
Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանն ավելի հեռու կգնա գազային ճնշման հարցում. Յացենյուկ

Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ չկա որևէ պատճառ, որոնցից ելնելով Ռուսաստանը բարձրացրել է գազի գինն Ուկրաինայի համար:
Յացենյուկը կատարելապես անընդունելի է որակել հազար խորանարդ մետր ռուսական գազի գինը 485 դոլար սահմանելը. «Ռուսաստանը հիանալի գիտակցում է դա: Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանն ավելի հեռու կգնա գազային ճնշման հարցում, այդ թվում նաև սահմանափակելու է գազի մատակարարումն Ուկրաինայի տարածք»:
Յացենյուկը հիշեցրել է, որ Ռուսաստանը պարտավորվել է 15 միլիարդ դոլարի վարկ տրամադրել Ուկրաինային, որոնցից 3 միլիարդ դոլարը նա հատկացրել է նախորդ տարեվերջին, իսկ 2 միլիարդ դոլարը պետք է տա այս տարի՝ գազային պարտքերը մարելու համար.
«Եթե Ռուսաստանի կատարի իր պարտավորությունները 2 միլիարդ դոլարի վարկի մասով, ապա մենք այդ 2 միլիարդով կմարենք մեր պարտքերը»: Ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը երեկ հայտարարել է, որ Ուկրաինան գազի մատակարարումների դիմաց իրենց պարտք է 2.2 միլիարդ դոլար:
Յացենյուկը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք է տեսնում գազի մատակարարման երթուղիների դիվերսիֆիկացումը, մասնավորապես Սլովակիայի տարածքով: Յացենյուկը հուսով է, որ իրենք Եվրոպայից գազը կգնեն 350 դոլարով և ոչ թե մոտ 500 դոլարով, ինչպես որ սահմանել է Ռուսաստանը: