
Չի կարելի նոր պատերազմով վախեցնել ժողովրդին, մեկ է՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինելու․ Հրանտ Մարգարյան
Պետք չէ ժողովրդին մեղադրել, քանի որ այն ղեկավարվող է։ Եթե ժողովրդի մեջ դրսևորվում են հոռի երևույթներ, թերություններ, վախ, անտարբերություն, մեղավորը ղեկավար ուժն է։ Խոսքը միայն իշխող ուժի մասին չէ։
Մեր ժողովրդի այսօրվա անտարբերությունն ու պասիվությունը պետք է մեկնաբանել ու բացատրել նրանով, որ ճար չունեն, ելք չեն տեսնում։ Իբր այդ ընկճվածությունը քիչ է, բոլորը, առաջին հերթին՝ իշխանությունները, համոզում են, թե ելք չկա։ Գրեթե ահաբեկում են մեր ժողովրդին, թե պատերազմ կլինի, շուտով կհարձակվեն, կամ էլ՝ բա որ հանկարծ խաղաղության պայմանագիր չստորագրվի։ Ընդդիմությունն ասում է, թե խաղաղության պայմանագիրն էլ օգուտ չունի, մեկ է՝ հարձակվելու են, այսինքն՝ մենք ամեն կերպ վախեցնում ենք մեր ժողովրդին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։
«Ժողովուրդը տեսնում է, որ ելք չկա՝ ո՛չ խաղաղության պայմանագիրն է ելք, ո՛չ էլ մի այլ լուծում։ Մենք ենք մեր ժողովրդին այս վիճակին մատնել։ Երբ մենք վախենում ենք պատերազմից, կռվից, դիմադրելու մասին խոսելուց, երբ խուսափում ենք ասել, որ, եթե մեր հայրենիքը վտանգված է, բոլորս պետք է ոտքի կանգնենք, գնանք սահման, պաշտպանենք մեր հայրենիքը, երբ այս խոսույթը պակասում է, նշանակում է՝ մենք վախեցնում ենք մեր ժողովրդին։ Սևակն ասել է՝ ապրելու կեսը պատվով մեռնելն է։
Այս տեսակ կյանքն ո՞ւմ է պետք, ո՞ւմ երեխային, եթե երեխաների համար է, որ մենք չենք ուզում կռիվ ու պատերազմ լինի։ Պետք չէ փորձել կռիվ ու պատերազմ հրահրել, բայց պետք չէ նաև ժողովրդին պատերազմով վախեցնել։ Մեկ է՝ այն կլինի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինելու»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ասում են՝ Հայաստանից, մեր ընտանիքներից երեխաներին փախցնում են, որ բանակ չգնան։ Բայց ծնողները երեխաներին փախցնում են, որ այս տեսակ բանակ չգնան։ Անհավատալի է, որ հայ մարդը դադարի հայրենիքի համար կռվելուց։
Անցած տարիներին բազմիցս եղել է, որ հեռավոր Ռուսաստանից ավտոբուս են վարձել այն մարդիկ, որոնք արդեն արտագաղթել էին, հեռացել էին հայրենիքից, գնացել էին խոպան աշխատելու, ոչ էլ պարտադրանք կար, որ բանակում ծառայեն։ Նրանք ավտոբուսով գալիս էին և ուղիղ գնում Արցախ։ Հեռավոր Ռուսաստանից մարդիկ օրերով ավտոբուսով գալիս-հասնում էին Արցախ»,- նշեց Հրանտ Մարգարյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ մեր ժողովրդին պետք է ոչ թե վախեցնել, այլ ասել, որ հայրենիքի համար կռվելը կյանքի ամենամեծ իմաստն է․
«Մեր ժողովրդին պետք է ուրիշ ոգի ներշնչել։ Մի շարք մարդիկ քեֆի մեջ են, շատ բան չեն գիտակցում, որովհետև մենք չենք օգնում, որ գիտակցեն։ Մենք ի՞նչ ենք քարոզում, թերթեք հեռուստացույցի ալիքները։
Մենք ի՞նչ հասարակություն ենք դաստիարակում։ Ասում են՝ պատերազմի ժամանակ խաղաղության մասին խոսելն է սխալ, խաղաղության ժամանակ՝ պատերազմի։ Մենք որտե՞ղ ենք, պարտված ենք ու չենք խոսում պայքարի, միանալու, մեր բանակը հզորացնելու մասին, չենք մտածում, թե ինչպես պետք է արդիական միջոցներով կարողանանք ուժ ձևավորել և կուտակել։ Ինչպե՞ս պիտի մեր 3 մլն-անոց ժողովրդի վրա կուտակել 10 մլն-անոց Սփյուռքի ուժը»:
«Նախքան պատերազմն ակնհայտ էր, որ այն լինելու է։ Բոլոր փաստերն այդ մասին էին վկայում։ Հետաքրքրական է՝ եթե մենք գիտեինք, որ պատերազմ է լինելու, պատրաստվում էինք այդ պատերազմում հաղթելո՞ւ, թե՞ պարտվելու։ Մենք գիտակցաբար գնում էինք պարտվելու, դա ակնհայտ էր։
Այն ուժը, որն ուզում է հաղթել, բանակը հզորացնում է, ամրապնդում է, ազգային միասնականություն է ստեղծում, ներքին հակադրությունները վերացնում է, միասնական ճակատ է ստեղծում։ Մեզ մոտ ճիշտ հակառակն էր տեղի ունենում։
Իսկ ցանկացած պատերազմի մեջ հոգեբանական տարր կա»,- ամփոփեց Հրանտ Մարգարյանը: