Ա. Ռուստամյան. Հանրապետականը հո հայհոյանք չէ՞, ՀՀԿ-ականների մեջ էլ մարդիկ կան, որոնք այսօր դուրս են մղված այդ նույն տեղից

Օրերս ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ի համար անընդունելի է, որ վարչապետի հաջորդ թեկնածուն դարձյալ ՀՀԿ-ական լինի. պետք է հաջորդ վարչապետը ՀՀԿ-ական չլինի: 168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե Դաշնակցության համար և՞ս սկզբունքային է, որ հաջորդ վարչապետը ՀՀԿ-ական չլինի:

Ի պատասխան՝ նա նշեց. «Մեզ համար սկզբունքային հարցը կառավարությունը փոխելն է, մենք հավատում ենք համակարգին, քաղաքականության փոփոխությանը, կոնկրետ կատարվող քայլերին, իսկ անձերի հետ մենք հույս չենք կապում»:

Մեր ճշտող հարցին, որ եթե կառավարության հրաժարականից հետո հաջորդ վարչապետը նշանակվի մեկ այլ ՀՀԿ-ական, իրենց համար ընդունելի կլինի՞, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Նորից հարցնում եք, Հանրապետականը հո հայհոյանք չէ՞, Հանրապետականների մեջ էլ մարդիկ կան, որոնք այսօր դուրս են մղված այդ նույն տեղից: Եթե կգան, այդ ծրագիրը իրականացնեն, ուզում է՝ ՀՀԿ-ից լինի, ԲՀԿ-ից լինի, որտեղից լինի… կարևորը հայ մարդ լինի, իր ազգը սիրի, իր ժողովրդին սիրի, պրոֆեսիոնալ լինի, լուծումները առաջարկի, դրանք իրականացնի: Թե չէ՝ ՀՀԿ-ական կլինի՞, թե՞ չի լինի, է՞դ ա կարևոր մեր կյանքում»:

Նա շեշտեց, որ իրենք գործընթացը չեն անձնավորում, ապա պատասխանելով այն հարցին, թե նոր կառավարության կազմում քառյակը տեղ չի՞ զբաղեցնելու՝ պատասխանեց, որ իրենք կառավարությանն անվստահություն չեն հայտնում՝ քառյակին գործող կառավարությամբ փոխարինելու համար:

«Մենք «հայ ժողովուրդ» ասելով՝ չենք պատկերացնում, որ կսահմանափակվես միայն իշխանություններով, քառյակով, կամ էլ ԱԺ վեց կուսակցություններով: Մեր դժբախտությունների հիմքն այն է, որ մենք շատ վատ քաղաքականություն ենք վարել: Մենք ունենք հրաշալի կադրեր, որոնք պարզապես սրա-նրա ծանոթն ու բարեկամը չեն ու դուրս են մնացել: Դրա համար ղեկավարում են մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն, չեն կարողանում լուծումներ գտնել: Ես հավատում եմ, որ մենք ողջ ռեսուրսը կմոբիլիզացնենք ու լավագույն կադրերին ամեն մեկին իր տեղում կդնենք, որ կարողանա երկիրն այս վիճակից դուրս բերել:

Կարելի է համապատասխան նախարարներ, կադրեր գտնել, որոնք իսկապես երկիրը այս վիճակից դուրս կբերեն, և մենք կուսակցական խնդիր չենք հետապնդում, որ իրենք չլինեն, մենք գանք իրենց տեղը: Սրանից ենք ուզում խուսափել ու երբ ասում ենք ամբողջական իշխանափոխություն՝ սա է: Մարդկանց փոփոխությամբ ոչինչ չի լուծվում…»,- նշեց նա:

Ճշտող հարցին, թե քառյակը չի՞ անդամակցելու նոր կառավարությանը, նա բացասական պատասխան տվեց. «Չէ, մենք նման խնդիր չենք դրել, որ քառյակը լինի, որ փոխենք այս կառավարությունը քառյակով: Մենք կառավարության ծրագիրն ու քաղաքականություն ենք ուզում փոխել»:

Տեսանյութեր

Լրահոս