Բաժիններ՝

Թե ինչպես փրկվեցինք ատոմային աղետից

1982 թվականի հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 9:55-ին Հայաստանի ատոմակայանում ահազանգ հնչեց: Կառավարման կենտրոնի ցուցատախտակի վրա վառվող լույսերը հուշում էին, որ կարճ միացման հետևանքով հրդեհ էր բռնկվել ԱԷԿ-ի առաջին էլեկտրաբլոկի տեխնիկական ջրերի մղիչ պոմպերի էլեկտրաշարժիչում: Այլ աղբյուրների տեղեկություններով` պայթյուն էր որոտացել գեներատորում: Ժամը 10:00-ին կանչ արձանագրվեց Հրշեջ ծառայությունում, իսկ 5 րոպե անց մեկը մյուսի ետևից սկսեցին անջատվել կայանի շահագործումն ու անվտանգությունն ապահովող համակարգերը: Եվս հաշված րոպեներ, և խզվեց կապը միացյալ էներգահամակարգի հետ: Սրահները թաղվեցին ծխի ու մթության մեջ:

Ղեկավարությունը տեղյակ էր, որ երկրորդ էներգաբլոկը գտնվում էր վերանորոգման փուլում, իսկ առաջինն աշխատում է ամբողջ հզորությամբ: Սակայն դեպքերի նման զարգացում ոչ ոք ենթադրել անգամ չէր կարող: Դեռ որևէ հստակ տեղեկություն չունենալով վտանգի ծավալների մասին` անմիջապես հրահանգ տրվեց ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասին տարհանել:

Vilen Arzumanyan (2)

Սակայն բոլորը չէ, որ հեռացան: Բազմաթիվ մասնագետներ` անտեսելով հնարավոր հետևանքները, շարունակում էին ելքեր որոնել չարաբաստիկ ընթացքը կասեցնելու համար: Միայն թե դա նրանց չէր հաջողվում: Վթարին հաջորդած առաջին ժամերի ընթացքում իրավիճակը գնալով բարդանում էր: Ո՛չ հրշեջների, ո՛չ օպերատիվ աշխատակիցների ջանքերը որևէ արդյունք չէին տալիս: Ի հայտ էին գալիս հրդեհի նոր օջախներ, տարբեր հատվածներում լսվում էին մեծ ու փոքր պայթյուններ:

Կարդացեք նաև

Ժամը 12:45-ին պարզ դարձավ, որ ռեակտորի նկատմամբ հսկողությունը լիովին բացակայում էր: Լարվածությունը ծայրահեղ էր: Հիմա արդեն կառավարման վահանակի մոտ կարելի էր աշխատել միայն հակագազ հագած: Մարդիկ անընդհատ ներսուդուրս էին անում` օդ շնչելու համար: Կայանը զրկվել էր ինչպես` արտաքին, այնպես էլ` ներքին էներգասնուցումից: Շարքից դուրս էր եկել սառեցման համակարգը, արձանագրվել էր ջրածնի վտանգավոր կուտակում: Պաշտպանական համակարգի խափանումն անհնար էր դարձնում որևէ վերահսկողություն, մինչդեռ միջուկային ռեակցիան ներսում շարունակվում էր: Ռեակտորում ջերմաստիճանը սկսեց բարձրանալ, ինչը կարող էր հանգեցնել ջերմային պայթյունի: Իսկ թանկագին ժամանակը հոսում էր…

Vilen Arzumanyan (1)

Հրդեհաշիջման աշխատանքներին, որ տևեց 7 ժամ, մասնակցում էին Հրշեջ ծառայության 110 աշխատակիցներ: Շատ հատվածներում նրանք ստիպված էին քանդել հարկաբաժնի պատերը` կրակի օջախներին մոտենալու համար: Ընդհանուր վնասը կազմել էր շուրջ 1 միլիոն ռուբլի (այն տարիների գներով): Շարքից դուրս էին եկել մեքենայական բաժնի գեներատորները, տուրբինները, տրանսֆորմատորը, պոմպերը, 20 մետր երկարությամբ կարևորագույն մալուխային գծերը: Եվ նույնիսկ այս բոլոր կենսական կարևորության սարքերի բացակայության պայմաններում հայ մասնագետներին հաջողվեց փրկել ատոմակայանը և չեզոքացնել մահաբեր վտանգը:

Vilen Arzumanyan (1)

Ավելի ուշ ռուսական որոշ աղբյուրներ փորձեցին իրավիճակը գլխիվայր ներկայացնել` գրելով, թե վթարի պահին բոլոր հայերը փախուստի էին դիմել, և միայն Ռուսաստանի Կոլայի թերակղզուց ինքնաթիռով օգնության շտապած օպերատիվ խմբի մասնագետներին էր հաջողվել տեղում փրկել ռեակտորը: Այս պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռուսներն, իհարկե, եկան, բայց հետո, երբ անհրաժեշտություն էր առաջացել հետաքննելու վթարի պատճառները և շահագործելու երկրորդ էներգաբլոկը:

Ինչ վերաբերում է խուճապին, ապա նմանատիպ տրամադրությունը գերիշխող դարձավ միայն այն բանից հետո, երբ անցակետում խմբված մարդկանց մոտեցավ ուսադիրներով մեկը և գոռաց. «Բոլորդ այստեղից իսկույն հեռացեք, հիմա ամեն ինչ կպայթի»: Մինչդեռ ներսում մնացած մեր մասնագետները` օպերատորները, տեխնիկական անձնակազմը` զրկված լինելով ավտոմատ համակարգը գործածելու հնարավորությունից (ամբողջությամբ այրվել էր) ծխապատ հարկաբաժիններում, երբ շնչել անգամ հնարավոր չէր, կարողացան կանգնեցնել բլոկը, հրաշքով խուսափել պայթյունից:
Հրաշքո՞վ:

Նման դեպքերում հրաշքների մասին չեն խոսում: Խոսում են այն մարդկանց մասին, ովքեր հերոսաբար կարողացան կանխել սարսափելի աղետը: Սակայն ովքե՞ր են այսօր մտաբերում այդ օրերի մասին, ո՞վ է հիշում և ճանաչում նրանց:

1982-ի հոկտեմբերին ԱԷԿ-ում, բարեբախտաբար, գտնվեց այն մարդը, ով ոչ միայն իր վրա վերցրեց իրավիճակը կարգավորելու ողջ պատասխանատվությունը, այլև օժտված էր բարձր մասնագիտական հմտություններով և գիտելիքներով: Դա ատոմակայանի լաբորատորիաներից մեկի ղեկավար Վիլեն Արզումանյանն էր:

Vilen Arzumanyan (2)

Հրաշալի պատկերացնելով ողջ տեխնոլոգիական պրոցեսը և կայանի կառուցվածքային առանձնահատկությունները` Արզումանյանն անմիջապես ձեռնամուխ եղավ ռեակտորի հովացումն ապահովելու գործին: Այդ գործընթացի բարդ ու խրթին տերմիններով հարուստ մանրամասները շրջանցելով` նշենք միայն, որ անձնակազմի անդամների ուժերով հաջողվեց աներևակայելի կարճ ժամանակում տեղում ձևավորել այլընտրանքային կապի համակարգ, ավտոմատացված գործողությունները կատարել ձեռքով և վերջապես բարձրացնել ռեակտորի 25 տոննայանոց կափարիչը, որտեղ մղվեց անհրաժեշտ քանակությամբ բոր: Միայն դրանից հետո ռեակտորի ջերմաստիճանը սկսեց հետզհետե նվազել, ինչը նշանակում էր մեկ բան` պայթյուն չի լինի:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 20:40-ին վերականգնվեց հսկողությունը նեյտրոնային հոսքերի նկատմամբ:

Հոկտեմբերի 19-ին իրականացված դիտարկումները հաստատեցին, որ ճառագայթման վտանգ չկա: Այսպես կոչված` գամմա-ֆոնը մնացել էր անփոփոխ:
Ավելի ուշ ձևավորված հատուկ հանձնաժողովն իր հաշվետվության մեջ պիտի զեկուցեր, որ ԱԷԿ-ի վթարը պայմանավորված էր արտաքին ցանցի հետ չարտոնված միացումով: Իրավիճակի բարդացման հաջորդ փուլերում օպերատորները զրկվել էին հեռախոսային կապից, հիմնական և վթարային լուսավորումից: Դրանից բացի, ինքնաբերաբար անջատվել և միացվել էին որոշ սարքավորումներ, բռնկվել էին մի քանի հրդեհներ, որոնցից մի քանիսը` պայթյունով:

Փորձագետների վկայությամբ` իրենց հաջողվել էր մալուխային բաժանմունքում գտնել նվազագույնն 9 խոցելի կետեր, որոնք կարող էին կարճ միացումների և հետևաբար` հրդեհների պատճառ դառնալ: Նշվում էր նաև, որ իրավիճակից նյարդայնացած օպերատորները հոգեկան անկայուն վիճակում սխալ հաջորդականությամբ էին իրականացրել ջրածնի արտամղման գործողությունը և գազի բաղադրության վերահսկողությունը:

Ինչ վերաբերում է դրսից ակնկալված օգնությանը, ապա Խորհրդային Միության տարբեր քաղաքներից մասնագետները Մեծամոր եկան օրեր անց: Հրդեհի հետևանքով վնասներ էր կրել ոչ միայն` առաջին, այլև` երկրորդ բլոկը, և ռուս փորձագետների կարևորագույն խնդիրներից մեկն էր` գործարկել դրանք: Ինչպես պատմում են ականատեսները, այն, ինչ իրենք տեսան պատահարի վայրում, ցնցող ու ճնշող տպավորություն թողեց:

Ռուս փորձագետ Է. Կուլմատիցկին իր հիշողություններում գրել է.

«Առավել մեծ ավերածություններով տեսարան հետագայում ես տեսել եմ միայն Չեռնոբիլի ԱԷԿ-ում: Բայց դա արդեն իսկական աղետ էր: Իսկ Հայաստանն, այնուամենայնիվ, մեր հիշողություններում լուսավոր հետք թողեցգ»:
Իսկ այդ տարիների ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը շատ ավելի ուշ այսպես պիտի վերհիշեր ճակատագրական ժամերը. «Այն, որ ատոմակայանը վտանգավոր է, ես համոզվեցի 1982 թվականին, երբ այրվել էր մալուխը: Այն ժամանակ մենք որքան մոտ էինք արհավիրքին: Կարելի է ասել` հրաշքով փրկվեցինք»:

Պատահարի մասին լրատվամիջոցները լռեցին: Բայց եղածը թաքցնել չհաջողվեց: Ճիշտ է, ոչ ոք հստակ չգիտեր, թե իրականում ինչ էր պատահել, բայց դառը փորձի տրամաբանությունը հուշում էր, որ կատարվածը սովորական չէր: Հայկական ԱԷԿ-ի վթարից մի քանի ամիս անց, երբ վախճանվեց ԽՍՀՄ ղեկավար Լեոնիդ Բրեժնևը, և նրան փոխարինելու եկավ Յուրի Անդրոպովը, վերջինս ձեռնամուխ եղավ երկրում կարգապահության ամրապնդմանը:

Հենց այդ օրերին Կրեմլում ստացան մի ահազանգող նամակ, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Միայն երջանիկ պատահականությամբ երկրի ատոմակայաններից մեկի աշխատակիցների հանցավոր անտարբերությունը չհանգեցրեց խոշոր աղետի»: Այս նամակին հաջորդեցին պատժիչ գործողությունները:

Եզրակացվեց, որ հենց «մարդկային գործոնն» է Հայաստանի խոշորագույն ատոմային կառույցը վտանգավոր սահմանագծի հասցրել: Աշխատանքից հեռացվեցին մի շարք պաշտոնատար անձինք, շատերը խիստ նկատողություն ստացան, իսկ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից ձևավորվեց ատոմակայանների անվտանգության և հսկողության գծով հատուկ հանձնաժողով:

Եթե իսկապես մեղավորներ կային, պատիժները միանգամայն տրամաբանված էին: Սակայն ինչո՞ւ չհիշվեցին նրանք, ովքեր ոչ միայն շտկեցին այդ սխալները, այլև մոռացած սեփական անձն ու մահաբեր վտանգները, մինչև վերջին վայրկյանը պայքարեցին ու հաղթանակած դուրս եկան այդ անհավասար կռվից:
Մենք այս նյութում հիշատակեցինք նրանցից միայն մեկի անունը:

Վստահ ենք, որ եղել են նաև «անանուն» հերոսներ, որոնց պարտական ենք մեր և սերունդների անվտանգ կյանքի համար: Այդ մարդիկ ոչ միայն պիտի հայտնի դառնան, այլև արժանանան այն պատվին, որ վաստակել են իրենց անձնազոհությամբ ու մասնագիտական հմտությամբ: Վիլեն Արզումանյանն այլևս կենդանի չէ: Բայց հիշողության արթնացման համար վաղեմության ժամկետներ չկան:

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս