Բաժիններ՝

Իլքեր Բաշբուղին կալանավորել էին Էրդողանի հրամանով. Today’s Zaman

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի ոստիկանության հետախուզական բյուրոյի նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղին կալանավորել են երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հրամանով:

Յըլմազերի խոսքերով՝ Էրդողանն ակնդետ հետևել է քրեական խոշոր գործերի ընթացքին, ինչպիսիք են «Էրգենեքոնը» ու «Քրդստանի համայնքների միությունը» (KCK), ինչպես նաև հրամայել է կալանքի տակ առնել մի շարք կասկածյալների. «Վարչապետն աջակցել է այդ բոլոր կալանքներին: Վարչապետին ցուցակները ներկայացվել են նախքան օպերացիաների անցկացումը»:

Թերթը հիշեցնում է, որ Էրդողանը ժամանակին քննադատության է ենթարկել գեներալի ձերբակալությունը՝ հայտարարելով, որ չի կարող ընդունել այն, որ գլխավոր շտաբի նախկին պետին մեղադրում են ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու մեջ: Յըլմազերը պաշտոնանկ է արվել և այլ աշխատանքի է անցել այս տարվա մարտի սկզբին, ինչը կապված է Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի հետ:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հունվարի 5-ին Ստամբուլում 7-ժամյա հարցաքննության ենթարկվեց Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին (26-րդ, 2008–2010թթ.) պետ, բանակի պաշտոնաթող գեներալ Իլքեր Բաշբուղը, որն այդ ընթացքում պատասխանեց 50-60 հարցի: Դրանից ժամեր անց` արդեն հունվարի 6-ին, Ստամբուլի դատարանը վճռեց նրան կալանքի տակ առնել և ուղարկել Ստամբուլի մոտ գտնվող Սիլիվրիի բանտ:

Դա աննախադեպ իրադարձություն է Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության ընթացքում, որ քաղաքացիական դատարանը կալանքի տակ է վերցնում Գլխավոր շտաբի նախկին պետին: Բաշբուղն ազատ է արձակվել այս տարվա մարտի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս