Ընդդիմադիր ուժը չի կարող լինել օլիգարխ և սափրագլուխների բանդա ունենալ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. Երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի «նախահավաքն» էր։ Այնտեղ հանդիպեցինք «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, ում հետ զրուցեցինք ներքաղաքական վերջին անցուդարձից և ստեղծված իրավիճակից։
-Պարոն Մակեյան, ի՞նչ կարծիքի եք չորս ոչ իշխանական ուժերի վերջին գործողությունների և, առհասարակ, ստեղծված իրավիճակի մասին։

– Ես առիթ ունեցել եմ ասել, որ անհասկանալի է ինձ համար ոչ իշխանական ուժերի այդ «հրաշալի քառյակը», ցավում եմ, որ երկրում ստեղծված իրավիճակն ու իրենց գործողությունները համարժեք չեն, երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու է կառավարությունը, վարչապետը, բայց, միևնույն ժամանակ, մենք գիտենք, որ, ժողովրդական խոսքով ասած, «ակոսը քաշող եզից է»։ Այսինքն՝ առաջին դեմքով է որոշված Հայաստանում ամեն ինչ, և եթե իրենք սկսեն իմպիչմենտի գործընթաց Սերժ Սարգսյանի նկատմամբ, ես կողջունեմ ու կաջակցեմ հնարավորինս։

– Այսինքն՝ Դուք ամբողջական իշխանափոխությո՞ւնն եք այսօր ճիշտ համարում՝ որպես ստեղծված իրավիճակից լավագույն ելք։

– Իհարկե, եթե Հայաստանում ուզում ենք բան փոխել, պետք է առաջին դեմքից սկսել, և հետո, ցավոք սրտի, ստացվում է, որ իրենք գոլորշի բաց թողնելու գործընթաց են անում, որը, այսպես ասած, աջակցում է իշխանության շահերին։

– Կարծիք կա, որ այս չորս ոչ իշխանական ուժերի փուլառփուլ առաջ շարժվելու ծրագիրը կձգվի մինչև նոր ընտրություններ, ինչն իշխանության սրտով է նաև։ Ձեր կարծիքով՝ սա իշխանահաճո պահվա՞ծք է, թե՞ ուզում են իսկապես ինչ-որ բան փոխել։

– Համատեղվում է երկուսն էլ։ Ես ասել էի, որ այս քառյակն ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղորդվում է Քոչարյանի կողմից և այդ իմաստով իշխանահաճո է, բայց նաև իրենք խնդիր ունեն ջրի երեսին մնալու, քաղաքական պրոցեսների ակտիվ թատերաբեմում մնալու, քանի որ 2017 թվականին խորհրդարանական ընտրություններ են, ուստի անում են ամեն ինչ, որ ևս մեկ անգամ մտնեն Ազգային ժողով։ Այսինքն՝ երկու տեսակի խնդիր է լուծվում, որը կապ չունի երկրի շահերի, ժողովրդի շահերի հետ։

– Քոչարյանի միջոցով գործող իշխանություններին հաճոյանա՞լը նկատի ունեք։

– Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե այս քառյակը չլինի, ինչ կլինի։ Դաշտում պետք է համախմբման պրոցեսներ գնան, որն անվերահսկելի է իշխող կլանի կողմից։ Այսօր իշխանությունը մեկն է հսկում՝ Սերժ Սարգսյանի դեմքով, ընդդիմությունը կամ, այսպես ասած, ոչ իշխանական այդ ծանրակշիռ հատվածը, որ կա Ազգային ժողովում, հսկում է Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ իրենք ամբողջ դաշտը գրավել են։ Ճիշտ է, Սերժն ու Ռոբն ունեն հակասություններ՝ փողի, բաժանելու, իշխանության, որ չեն ուզում կիսել իրար մեջ, բայց, այնուամենայնիվ, որ իրենց կլանը հանձնի իշխանությունն ուրիշին, դա երկուսն էլ չեն ուզում։ Այսինքն՝ այս հարցում իրենք նույնկերպ են մտածում։ Իրենց հակասությունը չի բերում ամբողջական իշխանափոխության, իրենց հակասությունն ինչ-որ անհատական շահերի խփում է, բայց, միևնույն է, ծառայում է իրենց խոշոր շահին՝ իշխանությունը պահելուն։

Լավ, ո՞րն է ելքն այս դեպքում։

– Ելքը հետևյալն է. երկրում ստեղծված վիճակը, հասարակության մոտ կուտակված լիցքերը բավարար են, որ ցանկացած պահի ժողովուրդը ոտքի կանգնի, դրա անունը «Մայդան» չեմ դնում, որովհետև Մայդանն ուրիշ բանի արդյունք էր, դա գերտերությունների հակադրության արդյունքում ծնվեց, ճիշտ է, ազնիվ խմորումներ էլ եղան, բայց, մեծ հաշվով, մենք տեսանք, թե բախումներն ինչի բերեցին։ Բայց մեր հասարակությունը պատրաստ է ոտքի կանգնելու և ազատվելու էս վիճակից, և այդ պրոցեսին պետք է մասնակցեն այն ուժերը, որոնք մնացել են անբասիր, ազնվորեն ծառայել են իրենց գաղափարներով ժողովրդին, ու փորձեն համախմբել ժողովրդի ունեցած էդ լիցքերը, ամրացնել ողնաշարն ու գնալ ոչ թե միանգամից ընտրության, այլ մինչև ընտրական համակարգը պետք է նախ ընտրակեղծիքի մեխանիզմը ջարդեն։

