Կլքի՞ «Ժառանգությունը» քառյակը. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Ժառանգության» կուսակցությունը մարտի 29-30-ը և ապրիլի 6-10-ը հավաքներ կազմակերպելու իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան։ «Ժառանգության» ներկայացուցիչները հստակ չեն պատասխանում՝ ինչու՞ է հրապարակը «զբաղեցվել» ու ի՞նչ պահանջներով են հանդես գալու ենթադրվող հավաքի մասնակիցները։ Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել էր, որ հստակ չէ, թե ինչ ձևաչափի միջոցառում է տեղի ունենալու։ Մամուլում վերջերս շատ է խոսվում այն մասին, որ «Ժառանգությունը», հնարավոր է դուրս գա ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակից, քանի որ «Ժառանգության» պահանջները ավելի արմատական են։ Վերջինիս ներկայացուցիչները տարբեր հայտարարություններով են հանդես եկել՝ նշելով, որ իրենք կողմ են ամբողջական, համակարգային իշխանափոխությանը, որի օգտին, սակայն, 4 ուժերից միայն իրենք ու ՀԱԿ-ն են կողմ արտահայտվել։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խոսելով «Ժառանգության»՝ քառյակից դուրս գալու հավանականության մասին, նշեց, որ դա այս պահին իրական չէ, ապա նշեց, որ այդ մասին առաջին անգամ է լսում։ Անդրադառնալով «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությանը, որ իրենք միտված են ամբողջական ու արմատական իշխանափոխության՝ Զուրաբյանը ասաց. «Ես ձեզ խորհուրդ կտամ հետևել այն կանոնին, որին մենք ենք հետևում. «Եթե մենք ուզում ենք իմանալ, թե «Ժառանգության» դիրքորոշումը որն է, մենք լսում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, Ռուբիկ Հակոբյանին, Արմեն Մարտիրոսյանին, և չգիտեմ միգուցե այդ անունների շարքը կարելի է շարունակել, բայց նրանք են արտահայտում «Ժառանգության» իսկական կարծիքները»։
Ստյոպա Սաֆարյանը, մեկնաբանելով Զուրաբյանի այս հայտարարությունը, նշեց, որ «Ժառանգության» ցանկացած անդամ կարող է արտահայտել իր տեսակետը, ապա նշեց, որ կուսակցության տեսակետը աոաջին հերթին, ըստ կանոնադրության, ներկայացնում է կուսակցության նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանը։ Իսկ Րաֆֆին մի քանի անգամ տարբեր առիթներով հայտարարել է ամբողջական իշխանափոխության մասին, ըստ որոշ հրապարակումների՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ նույնպես նա առաջ է քաշել արմատական իշխանափոխության հարցը։
Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով իրենց առաջիկա հանրային միջոցառումներին, նշեց, որ ինքն այդ հարցով ամենաիրազեկված մարդը չէ. «Զանգվածային միջոցառում է լինելու, պատրաստվում ենք հանրային միջոցառման»,– չբացելով փակագծերը՝ հայտնեց նա՝ նշելով, որ ոչինչ չի խանգարում ոչ իշխանական 4 ուժերին ևս միանալու ղրան. «4 կուսակցություններին ոչինչ չի խանգարում հավաքին մասնակցել, այնպես, ինչպես որևէ մեկը մեզ չհրավիրեց ներկա լինելու մարտի 1-ի հանրահավաքին, բայց մենք մասնակցեցինք»։
Սաֆարյանը կարծում է, որ իրենց սպասվելիք միջոցառումը բացարձակ նպատակ չունի «Ժառանգության» մարդկային ռեսուրսը ի ցույց դնելու։ Խոսելով ոչ իշխանական «հրաշալի քառյակ»–ից պոկվելու՝ «Ժառանգության» ցանկության մասին՝ Սաֆարյանը նշեց, որ իրենց կուսակցությունը միշտ էլ ունեցել է իր առանձին գիծը. «Մենք վերջին մի քանի ամիսների ընթացքում հրապարակային ակցիաների դադար տվեցինք, բայց մյուս ուժերը ավելի երկար էին դադար վերցրել։ Անկախ ամեն ինչից՝ մենք ունենք մեր օրակարգը, մեր գիծը ու դա չի խանգարում կոնսուլտացիաներին մյուս ուժերի հետ, իսկ եթե մեր օրակարգերը կհատվեն՝ ավելի լավ։ «Ժառանգությունը» երբեք իր քաղաքականությունը չի կառուցել մյուս քաղաքական ուժերի հնարավոր վարքագծերով, մենք անում ենք այն, ինչ հարկավոր ենք համարում։ Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ, որը ամբողջական իշխանափոխության մեր պատկերացումն է»,- ասաց Սաֆարյանը։
Հ.Գ. Հիշեցնենք, որ շուրջ մեկ շաբաթ առաջ «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ոուբեն Հակոբյանը հեռուստահաղորդումներից մեկի ընթացքում հայտարարել Էր. «Ստյոպա Աաֆարյանը 15 րոպե հավեսով, ախորժակով քննադատում էր մեր ֆրակցիան, հաճույք էր ստանում դրանից։ Ես էլ վարչության նիստին հորդորեցի, որ շարունակի, եթե հաճույք է ստանում»։ Ի պատասխան՝ Աաֆարյանը նշել էր, որ ինքը միայն արձանագրել է նախկին և ներկայիս խմբակցությունների տարբերությանը, ընդ որում՝ դա խոսում է նախկին խմբակցության օգտին, որի անդամ էր նաեւ Սաֆարյանը։
Մանրամասները՝ «Հայկական Ժամանակի» ասօրվա համարում։