Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ

Սյունյաց թեմի հոգևոր դասի և հավատացյալների անունից խորապես դատապարտում ենք Սարդարապատի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների նախօրեին իրականացրած գործողությունները։Այս մասին հայտարարություն է տարածել Սյունյաց թեմը:

Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման հիշարժան այդ օրը Վեհափառ Հայրապետի մուտքը հուշահամալիրի տարածք խոչընդոտելով՝ կառավարության ղեկավարը նպատակ ուներ թույլ չտալու երկրի հոգևոր առաջնորդին ու նրան ուղեկցող հոգևորականներին մասնակցել հանդիսավոր արարողությանը։ Չնայած ոստիկանական ճնշող և անօրեն հիմունքով ձևավորված պատնեշին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ցուցաբերելով անսասան հավատ և վճռականություն, կարողացավ հասնել հուշահամալիր՝ հավատացյալներին առաջնորդելով առ Աստված աղոթքով։

Նման վարքագիծը մեծ հարված է հասցնում հայկական ինքնության քրիստոնեական հարացույցին և խոսում է այն մասին, որ այդ հրահանգն իջեցնողները չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն. տվյալ պահին պետականությունը տոնելու արարողությանը ոչ թե հոգևոր առաջնորդին էր արգելվում մասնակցել, այլ նրա ներկայացրած կառույցին՝ Եկեղեցուն, որ դարեր շարունակ եղել է հայոց ինքնության պահպանման, հայոց քաղաքակրթական կյանքի կազմակերպման միակ գործող ինստիտուտը: Ուստի մենք դատապարտում ենք այս գործողությունները՝ որպես հայ եկեղեցու արժանապատվության վիրավորանք և մեր հոգևոր առաջնորդների հանդեպ ունեցած հարգանքի ոտնահարում։

Մենք կոչ ենք անում իշխանություններին խորհել իրենց գործողությունների մասին և պահպանել հարգանք ազգի հիմնասյուների, մասնավորապես արժեհամակարգ կերտող և պաշտպանող ինստիտուտի նկատմամբ: Հույս ունենք, որ Հայաստանում սովորական չեն դառնա նմանաբնույթ գործողությունները, որոնք այսպիսի ընդգծված ձևով բնորոշ չեն եղել նույնիսկ պետականության բացակայության և այլադավ ղեկավարների լծի տակ ապրելու ժամանակներին: Թող Աստված օրհնի մեր ժողովրդին և խոհեմություն պարգևի չարի ճանապարհը բռնած պատկան մարմիններին, որպեսզի խաղաղությունն ու հարգանքը տիրեն Հայաստան աշխարհում։ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վրդ. Հակոբյան»:

Տեսանյութեր

Լրահոս