
Թեհրանը հայտարարում է առաջընթացի մասին ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող անուղղակի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։
Այս մասին հայտնում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Իրանի դիրքորոշումը հստակ է, և ուրանի «զրոյական հարստացման» գաղափարը մերժվում է որպես հռետորաբանություն, որը հիմնականում ուղղված է սիոնիստական լսարանին։
Միջուկային հարցում Թեհրանի հստակ ուղերձը վերահաստատել է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ Իրանը բանակցությունների ընթացքում չի հրաժարվելու իր օրինական իրավունքներից։ Նա նշել է, որ ուրանի հարստացումը համարվում է Իրանի կարևորագույն պահանջներից մեկը, իսկ միջուկային զենքի ստեղծումը բացառվում է երկրի ռազմավարությունից։
«Արևմուտքը իրավունք չունի զրկելու իրանցի ժողովրդին իր օրինական իրավունքներից՝ ելնելով իրենց մտահոգություններից»,– հայտարարել է Արաղչին։
Նրա խոսքով՝ Իրանը շարունակելու է գործել հաստատակամ և Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի ուղեցույցերի համաձայն։
Իրանը և ԱՄՆ-ն մայիսի 30-ին Հռոմում անցկացրել են անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը։ Ինչպես նախորդ փուլերում, պատվիրակությունները գլխավորել են Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի՝ տարածաշրջանային հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի ուրանի հարստացման իր իրավունքից՝ այն համարելով ազգային ինքնիշխանության բաղադրիչ։