Բաժիններ՝

Մուշարաֆի դեմ մահափորձ է իրականացվել

Պակիստանյան DAWN թերթի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան պայթյուն է գրանցվել Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, ընդ որում, այն ժամանակ, երբ պայթուցիկ սարքի մոտով անցնելիս է եղել երկրի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆի ավտոշարասյունը:

Ոստիկանությունը հայտարարել է, որ ահաբեկչության թիրախում գտնվել է հենց Մուշարաֆը: Պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել: Նախկին նախագահը բարեհաջող հասել է Իսլամաբադի արվարձանում գտնվող իր նստավայր: Ընդգծվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել կամրջի վրա և գործել է դրանով Մուշարաֆի շարասյան անցնելուց հետո:

Ավելի վաղ Պակիստանի թալիբները քանիցս սպառնացել են Մուշարաֆին: Ներկայումս Մուշարաֆը մեղադրվում է պետական դավաճանության, ինչպես նաև 4 այլ գործով: Իսլամաբադի հատուկ դատարանը երկուշաբթի պաշտոնական մեղադրանք է առաջադրել նրան:

Հետաքննության տվյալներով՝ 2001-2008 թվականներին Պակիստանի նախագահ հանդիսացած Մուշարաֆը 2007 թվականին պետական դավաճանություն է գործել, երբ մտցրել է արտակարգ դրություն և կարգադրել է կալանքի տակ առնել Գերագույն դատարանի անդամներին:

Պակիստանյան օրենքներով, պետական դավաճանությունը պատժվում է մահապատժով կամ ցմահ ազատազրկմամբ: Պետական դավաճանության գործը 2013 թվականին նախաձեռնել է Պակիստանի կառավարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս