Չինաստանի Ուհան քաղաքից Վրաստան` նոր բեռնատար գնացք

Այսօր` մայիսի 31-ին, Չինաստանի Ուհան քաղաքից (Հուբեյ նահանգ) բեռնատար գնացքը կժամանի Վրաստան։ Ըստ չինական ԶԼՄ-ների՝ բեռնափոխադրումը կիրականացվի նոր անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Գնացքը տեղափոխում է 2 միլիոն դոլար արժողությամբ բեռ։ Դրանց թվում են թեթև մեխանիկական սարքավորումներ, գյուղտեխնիկա և շինանյութեր։

Ապրանքների փոխադրման համար օգտագործվում է «երկաթուղի — ծով — երկաթուղի» մուլտիմոդալ սխեման, իսկ երթուղու տևողությունը մոտ 18 օր է։

Գնացքը կանցնի Ղազախստանով, որտեղ բեռները կվերաբեռնվեն Ակտաու նավահանգստում գտնվող լաստանավում, այնուհետև կանցնեն Կասպից ծովը, որտեղից կհասնեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, ապա երկաթուղով կհասնեն Վրաստան, Թբիլիսի և Փոթի։

Ներկայումս Չինաստան-Եվրոպա միջազգային երկաթուղային բեռնափոխադրումների հատվածը ներառում է 58 միջսահմանային երթուղիներ, որոնք կապում են Ուհանը Եվրասիական մայրցամաքի 40 երկրների 120 քաղաքների հետ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին չինական ապրանքների ներմուծումը Վրաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32 տոկոսով և հասել 555,5 մլն ԱՄՆ դոլարի, իսկ Վրաստանից արտահանումն աճել է 10 տոկոսով և կազմել 86,8 մլն ԱՄՆ դոլար։

Տեսանյութեր

Լրահոս