
Գերմանիան սառեցրել է Ռուսաստանի հետ ռազմական գործարքի իրագործումը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը կասեցրել է գերմանական Rheinmetall կոնցեռնի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջև գործարքի իրագործումը՝ կապված Ղրիմի դեպքերի հետ:
Խոսքը գնում է գերմանական կոնցեռնի կողմից Նիժեգորոդի մարզում գտնվող Մուլինո ավանում ռուս զինվորների համար մարտական պատրաստության կենտրոնի կառուցման մասին: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ ներկա պայմաններում նման գործարքի իրագործումն անհնար է:
2011 թվականին կնքված պայմանագրի համաձայն, Մուլինոյում այդ կենտրոնի կառուցումը պետք է ավարտվեր 2014 թվականին: Գործարքը գնահատվում է 100 միլիոն եվրո: Պլանավորված է, որ ամեն տարի այդ կենտրոնում պետք է ուսուցում ու նախապատրաստություն ստանար Ռուսաստանի ցամաքային ու տանկային զորքերի մինչև 30.000 զինծառայող: