքներին՝ այսօր լրագրողների հետ կարճ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիր ստորագրելու համար:

«Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ: Ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն համաձայնություններ, ավելի ճիշտ, այդ համաձայնությունները ձեռքբերված են 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում, հետո՝ Սոչիում, Բրյուսելում: Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դրանք վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Ես կարծում եմ՝ մենք ունենք հնարավորություն օր առաջ այդ աշխատանքն ավարտելու:

Երբ տեսնենք, որ այդ աշխատանքն ավարտվեց, ամփոփվել է, և մենք պետք է անցնենք արդեն ստորագրմանը, տեղը, ժամը որոշելը ուրիշ հարց է, որը լրացուցիչ կքննարկվի»,-ասաց նա:

Ավելի վաղ՝ մարտի 14-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, ելույթ ունենալով Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ, նշել է, որ Բաքուն նոյեմբերին կհյուրընկալի COP 29-ը, այնուհետ՝ շարունակել. «Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին՝ COP29-ի հետ կապված: Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության»:

Եվ փաստորեն դեռևս ամիսներ առաջ Բրիտանիայի վարչապետի կողմից բարձրաձայնվող այս սցենարն Ադրբեջանը շարունակում է առաջ մղել։

168․am հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ նման կարևոր գործընթացները, բանակցությունները սովորաբար ունենում են երկարաժամկետ պլանավորում։ Ըստ նրա՝ այս դեպքում Ադրբեջանը կարծես իրականացրել է համապատասխան պլանավորում՝ բանակցությունների ավարտի ու իր գործընկեր երկրներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, դեռևս ամիսներ առաջ հայտնել, թե հնարավոր է համաձայնագրի ստորագրում մինչև այդ կոնֆերանսը կամ այդ ժամանակաշրջանում։

«Սա նաև տրամաբանական շարունակությունն է այն բանի, որ Ադրբեջանը պահանջեց երկկողմ բանակցություններ Երևանի հետ, պահանջեց, որպեսզի միջնորդներ չլինեն, բարձրացրեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը վերացնելու հարցը։ Սրանք տրամաբանական, կանխատեսելի, միմյանց հաջորդող գործընթացներ են։ Սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձելու է համաձայնագրի ստորագրումը արագացնել՝ չնայած նրան, որ հայկական կողմն էլ տրամաբանորեն փորձելու է բանակցել և հայկական կողմի համար ինչ-որ դրական ձևակերպումներ մտցնել։ Կարծում եմ՝ հենց այս նպատակով նաև սահմանազատման գործընթացը դուրս բերվեց Խաղաղության համաձայնագրից, քանի որ այն շատ ավելի երկարատև գործընթաց է, Բաքուն ցանկանում է այնուամենայնիվ ամրագրել այն ամենը, ինչին հասել են կողմերը մինչ այս պահը, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակն ամենևին ստատիկ չէ, ու այն կարող է փոփոխությունների հանգեցնել ժամկետներում։ Կարծում եմ՝ գուցե հաշվի է առնվում նաև ներքաղաքական հնարավոր փոփոխությունները, որոնք իրենց հերթին՝ կարող են փոխել նախապես ծրագրված սցենարը»,-նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ըստ նրա՝ իրականում բարդ է կանխատեսել, թե երբ կողմերը կկարողանան ստորագրել համաձայնագիրը, քանի որ այդ մասով բանակցություններն ընթանում են նահանջ-առաջընթաց հերթականությամբ, ինչը նշանակում է, որ բանակցություններում խնդիրներ կան, ստանդարտ գործընթաց չէ, որում կողմերը ամեն հանդիպմանը մեկ հարց են լուծում և անցնում մյուսին։

«Վերջին հանդիպումը նախարարների մակարդակով, դատելով հաղորդագրությունից, անհաջող չի եղել, սակայն մինչ դա արձանագրվում էր, որ կա նահանջ, տարաձայնություններ, ուստի տարաձայնություններ կարող են առաջանալ նաև հաջորդ հանդիպմանը։ Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ՝ համաձայնագրում ներառվելիք թեմաների քանակը հնարավորինս նվազեցվել է, սակայն նույնիսկ դա չի երաշխավորում, որ կողմերը հեշտ համաձայնության կհասնեն։ Տեսնում ենք, որ Երևանն ու Բաքուն հայտարարում են հստակ հաջողություն սահմանազատման գործընթացում, սակայն ՀՀ-ում այդ գործընթացից դժգոհություն կա հասարակության շրջանում։ Ուստի տեսնում ենք, որ սա ընդհանուր առմամբ բարդ գործընթաց է, և երբեմն, երբ նույնիսկ երկու կողմը հայտարարում է սահմանազատման գործընթացում առաջընթացի մասին, դա բավարար չէ գործընթացը գնահատելու համար, քանի որ հասարակության կողմից կա դիմադրություն։ Ուստի պետք է սպասել ու տեսնել, սակայն Ադրբեջանի ծրագիրը, որը նա առաջ է մղելու, համաձայնագիրը նոյեմբերին ստորագրելն է»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս