«Օրենքը գործում է». Տիգրան Սարգսյանը՝ կուտակայինի ու ՍԴ որոշման մասին

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ երեկ Սահմանադրական դատարանի կողմից կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքների որոշ դրույթները Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշմանը:

«Սահմանադրական դատարանը տվեց ժամանակ ԱԺ-ին ու կառավարությանը՝ մինչև սեպտեմբերի 30-ը շտկելու այն հոդվածները, որոնք հակասահմանադրական են: Այսօր ես ձևավորելու եմ աշխատանքային խումբ: Դա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին, բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ միասին, ներկայացնելու ենք ԱԺ օրենսդրական փաթեթ, որը ներառելու ՝ բոլոր այն օրենքները, որոնց անդրադարձել է ՍԴ-ն»,- ասաց Տ.Սարգսյանը:

Ըստ նրա՝ սա բացառիկ հնարավորություն է քաղաքացիական հասարակության համար կառավարության հետ միասին մասնակցել օրենսդրական փոփոխությունների մշակմանը՝ նպատակ ունենալով բարելավելու գործող համակարգը.

«Օգտվելով այս բացառիկ հնարավորությունից, դիմում եմ քաղաքացիական հասարակությանը, բոլոր այն ակտիվիստներին, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահել կուտակայինը, աշխատել՝ հանուն ավելի լավ օրենսդրության, որը հաշվի կառնի ՍԴ ընդունած որոշումը: Մենք ակնկալում ենք երկխոսության սկիզբ և օրենասդրության կատարելագործում»:

Տ.Սարգսյանի խոսքով՝ աշխատանքյաին խմբում կընդգրկվեն Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ֆինանսների նախարարությունները, Կենտրոնական բանկը:

Վարչապետը «չափազանց» կարևորեց, որպեսզի մասնագիտական եզրակացություններ հնչեն, թե ինչ է նշանանակում ՍԴ որոշումը տնտեսվարողների ու քաղաքացիների համար, այսինքն՝ եթե ՍԴ-ն տվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը, ապա օրենքը, այն տեսքով, ինչպես ընդունել է ԱԺ-ն, պետք է աշխատի մինչև սեպտեմբերի 30, իսկ այդ ընթացքում գործադիրն այն պետք է վերանայի:

«Ճի՞շտ է, պարոն Թովմասյան»,- Արդարադատության նախարարին դիմեց Տ.Սարգսյանը:
«Ճիշտ է, այդ դրույթները համարվում են սահմանադրական»,- հաստատեց Հ.Թովմասյանը՝ հավելելով, որ փոփոխությունը, որ պահին արվի, այդ պահից հինը կկասեցվի, նորը կմտնի ուժի մեջ:

«Սա նշանակում է, որ 2014 թ. հունվարի մեկից ուժի մեջ մտած օրենքը գործում է, մենք պետք է շտկումներ անենք: Որպեսզի տարընթերումեր չլինեն, մենք բոլորս պետք է նույն դիրքերից հանդես գանք»,- կրկին շեշտեց Տ.Սարգսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս