
Զինվորականության «որս»՝ քաղաքական նպատակներով

Վանաձորում տեղի ունեցած «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում հերթական հանդիպմանը, ինչպես կարելի էր տեսնել տարածված տեսանյութից, նաև զինվորական էր մասնակցում` համազգեստով։
Նշենք, ավելի վաղ գրել էինք, որ Աննա Հակոբյանի կրթական-քաղաքական նախաձեռնությանը միացել էր Արծրուն Հովհաննիսյանը, ով ղեկավարում է ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը։
Այսինքն, տարբեր հնարավոր պարզաբանումներից անկախ, գործ ունենք քաղաքական չեզոքության խախտման և բանակի քաղաքականացման միտումի հետ։
Այո, պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, ավելին, Սուրեն Պապիկյանը կուսակցական է, բայց գործող զինվորականները պետք է զերծ մնան քաղաքական ենթատեքստով միջոցառումներին մասնակցելուց (դեռ մի կողմ ենք դնում դրա օգտակարության հարցը)։
Ի դեպ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պարբերաբար այցելում է ռազմակրթական հաստատություններ` իր «Վարպետաց դասերի» շրջանակում, որի ընթացքում շոշափվում են բանակում միջանձնային հարաբերություններին և առաջնորդությանն առնչվող թեմաներ։
Իսկ թե որքանով է զինվորականության «որսը» Սուրեն Պապիկյանի համաձայնությամբ կամ ոչ համաձայնությամբ տեղի ունենում, կամ` որքանով է սա թիրախային քայլ ընդդեմ Պաշտպանության նախարարի, կարող ենք ենթադրություններ անել, բայց սպասենք իրադարձությունների ընթացքին։
Հ.Գ. Իսկ գուցե իրականում զինվորական համազգեստով անձը զինվորական էլ չէ, և դա սովորական փաշինյանական սադրանք է։ Ամեն դեպքում, զինվորական համազգեստով զինվորականի կամ ոչ զինվորականի ներկայությունը Աննա Հակոբյանի հավաքին խնդրահարույց է և մտածելու տեղիք է տալիս։