Կոնստանտին Կալաչով. ՌԴ-ին դժվար կլինի հակադրվել, եթե այժմ Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ
Հարցազրույց Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար
Կոնստանտին Կալաչովի հետ
– Պարոն Կալաչով, վերջին հարյուրամյակի ընթացքում Եվրոպայի քարտեզն այսքան կտրուկ չէր փոխվել: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը:
– Բոլորը հիանալի հասկանում են ԽՍՀՄ-ի ժամանակ նկարված սահմանների ամբողջ կեղծ վարպետությունը: Կա սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, կա նաև ազգերի ինքնորոշման իրավունքը, որից օգտվել է նաև Արցախի ժողովուրդը: Ես իրականում սահմանների անձեռնմխելիության սկզբունքի կողմնակից եմ, բայց կարիք չկա դեմ գնալ իրականություն դարձած փաստերին: Այժմ եթե կան ռուսներ, որ չեն ուրախանում Ղրիմի վերադարձման առթիվ, ապա նրանք սիրտ չունեն, իսկ եթե կան ռուսներ, որ չեն հասկանում, թե ինչ ծանր հետևանքներ կունենա Ռուսաստանի համար Ղրիմի միավորումը, ապա նրանք հիմար են:
Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններն այսպիսով սրվեցին շատ երկար տարիներ, գուցե դա տևի սերունդներ շարունակ: Ռուսաստանը և Ուկրաինան հիմա նման են Հայաստանին ու Ադրբեջանին: Մենք դեռ խոսում ենք Ուկրաինայի հետ սիրո և ընկերության մասին, բայց դա երկար չի տևի: Ես լիովին վստահ եմ, որ ոչ մեկն իրականության վրա մենաշնորհ չունի, և յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Եթե Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Ռուսաստանն այնքան հզոր է, որ հանդես գա ուժի դիրքերից և դեմ դուրս գա ողջ միջազգային հանրությանը, ապա դա իր իրավունքն է՝ հաստատված մեծամասնության քվեով:
Ես ավելի հակված եմ ծայրահեղությունների մեջ չընկնել և հասկանում եմ, որ ՌԴ-ին շատ դժվար տարիներ են սպասվում, ընդ որում՝ այս ամենի իրական հետևանքներն ավելի ուշ կզգացվեն: Եվրոպան ինքը կարիք ունի ժամանակի` ռուսական էներգակիրներին փոխարինող գտնելու համար, բայց ՌԴ-ին` որպես վստահելի գործընկերոջ, շատերը կդադարեն ընդունել: Մյուս կողմից` շատ այլ երկրներ և մարդիկ ողջունում են, որ որևէ մեկը համարձակվեց ձեռնոց նետել ԱՄՆ-ին, ցուցադրեց իր ուժը, և Պուտինին համակրում են շատերը` ոչ միայն ՌԴ-ում: Այնպես որ, իրավիճակի գնահատականը միանշանակ չէ:
– Այժմ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի վերաբերմունքը շատ կտրուկ է ՌԴ-ի հանդեպ, հարց է բարձրացվում ՄԱԿ-ի Միջազգային դատարան դիմելու մասին, ԱՄՆ-ը որոշել է սառեցնել ռուս պաշտոնյաների հաշիվները, Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ՌԴ-ի գործողությունները չպետք է անպատիժ մնան, ԵՄ-ն հայտարարեց պատժամիջոցներ կիրառելու մասին: Ձեր կարծիքով` հետագայում ի՞նչ զարգացումներ են սպասվում:
– Խնդիրները հետզհետե կավելանան, բայց, բարեբախտաբար, Քլինթոնն ԱՄՆ նախագահը չէ, նախագահը Բարաք Օբաման է: Եթե ԱՄՆ-ը ղեկավարեր Ռոնալդ Ռեյգանը, ապա մենք արդեն կբախվեինք պատժամիջոցների ամբողջական փաթեթին: Այժմ խոսքը գնում է կիսապատժամիջոցների մասին: Առևտրային գործընկերության առումով` ՌԴ-ն ԱՄՆ-ի համար 2-րդ քսանյակում է, կա Եվրոպայի խնդիրը, այսինքն` Գերմանիայի համար էլ ՌԴ-ն շատ կարևոր է, քանի որ չի կարող առանց ռուսական գազի: Շատ մարդիկ, որոնք իրենց նախկինում համարում էին ՌԴ հավատարիմ գործընկեր, այժմ դիրքորոշումը փոխել են:
Կա նման ֆիգուրա՝ Անգելա Մերկել, ով վերջին օրերին շատ ուժեղ է փոխել իր դիրքորոշումը ՌԴ-ի նկատմամբ: Ակնհայտ է, որ խնդիրներ կլինեն, բայց մյուս կողմից՝ չկա չարիք` առանց բարիքի: Այս իրավիճակը կարող է Ռուսաստանին ստիպել իր հույսը դնել ներքին ռեսուրսների վրա, և ոչ թե միայն նավթ ու գազ մատակարարել: Այսինքն՝ հարց է բարձրանում տնտեսության դիվերսիֆիկացման, սեփական գյուղատնտեսության զարգացման, ներմուծման փոխարինման մասին: Այսինքն՝ ինչ-որ բան եթե մեկին վնաս է, մյուսին օգուտ է:
Եվս մեկ ոչ պակաս կարևոր փաստ` Արևմուտքը չի ցանկանում, որ ռուսաստանցիները սևեռվեն Արևմուտքի հանդեպ թշնամանքի թեմայի վրա: Դրա համար, կարծում եմ, որ պատժամիջոցները կրում են, այսպես ասած, «ամպային» բնույթ: Շատերը չեն սիրում ռուսական էլիտային, որոնց մենք համարում ենք ժողովրդից կտրված մարդիկ, դրա համար շատերն ուրախանում են: Բայց ինչ վերաբերում է ՌԴ ամբողջ բնակչությանը, կարծում եմ, Արևմուտքի կողմից մոտեցումն այլ է, ավելի զգուշավոր է, և նրանք չեն ցանկանա հիմք տալ թշնամու կերպար ստեղծելու համար, որպեսզի ՌԴ-ն չվերածվի Հյուսիսային Կորեայի որոշակի անալոգի, որտեղ բոլորը կուրորեն ատում են ԱՄՆ-ին: Մեզ մոտ էլ շատերը չեն սիրում Ամերիկան, բայց շատերն էլ բավականին հանգիստ և համակրանքով են վերաբերվում: Այսօրվա պատժամիջոցներն այնքան էլ վախենալու չեն:
Ավելին` ՌԴ Կենտրոնական բանկը միջոցներ է ձեռնարկել, որ Ղրիմից հետո ռուսական ռուբլին չգահավիժի, և ոչ միայն փոխարժեքը չի ընկել, այլև աճել է: Հարցն այն է, թե որքան երկար Արևմուտքն իր պնդումները կշարունակի, և ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունները երկարաժամկետ կտրվածքով ինչպես կվերանայվեն, օրինակ՝ ռուսական բիզնեսին կարգելե՞ն վարկ վերցնել միջազգային շուկաներում, ինչ-որ մեկին կդիպչի՞ էմբարգոյի թեման: Ի վերջո,՝ վաղ թե ուշ, Եվրոպան հնարավորություն կգտնի կրճատել ռուսական գազի սպառման ծավալները, իսկ դեպի Արևելք՝ Չինաստան, կողմնորոշումը ժամանակ է պահանջում, միաժամանակ Չինաստանից կախումը լավ չէ:
Այսինքն` միանշանակ է, որ խնդիրներ կլինեն, բայց դեռևս էյֆորիա կա, և հասարակությունը պատրաստ է վճարել տեղի ունեցածի համար: Խնդիրն այն է, թե որքան դա կշարունակվի, և որ գինն անընդունելի կլինի ռուսների համար:
– Այս ամենից հետո ի՞նչ քայլեր սպասել Ռուսաստանից, խոսվում է, որ հաջորդը Ղազախստանն է լինելու:
– Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ըմբռնումով է մոտենում ՌԴ-ի գործողություններին Ուկրաինայում և ղրիմցիների ինքնորոշման իրավունքին: Բայց ես կարծում եմ, որ մի կողմից` դա արվեց խաղաղությունը պահպանելու համար, քանի որ իմաստ չկա, որ Ղազախստանը վիրավորվածի դիրք բռնի նախապես, առևտրատնտեսական հարաբերություններն էլ շարունակելու են զարգանալ, բայց կարծում եմ` այժմ Ղազախստանի իշխանությունն ամեն ինչ կանի, որ երկրի հյուսիսում, որտեղ ռուսները շատ են, իրավիճակը փոխվի:
Վերջին 20 տարում Ղազախստանի քաղաքականությունն այն է, որ ղազախները մեծամասնություն լինեն երկրի շրջաններում: Կարծում եմ, ղազախները հետևություններ կանեն և այնպես կանեն, որ ռուսներն այլևս ոչ մի տեղ մեծամասնություն չկազմեն: Իրականում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ևս առիթ ունի ուրախանալու, քանի որ ինքն այլևս Եվրոպայի ամենավատ տղան չէ, ամենավատը Պուտինն է: Եվ Լուկաշենկոն դա կարող է որպես մանևրելու խաղաթուղթ օգտագործել Արևմուտքի հետ հարաբերություններում: Ի դեպ, ինչ վերաբերում է Բելառուսին, նկատեմ, որ 1926-ին Ռուսաստանից կտրեցին և Բելառուսին տվեցին Գոմելի ու Վիտեբսկի շրջանները: Պետք է պատմություն լավ իմանալ՝ ասելու համար, թե ումից ինչ են կտրել և ում տվել: Այդ դեպքում քիչ չի թվա: Բոլոր սահմանները վիճելի են, վիճելի տարածքի հարց կա նաև Ղրղըզստանի ու Ղազախստանի միջև, Ղարաբաղի մասին խոսել էլ չեմ ուզում:
– Ժիրինովսկին Ղարաբաղի հարցով արդեն արտահայտվել է, թե եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության չեն գալիս, Ղարաբաղը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ:
– Այո, նման տեսակետ էլ կա, բայց ես կարծում եմ, որ սա ամեն դեպքում մեյնսթրիմ (հիմնական ուղղություն) չէ: Այդուհանդերձ, ես կարող եմ ենթադրել, որ որևէ պահի Ադրբեջանի մոտ գայթակղությունը մեծ կլինի` հակամարտությունը լուծել ուժային մեթոդով, և պատահական չէ, որ Ադրբեջանն այդքան գումարներ է ծախսում բանակի ու սպառազինությունների արդիականացման վրա, այլ հարց է, որ ՌԴ-ի և Ղրիմի օրինակը կիրառելի չէ:
Եթե Ռուսաստանն ավելի խորը ներթափանցեր դեպի Ուկրաինա` երկրի հարավ-արևելք, շատ հնարավոր է, որ Ադրբեջանն օգտվեր առիթից, քանի որ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանին օգնություն ցուցաբերելը դժվարին կլիներ: Թեժ պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի չունեցավ, և փառք Աստծո:
– Իսկ Ձեր կարծիքով` Ղրիմի օրինակն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ղարաբաղի շուրջ իրադրության վրա:
– Ես շատ եմ շփվում ադրբեջանցի լրագրողների հետ, որոնք հոգեխանգարմունք ունեն` Ղարաբաղի թեմայի հետ կապված, և շատ կոշտ են տրամադրված Հայաստանի հանդեպ, քննարկման այլ թեմա չունեն: Հասկանալի է, որ նրանց ավելի անհանգստացնում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, և հակամարտության սրման դեպքում` ՌԴ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցությունը: Դրա պատճառով որքան ՌԴ-ն թույլ լինի, այնքան ավելի լավ` Ադրբեջանի համար, որն ավելի ագրեսիվ կդառնա: Այդ առումով հետևանքային ազդեցություն կարող է լինել:
Ղրիմի օրինակի առումով խնդիր չկա, բայց խնդիր կա այդ թեմայի շուրջ, այսինքն` կան ուղղակի և անուղղակի կորուստներ: Հետևանքները կարող են դրսևորվել ապագայում: Այժմ Ռուսաստանին դժվար կլինի հակադրվել, եթե Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ, քանի որ նախադեպ կա, և տարօրինակ կլինի, որ այն, ինչ կարելի է Ռուսաստանին, արգելվի Հայաստանին: Ղարաբաղում բնակվում են հայեր, դա նրանց տարածքն է, ինչը մեծամասամբ նաև Ղրիմում էր` ռուսների դեպքում: Դա լիովին նույն իրադրությունը չէ, բայց նմանություն կա: Մյուս կողմից` Ռուսաստանն իսկապես նախադեպ դարձավ, և մյուսները կարող են հետևել նրան, կսկսվի սահմանների վերանայում: Ռուսաստանը պնդում է, որ սա առանձնահատուկ դեպք է, և մեղավորն Ուկրաինայի ներկայիս ոչ լեգիտիմ իշխանությունն է, այլապես ՌԴ-ն չէր խառնվի, իսկ այլ իրադրությունները պետք է այլ կերպ լուծվեն:
Այստեղ, իհարկե, խորամանկություն կա: Բայց հասկանալի է, որ Ղրիմի դեպքերին հետևում է և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և հասկանալի է, որ կա ղրիմյան թաթարների խնդիրը, կա Թուրքիայի շահը, մի խոսքով` բարդ հանգույց է` Ադրբեջան, Թուրքիա, ղրիմյան թաթարներ: Օրինակ` թաթարների իրավունքների ոտնահարումը չի նպաստի ՌԴ-Թուրքիա հարաբերություններին: Ամեն դեպքում, աշխարհի դրվածքը փոխվել է, մենք արթնացել ենք նոր աշխարհում, և ետդարձի ճանապարհ չկա:
– Տեսակետ կա, որ Կրեմլը մեզ վերադարձնում է խորհրդային ժամանակաշրջան, և Մաքսային միության ինտեգրացիոն նախագիծը կարող է դրան հանգեցնել: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կարծիքներին:
– Ես համաձայն չեմ, դա այնքան էլ այդպես չէ, բայց Կրեմլն ու Պուտինը Ռուսաստանի շատ քաղաքացիների մոտ արթնացրել են նոստալգիա խորհրդային կարգերի հանդեպ: Այսօր լուր տարածվեց, որ ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը վերանվանվելու է ՏԱՍՍ` ինչպես խորհրդային տարիներին էր: Այդ կարոտախտը` մեծ տարածքի վրա մեծ երկրի հանդեպ, իհա՛րկե կա և բավականին որոշիչ դեր ունի, քանի որ Պուտինը ենթարկվում է մեծամասնության այդ կարծիքին: Այլ բան է, որ ակնհայտ է, որ կամ մենք Ռուսաստանը կառուցում ենք` որպես ռուս ժողովրդի և նրան միացած այլ ժողովուրդների ազգային պետականություն, կամ դա ԽՍՀՄ-ի մոդել է:
Տվյալ դեպքում, երբ հիշում ենք և հղում ենք անում միայն ռուսների իրավունքների մասին, դժվար է համեմատել ԽՍՀՄ-ի հետ, քանի որ ԽՍՀՄ-ում բոլոր ազգերի իրավունքները հավասար էին: Իսկ այս դեպքում ստացվում է, որ թեև հավասար են իրավունքները, բայց ոմանց իրավունքներն «ավելի հավասար» են: Բնականաբար, պետք է ընտրել` կամ Ռուսաստանը Ղրիմի հետ, երբ Ռուսաստանը կենտրոնացած է ինքն իր վրա, կամ Եվրասիական ինտեգրացիան: Մեկը մյուսի հետ համատեղելը բավականին բարդ է: