Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացել է եղանակային կտրուկ փոփոխությունների հետևանքով ստեղծված իրավիճակին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի ուղեկցությամբ այսօր այցելեց  Արարատի մարզ` ծանոթանալու վերջին օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ մարզում իրականացվող հակակարկտային միջոցառումներին:

Փոխվարչապետը նախ այցելեց Արմաշ համայնք, որտեղ համայնքապետարանում մարզպետ Արամայիս Գրիգորյանի, Արմաշի եւ շրջակա մյուս համայնքների ղեկավարների  մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրեց: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին  ցրտահարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը, նշվեց, որ համայնքներին վնաս է պատճառել նաեւ ուժեղ քամին:  Քննարկվեցին ցրտահարության հետեւանքները մեղմելու հնարավորությունները` մասնավորապես  բանջարաբոստանային  կուլտուրաների ցանքատարածությունները ավելացնելու եւ այլ միջոցներով: Ինչպես համայնքների ղեկավարները, այնպես էլ բնակիչները փոխվարչապետի եւ նախարարի հետ հանդիպմանը բարձրացրեցին ստանձնած վարկային պարտավորությունների, սերմացուի, ոռոգման ջրի անհրաժեշտ պահանջարկի բավարարման հետ կապված եւ այլ հարցեր:Կարեւորվեց նաեւ հակակարկտային միջոցառումների իրականացումը:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին մարզում կտեղակայվի 18 հակակարկտային կայանք, որից 7-ը` միայն Արմաշ համայնքի տարածքում: Սա հնարավորություն կտա էապես նվազեցնել կարկտահարության վտանգը, քննարկվում է նաեւ  հակակարկտային կայանքների երկրորդ գոտին ունենալու հնարավորությունը: Կքննարկվեն նաեւ  քամու հետեւանքով վնասված շենք-շինությունների վերանորոգմանն աջակցելու մեխանիզմները:

Այնուհետեւ Արարատի մարզպետարանում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին  համայնքապետներ, Գյուղացիական աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ), ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ-երի) ղեկավարներ, փոխվարչապետն անդրադարձավ ստեղծված իրավիճակին, հետագա անելիքներին  եւ համայնքներում բարձրացված մտահոգություններին:

«Առաջին մտահոգությունը կապված է գյուղացիական տնտեսությունների ստանձնած վարկային պարտավորությունների հետ: Նմանատիպ խնդիր անցած տարի առաջացել էր Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած համայնքներում, որտեղ հնարավոր եղավ հնարավորինս փոխընդունելի  լուծումներ գտնել: Մենք կառաջարկենք,  որպեսզի վարկային կազմակերպությունները նմանատիպ գործընթաց նախաձեռնեն նաեւ հիմա: Մյուս ուղղությունը ցրտահարության հետեւանքների  մեղմումն ու այգիների  համար համապատասխան խնամքի` պարարտացման, ոռոգման ապահովումն է` հաջորդ տարիներին նորմալ բերք ունենալու համար»,-նշեց նա:

Փոխվարչապետը տեղեկացրեց նաեւ, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվել է գարնանային սելավային ջրերը ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին: Նա նաեւ տեղեկություններ ներկայացրեց Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի մասին:

Նախարար Ս. Կարապետյանն անդրադառնալով վնասի ծավալներին` տեղեկացրեց, որ դրանք ճշգրտվում են, եւ վնասի հստակ չափը հայտնի կլինի առաջիկա օրերին: Գյուղնախարարությունը, ըստ նրա,  ներկայումս գյուղացիական տնտեսությունների համար ցրտահարության հետեւանքները մեղմելու ուղղությամբ  է աշխատանքներ իրականացնում:  Նախարարությունը  մասնավորապես աշխատում է սերմ ներկրող ընկերությունների հետ`տնտեսություններին բանջարաբոստանային կուլտուրաների որակյալ սերմացուով ապահովելու համար: Ներկրվել են նաեւ գարնանացան գարու եւ կերային այլ կուլտուրաների սերմեր: Նախարարը կարեւորեց  ցանքատարածությունների ավելացումը եւ այլ կուլտուրաների մշակումը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում  պատրաստ են բավարարել նաեւ հողօգտագործողներին մատչելի գնով տրվող պարարտանյութի եւ դիզվառելիքի լրացուցիչ պահանջարկը, ինչպես նաեւ նշեց, որ կառավարությունն ավելի արդյունավետ պայքար է մղելու մարզում առկա  «կարտոֆիլի եւ լոլիկի ցեց» կոչվող վնասատուի դեմ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկա օրերին համայնքապետները կհաշվարկեն սերմացուի պահանջարկը եւ դրանց տեսակների ու ծավալների վերաբերյալ տեղեկատվություն կներկայացնեն մարզպետարան: Փոխվարչապետն ու գյուղնախարարն այնուհետեւ պատասխանեցին ներկաների հարցերին:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս