Հայ մեծահարուստների դժբախտությունը
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բիլ Գեյթսը, որոշել է 76 մլրդ դոլար գնահատվող իր կարողությունը կտակել կնոջ հետ հիմնադրած «Bill & Melinda Gates» բարեգործական հիմնադրամին: «Երեխաները պետք է հասկանան, որ պետք է աշխատել, և, որ աշխատանքը պետք է լինի կարևոր: Նրանք ազատ են իրենց գործողություններում, կարող են զբաղվել այն ամենով, ինչով կցանկանան, սակայն նրանց մոտ դրամական ջրվեժ չի լինի, որը թույլ կտա զբաղվել անգործությամբ»,- իր այդ որոշումը ներկայացնելով՝ հայտարարել է երեք երեխաների հայր Բիլ Գեյթսը:
Եթե Հայաստանում հարցում անցկացվի, թե ինչպես են գնահատում Գեյթսի այս քայլը, մասնակիցների մեկնաբանությունները, ամենայն հավանականությամբ, հրապարակման ենթակա չեն լինի: Հայ մեծահարուստների մեծ մասը Գեյթսին, լավագույն դեպքում, կորակի՝ որպես «հարիֆ» կամ «քծիբ», մեծահարուստ դառնալ ցանկացողների գերակշիռ մասը կհայտարարի, որ դա շոու է, իսկ եթե դա իսկապես եղել է, ուրեմն այդ մարդը հիվանդ է: Տարբերակները կարելի է շարունակել: Սակայն բոլորը՝ ավելի կամ պակաս գռեհկաբանությամբ կարտահայտեն մեր հասարակության մեջ փողի, հարստության նկատմամբ առկա վերաբերմունքը: Մարդիկ ցանկանում են հարուստ ու բարեկեցիկ կյանք ունենալ աշխարհի բոլոր երկրներում, այդ ցանկությունն է դարձել մարդկության, քաղաքակրթության զարգացման շարժիչ ուժը: Բայց տարբեր հասարակություններում այդ ցանկությունն իրականացման միանգամայն տարբեր ձևեր ունի: Մեծ հաշվով, հասարակությունների «բարոյականության» աստիճանը կարելի է որոշել նաև նրանով, թե դրանում ապրող մեծահարուստները որքանով են խտրություն դրել հարստության հասնելու միջոցների մեջ՝ եթե ոչ՝ Քրեական օրենսգրքի, ապա՝ համակեցության, բարոյականության տարրական կանոնների պահպանման իմաստով:
Հայաստանում փողը, հարստությունը բացարձակ, անքննելի, անառարկելի արժեքներ են: Դրան ձգտում են, ըստ էության, բոլորը՝ հարուստները, ովքեր ցանկանում են ավելի հարստանալ, միջին խավի ներկայացուցիչները, ովքեր ուզում հարստանալ գոնե հարուստների չափ, աղքատները, ովքեր մտածում են գոնե միջին խավի չափ հարուստ դառնալու մասին: Այս ցանկությունը, կրկնում ենք, միանգամայն առողջ է: Անառողջ կլիներ դրա բացակայությունը:
Սակայն պետք է ազնվություն ունենանք և խոստովանենք, որ այս նպատակին հասնելու միջոցների մեջ խտրություն չդնելը բնորոշ է գրեթե բոլորիս՝ և՛ հարուստներին, ովքեր հայկական չափանիշներով անպատկերացնելի կարողություն ունեն, և՛ նրանց, ովքեր դժվարությամբ են վաստակում հանապազօրյա հացը: Մեր հասարակությունը չունի, այսպես կոչված, ազնվության կամ բարոյականության զտման ներքին չափանիշներ, որոնք նորմալ հանրույթներում շատ ավելի ազդեցիկ են, քան գրված օրենքներն ու սահմանադրությունները:
Նման չափանիշների առկայության դեպքում բոլորի կողմից խոսակցությունների մակարդակում քննադատվող բացասական երևույթների կրողները՝ կաշառակերները, անազնիվ պաշտոնյաներն ու անազնիվ կանոններով շահույթներ ստացող գործարարները, գոնե ինչ-որ չափով կմերժվեին հասարակության կողմից՝ այդ բառի լայն իմաստով, առնվազն դրանց չընդօրինակելու իմաստով: Մինչդեռ մեզանում միանգամայն հակառակ պատկերն է: Մենք խոսակցությունների մակարդակում քննադատում ենք անազնիվ պաշտոնյային, կաշառակերին, գողականին ու անմարդկային մեթոդներով աշխատող ոստիկանին և այլոց, սակայն մեր ծնունդների ու հարսանիքների ժամանակ նրանց նստեցնում ենք ամենապատվավոր տեղում, հոտնկայս խմում ենք նրանց կենացը: Այսինքն՝ մենք ֆետիշացնում ենք փողը՝ այն գերակայելով մնացած բոլոր արժեքներին:
Պետք է ազնիվ լինենք ու խոստովանենք նաև, որ իրականում մեր խնդիրները թաքնված են հենց այդտեղ, մեր մղումներում, մեր ձգտումներում, որոնց մասնավոր արտահայտություններին ականատես ենք լինում հարստահարող պաշտոնյայի ու նրա հետ գործարքի գնացող ընդդիմադիրի գործողություններում:
Նման արժեհամակարգով ապրող հասարակության մեջ Բիլ Գեյթսի քայլը կարող է և հաստատ կարժանանա, լավագույն դեպքում, քամահրանքի ու հեգնանքի: Մինչդեռ աշխարհի ոչ միայն ամենահարուստ, այլև ամենախելացի մարդկանցից մեկը վստահաբար բավարար չափով կշռադատել է իր որոշումը և հաստատ մտածել է իր զավակների բարօրության մասին:
Հայերս սիրում ենք մեզ համոզել, որ աշխարհում ամենաերեխայասեր ազգն ենք: Բայց դա ավելի շատ մեր բարդույթները մեր երեխաների միջոցով հաղթահարելու՝ մեր հավաքական անկարողության ենթագիտակցական քայլերն արդարացնող ինքնախաբեություն է: Բոլոր ազգերն էլ սիրում են իրենց երեխաներին գոնե այնքան, որքան սիրում ենք հայերս: Պարզապես բոլորը չէ, որ երեխաների երջանկությունը համարում են միայն ու բացառապես փողը: Գեյթսի հայտարարությունը, որ «աշխատանքը պետք է լինի կարևոր», աշխարհայացք է, մտածողություն՝ աշխատանքը՝ որպես մարդու ստեղծագործ էության դրսևորում արժևորելու մտածողություն:
Հայաստանում որևէ մեկի մասին դրական բնորոշումների թվում ամենաշատը կարելի է հանդիպել «երեխեքին, թոռներին ու ծոռներին… մինչև յոթ պորտ ապահովել ա» արտահայտությանը: Չնայած, որպես կանոն, նման հոգատար ծնողների երեխաները կյանքում, չնչին բացառություններով, դրսևորում են այնպիսի վարքագիծ ու կենսակերպ, որն ընդհանրական ձևակերպմամբ անվանում ենք դեսպոտիզմ, բայց դա չի խանգարում մեզ սերնդեսերունդ մտածել «մինչև յոթ պորտ» ապահովելու մասին:
Վերջերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել էր մի ցուցանիշ, որը որևէ այլ հասարակությունում կդառնար քննարկման, մտահոգությունների, վերլուծությունների գլխավոր թեման. Հայաստանում մինչև 55 տարեկան 65 հազար հարցվածներից միայն 10-ն են ասել, որ իրենց լիարժեք երջանիկ են համարում: Իսկ ըստ համաշխարհային վիճակագրության՝ Հայաստանը 190 երկրների շարքում երջանկության ցուցանիշով զբաղեցնում է 80-րդ տեղը: Այսինքն՝ մենք դժբախտ մարդկանց հասարակություն ենք: Որովհետև Հայաստանում երջանկության չափանիշները գրեթե հավասարեցված են հարստությանը:
Բայց մարդկության պատմությունն ապացուցել ու շարունակում է ապացուցել, որ լինել հարուստ՝ չի նշանակում՝ լինել երջանիկ, և հակառակը՝ կարելի է երջանիկ լինել՝ նաև հարուստ չլինելով: Դա, բնականաբար, ինքնին չի նշանակում՝ աղքատության ձգտում: Պարզապես հարստությունը պետք է լինի գործիք, միջոց և ոչ թե՝ նպատակ, որպիսին է՛ մեզանում:
Հարստությունն առաջին հերթին՝ անկախ ապրելու, ազատության հնարավորություն է: Կա՞ն Հայաստանում ավելի անազատ ու ավելի կախյալ մարդիկ, քան մեծահարուստները: Երբևէ լսե՞լ եք, որ մեծահարուստներից որևէ մեկը սեփական կարծիք հայտնի՝ առանց «վերադասի» հետ համաձայնեցնելու: «Վերադասը» Հայաստանում գործող իշխանությունն է, այն մարդը կամ մարդկանց խումբը, ով կարող է և՛ աջակցել հարստանալուն, և՛ զրկել հարստությունից: Ու պատահական չէ, որ սեփական երկրում անկախությունից ու ազատությունից զրկված այդ մեծահարուստների մեծ մասը կողմ է արտահայտվում (ոչ միայն պարտադրված, այլև կամավոր) Հայաստանն անկախությունից ու ազատությունից զրկող քայլերին, ինչպես, ասենք, Մաքսային միությանն անդամակցությունը:
Ասում են, որ Հայաստանում իրենց երջանիկ չեն զգում անգամ ամենահարուստները, որոնք, բնականաբար, չեն մասնակցել Ահարոն Ադիբեկյանի հարցախույզին: Պատճառը, թերևս, այն է, որ Հայաստանում և Հայաստանի նման երկրներում փողը չի կատարում բառի լայն իմաստով՝ կյանքն ավելի լավը դարձնելու գործառույթ: Հայաստանի պաշտոնյա և ոչ պաշտոնյա մեծահարուստների համար փողն ունի միայն մի ֆունկցիա՝ աճելը, ավելի շատ աճելը, կրկին աճելը, և այդպես շարունակ:
Հայաստանում, ի տարբերություն քաղաքակիրթ երկրների, մեծահարուստ դառնում են ոչ թե ինտելեկտով, նորարարությամբ, մտքով, այլ անասելի զրկանքների գնով՝ ավելի հարուստի կամ ավելի բարձրաստիճանի առաջ նվաստանալով, քծնելով, արժանապատվությունը վաճառելով: Դրա համար, ի տարբերություն Գեյթսի, մեր մեծահարուստներն իրենց երեխաներին փոխանցում են ոչ թե աշխատանքը գնահատելու պատգամը, այլ «քրտինքով վաստակածը»՝ չցանկանալով, որ երեխաները ստիպված լինեն հարստանալու համար անցնել իրենց անցած ճանապարհով:
Հայերը, այնուամենայնիվ, ավելի շատ են սիրում իրենց երեխաներին:
Հարություն Ավետիսյան