Նախկին ու ներկա նախարարները՝ ծիծաղի առարկա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ դիմումի քննությունն ու հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Թեև ընդդիմությունը շոու որակեց դատական լսումների ընթացքը, այնուամենայնիվ երեկվա ՍԴ նիստում ի ցույց դրվեց մեր երկրի պետական ապարատի ողջ թշվառությունը: ՍԴ անդամների հարցերը պարբերաբար անհարմար դրության մեջ էին գցում ՀՀԿ-ականներին. ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի պատասխաններն ուղղակի ծիծաղ էին առաջացնում անգամ ՍԴ անդամների մոտ:

Դատարանի հարցին, թե կարո՞ղ եք մատնանշել՝ որոնք են օրենքի այն թերությունները, որոնց մասին ասել էր ԱԺ նախագահը, պատասխանողները չկարողացան: Ստացվում է, որ մեր երկրում չկա համակարգված մոտեցում և յուրաքանչյուր պաշտոնյա խոսում է այն, ինչ խելքին փչում է՝ առանց ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելու:

Իսկ մեծագույն զավեշտը ՍԴ անդամի հարցն էր, թե ո՞վ է իրավունք տվել ԿԲ-ին մեկնաբանելու ՍԴ-ի կայացրած որոշումը՝ պարտադիր բաղադրիչը կասեցնելու մասով: ԿԲ փոխնախագահը կմկմաց, թե դա ենթադրություն էր՝ իրավիճակը կարգավորելու համար: Հարցին, թե ով է պատասխանատվություն կրելու համակարգի համար, Ներսես Երիցյանը պատասխանեց. «Ես անձամբ պատասխանատու եմ իմ ասածների համար»:

Ասել է թե՝ ՀՀ Կառավարության անունից հանդես եկողներն արդեն խուսափում են համակարգի համար ամբողջական պատասխանատվություն կրել: Այսքանից հետո աբսուրդ կլինի պատասխանատվություն ակնկալել նրանց գործողությունների համար 20-30 տարի անց, երբ այսօրվա երիտասարդները թոշակառու դառնան:

Ավելի մանրամասն «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս