Զախարովայի փոքրիկ ակնարկը․ ի՞նչ է առաջարկել Թրամփը

Հարավային Կովկասում, հարավկովկասյան երկրներում և միջազգային սփռում ունեցող որոշ պարբերականներում շարունակում են ակտիվորեն քննարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունները։

Կողմերին արված ԱՄՆ առաջարկի մասին երկարատև խոսակցություններից հետո հուլիսի 19-ին եղավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունը. ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ նա հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը: «Հայաստան, Ադրբեջան… Մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խոսքը խաղաղության համաձայնագրի մասին է։- Ա.Մ.) արդեն մոտ է հանգուցալուծմանը»,- ասել էր Թրամփը։

Այն, որ ամերիկյան վարչակազմը ձեռքերը ծալած նստած չէր, պարզ էր առնվազն տևական ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների, այդ թվում՝ անձամբ պետքարտուղար Ռուբիոյի արած մեկնաբանություններից, որ ԱՄՆ-ը սպասում է կողմերի միջև համաձայնագրի կնքմանը։ Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ նաև, որ ԱՄՆ-ը կողմերին ապաշրջափակման հարցի վերաբերյալ է առաջարկ արել՝ մասնավորապես Ադրբեջանը Նախիջևանին Սյունիքով կապող երթուղու հարցով, որը պաշտոնական Երևանն անվանում է «Խաղաղության խաչմերուկ», իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝ «Զանգեզուրի միջանցք»։

Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, ԱՄՆ առաջարկի էությունը կայանում է երթուղին 1 դարով վարձակալելու մեջ, այլ մանրամասներ չկան։

Կարդացեք նաև

Չեն տրվում նաև հետևյալ հարցերի պատասխանները, թե ի՞նչ խողովակով, ինչպե՞ս է առաջարկն արվել, ո՞րն է առաջարկի էությունը, ինչպե՞ս է տեղի ունենալու վարձակալությունը, ի՞նչ է դա ենթադրելու, ի՞նչ գործառույթներ է իրականացնելու ամերիկյան կողմը,  և ինչպե՞ս է առաջարկվող մոդելը կանխելու ռեգիոնալ ու հայաստանյան անվտանգային  բազմաշերտ ռիսկերը, թե ինչ «հրաշք է գործել» ԱՄՆ-ը Հարավային Կովկասում։ Այս մանրամասների մասին կողմերից որևէ մեկը չի խոսում, թեև թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Բաքուն կարծես չեն հերքում, որ ԱՄՆ-ը աշխատում է, առաջարկ է արել։ Իր վերջին ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ որոշ հանգամանքների, սակայն կցկտուր՝ առանց հստակեցման։

«Կարո՞ղ եմ ասել, որ մենք այս պահին համաձայնություն ունենք։ Չեմ կարող ասել։ Կարո՞ղ է լինել համաձայնություն։ Կարող է»,- նկատել էր նա։

Իլհամ Ալիևն օրերս անգամ գովերգել էր Թրամփի ջանքերը Հարավային Կովկասում։ Այս պահին պաշտոնապես կողմերը միայն արձանագրում են, որ կանգնած են իրենց նախկին դիրքորոշումներին՝ Երևանը պնդում է, որ կարող է լինել երթուղի, պահպանելով հայտարարված երեք սկզբունքները, իսկ Բաքուն պնդում է, որ ադրբեջանցին երթուղով անցնելիս հայ սահմանապահի չպետք է հանդիպի, որին ի պատասխան՝ Երևանն էլ պնդում է, որ դա հնարավոր չէ։

Թեև հարկ է նաև հիշեցնել, որ վերջերս օկուպացված Ստեփանակերտից Թուրքիա մեկնելու ճանապարհին Թուրքիայի ղեկավար Էրդողանն ընդգծել էր, թե չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ նա ցույց է տալիս ավելի ճկուն դիրքորոշում՝ ելնելով տարածաշրջանի տնտեսական ինտեգրման շահերից։ Փաշինյանն էլ պնդում է, որ հայկական կողմն իր սկզբունքներից չի հրաժարվել, պարզապես «միջանցք» որակումը միջազգայնորեն ընդունված տերմինաբանություն է, որից «վեր թռնել» պետք չէ։

Այս անորոշության ֆոնին այսօր ուշագրավ էին թեմայի վերաբերյալ արձագանքները Ռուսաստանից, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո կոորդինացնում էր ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովը՝ Երևան-Բաքու-Մոսկվա փոխվարչապետների մակարդակով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր, կարելի է ասել, ստանդարտ անդրադարձ արեց՝ հայտարարելով, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է։

«Դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է։ Մենք թե՛Բաքվին, թե՛Երևանին մաղթում ենք որքան հնարավոր է շուտ հասնել պայմանագրի ստորագրմանը»,- ասաց Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին։

Առավել ուշագրավ էին այսօր ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հնչեցրած մեկնաբանությունները։

Նրա խոսքի ընդհանուր էությունն այն էր, որ Արևմուտքը ցանկանում է Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացը տեղափոխել «իր ռելսերի» վրա, ինչը կարող է տարածաշրջանում անհավասարակշռության հանգեցնել։ Այս միտքը Զախարովան ամենևին էլ առաջին անգամ չէր հայտնում։  Նա հերթական անգամ ասաց, որ ռուսական կողմի տվյալներով, Արևմուտքի իրական դրդապատճառները  հերթական բարի մտադրությունների տակ «թաքնված  զուտ կոնյունկտուրային խնդիրն է»:

«Արևմուտքը ցանկանում է հայ-ադրբեջանական կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային հարթությունից, երբ հարավկովկասյան երկու երկրներ փորձում են ինքնուրույն գալ կառուցողական, կոնսենսուսային լուծումների՝ իրենց անմիջական հարևանների աջակցությամբ, որոնց հետ իրենք են ապրում, և որոնք բազմիցս աջակցել են նրանց հաշտեցմանը կամ կոնֆլիկտային իրավիճակների լուծմանը՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։

Արևմտամետները նպատակ ունեն Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացը տեղափոխել իրենց ռելսերի վրա։ Թե ուր են սովորաբար տանում այդ ռելսերը, մենք  գիտենք»,- շեշտեց Զախարովան։

Խոսելով Վաշինգտոնի առաջարկի մասին՝ նա նշեց, որ ամերիկացիներն ասում են, թե իբրև  իրենք ունեն հարցի աննախադեպ լուծում։

«Իրականում ոչ մի նոր բան, բացի նրանից, ինչ արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, նրանք առաջարկել չեն կարող։ Ուստի այստեղ էլ անազնվություն կա»,- այսօր  հայտարարեց Զախարովան։

Այստեղ հարկ է հիշեցնել, որ ռուսական հարթակում քննարկվում էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը։ Դրանում մասնավորապես ասվում էր․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»։

Վերջին տարիների ընթացքում ռուսական կողմը, ի պատասխան մեղադրանքների, թե Հայաստանից ՌԴ-ն է միջանցք պահանջում, ընդգծում էր, որ եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին խոսքը չկա և չի կարող լինել։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն արձագանքելով այդ մեղադրանքներին՝ նշում էր, թե  Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող խմբի գրեթե երկու տարվա աշխատանքի արդյունքում մշակվել է մի սկզբունք, որը հիմք է հանդիսացել այդ ռեժիմի սահմանման մոտեցումների համար՝ «ճանապարհի նկատմամբ ինքնիշխանությունն իրականացվում է այն երկրի կողմից, որի տարածքով այդ ճանապարհն անցնում է»։

Նա պարզաբանում էր, որ եթե ճանապարհն անցնում է հայկական տարածքով, ապա դա հայկական ճանապարհ է, եթե ադրբեջանական ճանապարհով՝ ադրբեջանական։

Սակայն իր վերջին ասուլիսի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում, այդ թվում՝ առկա տեքստի (նոյեմբերի 9-ի հայտարարություն) մեկնաբանության շուրջ որոշակի տարընթերցումների, նաև պրակտիկ որոշակի խնդիրների պատճառով։ «Ուղիղ ասենք՝ որոշակի անվստահության պատճառով»,- ընդգծել էր Փաշինյանը։

Սակայն այս պայմաններով ռուսական այս առաջարկը մերժվեց՝ ճանապարհ բացելով արևմտյան առաջարկների համար, որոնց մանրամասները չեն բացահայտվում։ Այս ամենի ֆոնին Զախարովայի ակնարկն այն մասին, որ ԱՄՆ-ը նոր բան չի կարող առաջարկել, ուշագրավ է թվում։

Չի բացառվում, որ Զախարովան պարզապես դիվանագիտական ձևակերպում է անում, չի բացառվում նաև այն, որ ռուսական կողմը տիրապետում է տեղեկատվության, որից ելնելով էլ՝ ակնարկում է, որ ամերիկյան առաջարկն ըստ էության այն է, ինչ առաջարկվում էր կողմերին ռուսական հարթակում ռուսական միջնորդությամբ։

Եթե իրավիճակն իսկապես այնպես է, ինչպես ՌԴ ԱԳՆ-ն է ներկայացնում, ապա կողմերի խնդիրը ոչ թե նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում առկա ձևակերպումներն էին, երթուղու կարգավիճակն ու պայմանները, ռուս սահմանապահների ներկայության հարցը, այլ այն, որ չլինի ռուսական միջնորդություն՝ դրանից բխող հետագա բոլոր հետևանքներով, այդ թվում՝ ապաշրջափակման հարցով։

2024 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» համաժողովի իր ելույթում Փաշինյանը հանգամանալից անդրադարձավ նոյեմբերի 9-ի հայտարարության, իր խոսքով, մեկնաբանություններին։

Նա նշում էր, թե վերջին շրջանում քննարկումներն ակտիվացել են, և այդ քննարկումներում փորձ է արվում ներկայացնել, թե 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր:

«Ես պիտի միանգամից ասեմ, որ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,- հստակեցնում էր Փաշինյանը, շարունակելով, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում անվտանգության գործառույթը և անվտանգության երաշխավորի դերը ՀՀ տարածքով տարածաշրջանային կոմունիկացիաների բացման՝ վերապահվել է Հայաստանի Հանրապետությանը: Նրա որակմամբ, սա բաց, հրապարակային, հասկանալի տեքստ է, և այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև անտրամաբանական է, որ ինքնիշխան երկրի տարածքում որևէ այլ երկիր պիտի ապահովի անվտանգությունը:

«Ընդհանրապես, ես ձեզ ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հղում անելով, որոշ միջազգային գործընկերներ փորձում են ներկայացնել այն, ինչ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ:

Օրինակ՝ ի՞նչ չկա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Չկա, որ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն: Նման դրույթ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես չկա: Այսինքն, կրկնում եմ՝ դա հրապարակային փաստաթուղթ է, ես հրավիրում եմ բոլորին փնտրել, գտնել և գտնելու դեպքում, դեմ չենք նաև, մեզ տեղեկացնել, բայց պիտի արձանագրեմ, որ նման դրույթ գոյություն չունի: Ասում եմ, որպես մի մարդ, ով ստորագրել է այդ թուղթը: Չկա որևէ դրույթ, որը կնշանակի, որ Հայաստանի Հանրապետության իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում որևէ կերպ պետք է սահմանափակվի՝ մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական և այլ հսկողությունների առումով: Նման դրույթ պարզապես գոյություն չունի և չէր էլ կարող ունենալ»,- նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ նշում էր Փաշինյանը, թեև ռուսական կողմը խնդիրը չէր ձևակերպում միջանցքային տրամաբանության շրջանակում։

Այս հղումները կարևոր են, հաշվի առնելով, որ ներկայումս Երևանի ու Բաքվի օրակարգում չկան ռուսական առաջարկները, սակայն կա Վաշինգտոնի առաջարկը, որի հստակ պայմանները հասարակության լայն շրջանակներին չեն ներկայացվում։

Սակայն Փաշինյանն այլևս նախկինի նման էմոցիոնալ չէ՝ և՛ «միջանցք» տերմինի կիրառությունն է հիմնավորում, և՛ արտապատվիրակման մշակույթն է պրոպագանդում․․․

Տեսանյութեր

Լրահոս