
Ուկրաինայում տիրող իրավիճակը կարող է բացասաբար ազդել Մաքսային միության վրա. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մաքսային միության երկրները պետք է մտածեն իրենց արտադրողներին պաշտպանելու միջոցների մասին՝ կապված Ուկրաինայում տիրող ճգնաժամային իրավիճակի հետ:
Այս մասին պետության ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. «Ուկրաինայում ստեղծված արտասովոր իրավիճակը հարուցում է լուրջ անհանգստություն: Ուկրաինայի տնտեսությունը գտնվում է ծանր, եթե չասենք ծանրագույն ճգնաժամի մեջ:
Հնարավոր է՝ բացասական հետևանքները տարածվեն նաև Մաքսային միության շուկայի վրա: Մենք պետք է միասին մտածենք, թե ինչ է պետք ձեռնարկել՝ մեր արտադրողներին ու արտահանողներին պաշտպանելու համար, ինչպես նաև պետք է մշակենք Ուկրաինայի հետ հետագա փոխգործակցության պարամետրերը:
Ուկրաինան Մաքսային միության առանցքային տնտեսական գործընկերն է, որի հետ կազմակերպության երկրներին միավորում են սերտ արդյունաբերական ու առևտրային կապեր: Անկասկած է, որ մեզ անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի օգնենք մեր գործընկերներին՝ դուրս գալու համար այն բարդ իրավիճակից, որում նրանք հայտնվել են այսօր»: