
Սա հակապետական օրենք է՝ Հայաստանն իր ֆինանսական սուվերենությունն է հանձնելու Եվրոպային՝ դիմացը որևէ բան չստանալով. Արտյոմ Հարությունյան

Օրերս ԱԺ-ի կողմից ընդունված նոր կրիպտո օրենսդրական փաթեթը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել ոլորտի մասնագետներին։ Նրանք վստահ են՝ այս ամենը լրջորեն վնասելու է ոլորտում գործող կազմակերպությունների և նորաստեղծ ստարտափների զարգացմանը։
Սրա հետ կապված՝ «Web3 Հայաստան» հիմնադրամը և համայնքը հայտարարություն էին տարածել, խոր հիասթափություն հայտնել՝ նշելով, որ չնայած բազմիցս բարձրացված մտահոգություններին, առաջարկություններին և երկխոսության փորձերին՝ օրենսդիրն անտեսեց ոլորտի մասնագետների ձայնը։
Մինչդեռ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, ԱԺ-ում ներկայացնելով «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը, ասել էր, որ օրենսդրական փաթեթը միտված է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը։ Ըստ նրա՝ աշխարհում ստեղծվել են նոր հնարավորություններ ավելի հարմարավետ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար, սակայն, միաժամանակ, առաջացել են բազմաթիվ ռիսկեր՝ փողերի լվացման և սպառողների շահերի պաշտպանության հետ կապված, հետևաբար՝ կարևոր է հնարավորություններն ու ռիսկերը հավասարակշռելը:
Web3 հիմնադրամի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանի բնորոշմամբ՝ սա հստակ հակապետական օրենք է, դրա բոլոր կետերը բոլոր պատասխանատուներին բացատրել են։
«Աշխարհում իրավիճակը՝ այս օրենքների հետ կապված, հետևյալն է՝ կա՛մ պետք է ընդունել առաջադեմ օրենք, ինչպես, օրինակ, Միացյալ Նահանգներինն է, Սինգապուրինը, Դուբայինը, կա՛մ կարելի է ընդունել տոտալիտար եվրոպական՝ հանած նոր կարգավորումները, որոնք միտված են այդ դաշտը՝ ֆինանսական սուվերենությունը, բերել ու դնել Եվրոպայի գրպանը։ Այսինքն՝ մեր նման երկրներին ստիպում են, որպեսզի իրենց առաջ ծնկի գան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտյոմ Հարությունյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ օրինակ, այժմ հայ հանրությունը կարողանում է միջազգային փոխանցումներ անել առանց տոկոսների, կրիպտոարժույթներով ԱՄՆ-ից Հայաստան են փոխանցում անում, և տոկոս չի գանձվում։ Սակայն այս օրենքի ընդունումից հետո վերջում կրկին բանկային փոխանցում պետք է արվի, բանկերին 3 տոկոս վճարվի, և այլն։
«Ստացվում է, որ մեր ժողովրդի գրպանից գումարը հանում ու տանում են, բանկի գրպանն են դնում։ Այնինչ այլ երկրների կարգավորումներով այդպես չէր լինի, կվերահսկվեր, բայց բանկն այդ 3 տոկոսը չէր գանձի։
Նաև մեր հարևանները՝ Իրանը և Ռուսաստանը, սանկցիաների տակ են, ու իրենց քաղաքացիները չեն կարողանում բանկային հաշիվ բացել, փոխանցումներ անել, և այլն։ Հիմա միլիոնավոր դոլարների առևտրաշրջանառություն է լինում տուրիստների հաշվին, լավ կարգավորման դեպքում սա կշատանար, այս կարգավորման դեպքում սա հավասարվելու է զրոյի։ Այսինքն՝ այս օրենքով մենք չենք որոշելու, թե ում հետ ինչ առևտուր անենք։
Սրանով նաև խոչընդոտում են օտարերկրյա կապիտալի մուտքը Հայաստան։ Օրինակ՝ Դուբայում իրենց օրենքով խրախուսվում է կրիպտոարժույթով բնակարան գնելը, ու մեծ ներդրումներ են լինում, հիմա այս կարգավորումներով դրանից էլ են մեզ զրկում, գոյություն ունեցող հնարավորություններից զրկում են»,- հավելեց Արտյոմ Հարությունյանը։
Նա նաև շեշտեց՝ IT ստարտափների համար գումարների հավաքագրումը մեծ թափ հավաքող բան էր, սա Կենտրոնական բանկը կրկին քաշում է իր կողմ, և ԿԲ-ն է որոշելու, թե IT ստարտափներն ինչպես աշխատեն։ Ավելին՝ տվյալ օրենքով որևէ ստարտափ այլևս չի կարողանալու գրանցվել Հայաստանում, ինչպես նաև Եվրոպայում, քանի որ այնտեղ այս կարգավորումների պատճառով բոլորը դուրս են գալիս։
«Web3 հիմնադրամն իր մեջ ներառում է ողջ համայնքը, և այդ համայնքը 1 տարի շարունակ պատկան մարմինների հետ հանդիպումների մեջ է եղել՝ ԿԲ-ի, ԲՏԱ նախարարության, ԱԺ-ի։ Մենք ժամանակ ենք տրամադրել, որպեսզի բացատրենք ԱԺ պատգամավորներին, թե ԿԲ-ն ինչպես է ուզում եվրոպական ուժը տարածի Հայաստանում։ Արդյունքում եղավ այն, ինչ եղավ, մեզ լսեցին, բայց մեր կարծիքը հաշվի չառան։ Ոչ մի կերպ տնտեսվարողների կարծիքը հաշվի չեն առել, որ փակվելու են՝ գնան, ոչ մի կետով հաշվի չեն առել նաև քաղաքացիների կարծիքը, որ նրանք սկսելու են գումար կորցնել։ Սրանով Հայաստանն իր ֆինանսական սուվերենությունն է հանձնելու՝ դիմացը որևէ բան չստանալով։ Սա վատագույն օրենքն է մեր պետության համար, որովհետև պետությունը որևէ շահ չունի։ Շատ փոքր պետությունների փորձում են այսպես ստիպել։
Մենք մեր հիմնադրամով փորձելու ենք պայքարել փոքր կետերով, բայց այդ փոքր կետերով պայքարը չի կարող արդյունք տալ։ Բանկային միջազգային համակարգը հաղթեց ժողովրդավարությանը Հայաստանում։ Պետք է սպասենք, որպեսզի մեր երկրում լուրջ փոփոխություններ լինեն, որպեսզի կարողանանք վերականգնել ժողովրդի շահը»,- ընդգծեց Արտյոմ Հարությունյանը։