ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը դատապարտեց «Սվոբոդա» կուսակցության անդամների գործողությունները

«Մայդանի» հեղափոխության և ուկրաինական իրադարձությունների համատեքստում Ուկրաինայում ազգայնական կազմակերպությունների և քաղաքական ուժերին, թերևս, ամենաշատը սիրում են անդրադառնալ ռուսաստանյան պետական լրատվամիջոցները, թեև այս դեպքում` դա ավելի շատ նման է հակաքարոզչության, քան լուսաբանման:

Ռուսական պետական քարոզչությունը նրանց ներկայացնում է որպես «ծայրահեղականներ», «ուլտրաազգայնականներ» և «ֆաշիտներ», ովքեր «Մայդանի» հիմնական դերակատարներն են և ռուս վերլուծաբանների ու լրագրողների կարծիքով` հենց նրանք են գրավել իշխանությունը: Ուկրաինայից սա համարում են ապատեղեկատվություն և կեղծ քարոզչություն, ուկրաինացիները հայտարարում են, որ ազգայնականությունը և ծայրահեղականությունը երբեք չի եղել «Մայդանի» գաղափարախոսությունը:

Այդուհանդերձ, չնայած քարոզչական պատերազմին և իրական փաստերը ճշմարտանման կեղծիքից տարանջատելու որոշակի դժվարություններին, Վիկտոր Յանուկովիչի տապալումից հետո Ուկրաինայում ազգայնական ուժերը, մասնավորապես` «Աջ սեկտոր» կազմակերպությունը և խորհրդարանում ներկայացված «Սվոբոդա» («Ազատություն») կուսակցությունը բավական ակտիվ են և շատ հաճախ, օգտվելով կենտրոնական իշխանության թուլությունից կամ բացակայությունից, հեշտորեն անցնում են օրենքի սահմանները:

Նմանատիպ ամենաթարմ դեպքը գրանցվեց օրերս, երբ «Ազատության» մի խումբ անդամներ ծեծի ենթարկեցին Ուկրաինայի կենտրոնական հեռուստաընկերության տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովին ( տեսանյութը` այստեղ.)` «Մայդանի» իրադարձությունների ժամանակ հեռուստաեթերում սերիալներ ցուցադրելու և Ղրիմը Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելու գործընթացը հեռարձակելու համար: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը դատապարեց այս միջադեպը, իսկ Ուկրանայի գլխավոր դատախազությունում դեպքի կապակցությամբ հարուցվեց քրեական գործ:

Այսօրվա ասուլիսում Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայից 168.am-ը հետաքրքրվեց՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ուկրաինայում օրենքով արգելվի ազգայնական կուսակցությունների գործունեությունը: Դեսպանը մեր հարցին այսպես պատասխանեց. «Դե, օրենքից դուրս գտնվող բոլոր կազմակերպությունների գործունեությունն, իհարկե, կարգելվի, և նրանք իրավունք չունեն գոյություն ունենալու: Ինչ վերաբերում է այդ միջադեպին, որը տեղի է ունեցել Կիևում` Ուկրաինայի «Ազգային հեռուստաընկերությունում», ուզում եմ ասել, որ, այո´, դա մեծագույն խայտառակություն է Ուկրաինայի համար: Միայն այդպես կարող եմ բնորոշել, որովհետև քաղաքակիրթ մարդիկ այդպես չեն վարվում մարդկանց, առավել ևս` լրագրողների հետ: Եվ դուք գիտեք, որ սա դատապարտել է թե´ Ուկրաինայի վարչապետը, թե´ ներքին գործերի նախարարը: Կարծում եմ` նրանք այդ միջադեպի համար համապատասխան պատիժ կստանան, և այդ պատիժը պետք է խիստ լինի, որովհետև այդպես չի կարելի վարվել… Ես Ձեզ հետ բացարձակապես համաձայն եմ, որ սա մեծապես վնասում է Ուկրաինայի հեղինակությանը»:

Ավելացնենք, որ Ուկրաինայի դեսպան Կուխտայի այս պատասխանից մի քանի ժամ անց հայտնի դարձավ, որ նույն «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը, Ուկրաինայի Գերագույն ռադայի այսօրվա նիստում անդրադառնալով Ղրիմի հարցի վերաբերյալ ՀՀ նախագահի հայտնած դիրքորոշմանը, հայտարարել է, թե անհրաժեշտ է անհապաղ ետ կանչել Հայաստանում, ինչպես նաև Ղազախստանում Ուկրաինայի դեսպաններին:

Հայաստանում Ուկրաինայի դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, թե Իվան Կուխտան դեռ Երևանում է:

Տեսանյութեր

Լրահոս