Սկանդալ համաժողովի ժամանակ. Ակտիվիստը բնապահպանության նախարարին պղտոր ջուր առաջարկեց. (տեսանյութ)
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. Հնարավորություններ եւ մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովից առաջ մի խումբ ակտիվիստներ պաստառները ձեռքներին հավաքվել էին հյուրանոցի դիմաց` պահանջելով թույլ տալ իրենց մասնակցել համաժողովին: Պաստառների վրա գրված էին. «Հանքակեր, մարդակեր», «Hands Off Armenia» (ձեռքներդ հեռու Հայաստանից), «You mine, we die» (դուք արդյունահանում եք, մենք մահանում ենք) եւ նմանատիպ խորագրեր հայերեն եւ անգլերեն լեզուներով:
Նշենք, որ կենֆերանսը կազմակերպված է ՀՀ Կառավարության եւ Համաշխարհային բանկի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Կանադայի դեսպանատների աջակցությամբ:
Համաժողովին մասնակցող գերմանիայի մասնակիցը, տեսնելով ակտիվիստներին, խնդեց անվտանգության աշխատողին թույլ տալ նրանց ներս մտնել:
Նշենք, որ հյուրանոցի ներսում էլ անվտանգության աշխատակիցների ու ակտիվիստների միջեւ բախումեր եղան, քանի որ աշխատակիցները թույլ չէին տալիս, որ ակտիվիստները մտնեն այն սրահը, որտեղ պետք է տեղի ունենար համաժողովը:
Ակտիվիստներից Աննա Շահնազարյանը Բնապահպանության Նախարար Արամ Հարությունյանին Հայաստանի գետերի ջուրն առաջարկեց խմել` ասելով, որ այդ ջուրն են օգտագործում հայ գյուղացիները:
Բնապահպանության նախարարը դուրս եկավ սրահից եւ պատասխանեց լրագրողների հարցերին: Ա. Հարությունյանն ասաց. «Ես գտնում եմ, որ այս միջոցառումը շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք քննարկել հանքարդյունաբերությանը վերաբերող խնդիրները եւ, բնականաբար, զուգահեռաբար այս բոլոր խնդիները կապենք պահպանվող տարածքների շահագործման արդյունավետության հետ»
Նա ասաց, որ ակտիվիստների նման դրսեւորումներն ունի միայն մեկ նպատակ` կատարել ինչ որ մեկի պատվերները:
Աննա Շահնազարյանն էլ նշեց, որ խնդիրն այն է, որ այստեղ ողջամիտ ռեսուրսների օգտագորման մասին խոսք գնալ չի կարող. «Այդ թափոնները հիմա թափվում են Հայաստանի գետերն եւ լճերը: Այս խայտառակ իրավիճակում, որ կարելի է վերցնել բոլոր խնդիրները եւ լուծել, հետո հանսնեն նրան թե ինչ պրակտիկայով եւ ինչ տեխնոլոգիաներով պետք է բարելավել գործող հանքարդյունաբերող ընկերությունների պրակտիկան, իրենք հիմա եկել են այստեղ, սկսել են ինչ-որ անպատասխանատու հանքարդյունաբերությունից խոսել»:
Անի Քեշիշյան