– Դուք մասնակցում եք Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, նրա հետ հույսե՞ր եք կապում, անցած տարվա ապրիլի 9-ից հետո վստահության անկում չկա՞ նրա նկատմամբ, հիմա կկարողանա՞ ինչ-որ բան անել։

– Իհարկե, եղավ վստահության անկում, և հույսեր ոչ մեկի հետ չպետք է կապել, միակ հույսն էսօր ժողովուրդն է, որի համար այս վարչախումբը արհեստական, նպատակադրված ձևով պայմաններ է ստեղծում, որ թողնեն-գնան, որովհետև էս իշխող զույգի՝ Քոչարյան-Սարգսյան տանդեմի հիմնական պրոբլեմը ժողովուրդն է, քանի որ իրենք երկուսն էլ լավ էլ խաղում են դրսի հետ՝ և Արևմուտքի, և Ռուսաստանի, դրա համար ուզում են ժողովրդին արտամղել, քանի որ ժողովուրդն իրենց լիցքաթափում է։ Ուստի, պատահական չէ Տիգրան Սարգսյանի ասածը, որ «ի՞նչ անենք, թողնենք մնան, որ կրիտիկական մասսա՞ հավաքեն»։ Սրանք պատահական ասված խոսքեր չեն, սա լրիվ իրական է, ուղղակի երևի ինչ-որ ազդեցության տակ արտաբերել է նա։

– Փաստորեն, ոչ իշխանական քառյակի գործունեության գլխավոր ինտրիգը մնում է այն, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած, ականջները երևո՞ւմ են նրանց հետևում, թե՞ ոչ։ Բայց եթե այդ քառյակում որոշ ուժեր կամ դեմքեր դեմ չեն, որ Քոչարյանը լինի իրենց թիկունքում, ապա ՀԱԿ-ում, օրինակ, Արամ Մանուկյանը Քոչարյանի անունը տալ անգամ չի ուզում։ Ո՞նց հասկանանք սա։

– Լավ, բայց, ինչ է, Արամ Մանուկյանից կամ թեկուզ Լևոն Զուրաբյանից որևէ բան կախվա՞ծ է։ Բոլոր դեպքերում, նրանցից յուրաքանչյուրին հրահանգավորված է որևէ գիծ առաջ տանել, դա իրենց սեփական գիծը չէ, որ տանում են, դրա համար պետք է նայել՝ ո՞րն է ՀԱԿԿ-ի ընդհանուր վեկտորի ուղղությունը։ Մարտի 1-ին ոչ մի խոսք չեղավ Մարտի 1-ի այդ ջարդերի հիմնական հրաման տվողի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի մասին, ընդհակառակը, մարտի 1-ին իր կողմից տրամադրված որոշակի զինամթերքով ու հագուստով մասնակցություն ունեցած Գագիկ Ծառուկյանին Լևոն Տեր-Պետրոսյանը համեմատեց Իվանիշվիլու հետ, էդ բոլորը ոչ մի բան չի՞ ասում։ Հայաստանում բոլորն էլ գիտեն, թե դա ինչ է նշանակում։

-Եվ վերջին հարցը. Ձեր կարծիքով՝ ո՞րն է այսօր Հայաստանում իսկական ընդդիմադիր ուժը, որին չի կարելի մեղադրել իշխանության հետ տարբեր խաղերի կամ գործարքների մեջ։

– Իսկական ընդդիմադիր ուժ ասվածը հարաբերական է և համեմատության մեջ պետք է դիտարկել։ Պետք է նայել, թե վերջին 15 տարվա ընթացքում՝ 1999 թվականից հետո ստեղծված իրավիճակում ով ինչպես է իրեն պահել, ոնց են աշխատել ժողովրդի հետ կամ ոնց են խաբել ժողովրդին։ Բարեբախտաբար, կան էն ուժերը, էն մարդիկ, ովքեր կարող են այսօր համախմբվել ժողովրդի առանցքի շուրջ և հստակ պրոցես իրականացնել, և իշխանությունները՝ վարչախումբը, վախենում են հենց դրանից։ Բայց հիմա անուններ թվարկելը, կարծում եմ, սխալ կլինի, այդ անունները հայտնի են։ Ընդդիմադիր ուժը չի կարող լինել օլիգարխ, չի կարող լինել միլիարդատեր, չի կարող սափրագլուխների բանդա ունենալ։ Այնպես որ, նայեք մեր քաղաքական ուժերի ցուցակները ու կհասկանաք՝ որն է ընդդիմադիր, որը՝ ոչ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս