
Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու իրավունքից. Վեհափառ Հայրապետ

Մեր խոսքը «Լեռնային Ղարաբաղի հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանությունը» խորագրով համաժողովին։
Համաժողովի մեծարգո նախագահ,
Սիրելի ներկաներ,
Ողջունում ենք ձեզ և Հայրապետական Մեր օրհնությունը բերում ամենքիդ։
Խորհրդանշական է, որ այս համաժողովը մեկնարկում է Շվեյցարիայում, մի երկրում, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները ճանաչվում և պաշտպանվում են որպես համամարդկային արժեքներ և ամրագրված են այստեղ ստորագրված միջազգային կոնվենցիաներով ու հռչակագրերով։
Մեր գնահատանքն ենք բերում Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար վերապատվելի Ջերրի Փիլային, Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու նախագահ վերապատվելի Ռիտա Ֆամոսին, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի վարչության պատվարժան անդամներին, համաժողովի կազմակերպիչներին և աջակիցներին, որոնց ազնիվ ջանքերի շնորհիվ ևս մեկ անգամ միջազգային հարթակից բարձրաձայնվում է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին։
Համաժողովի հարգարժան մասնակիցներ, այսօր այստեղ ենք՝ քննարկելու Արցախի հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգության պահպանության հիմնախնդիրները և ուղիներ փնտրելու՝ կանխելու արցախահայության կերտած նվիրական սրբությունների հետագա յուրացումն ու ոչնչացումը։
21-րդ դարում, որ ազգերի ու պետությունների կյանքում պիտի նշանավորվեր խաղաղության, համերաշխության ու արդարության հաստատմամբ, ցավոք, ականատես ենք պատերազմների, թշնամանքի ու ատելության հիմքի վրա իրականացվող ցեղասպանական գործողությունների ու էթնիկ զտումների, ինչպես և կրոնական ազատության և մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման դատապարտելի դեպքերի: Այս արհավիրքները վերապրեց նաև մեր ժողովուրդը Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիայի ու ոճրագործությունների հետևանքով։ 2020 թվականից սանձազերծված 44-օրյա և ապա նաև 2023 թ. լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց Արցախը։ Գրավված են Հայաստանի Հանրապետության սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացվում են նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդառված է պահում Արցախի քաղաքական ղեկավարների, քաղաքացիական անձերի և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով։ Ակնհայտ է, որ այսօրինակ անօրինություններն ու նվաստացուցիչ դաժանությունները, պայմանավորված են բացառապես ազգային պատկանելիությամբ և հայատյացությամբ, որը և պատճառ է ոտնձգությունների հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ու պատմական սրբավայրերի նկատմամբ։
Դարեր շարունակ արցախահայությունը հայրենի իր երկրում, հավատքով և ազգային ինքնությանը հավատարիմ ոգով, կերտել է իր արժանապատիվ գոյությունը, դպրության և արվեստի բարձրարժեք արարումներով նաև հարստացրել մարդկության մշակութային գանձարանը։ Դեռևս խորհրդային շրջանի առաջին տարիներին, համաձայն Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսի՝ Հայոց Հայրապետին ուղղված զեկուցագրի, Արցախի տարածքում հաշվառվել է 18 վանք և 112 եկեղեցի, ավելի քան չորս հազար պատմական խաչքարեր ու մշակութային այլ կոթողներ։ Արցախի բռնազավթումից հետո, ցավով ենք արձանագրում, որ առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։ Ադրբեջանը հայոց հնամենի նշանավոր վանքերն ու եկեղեցիները ինքնությունից զրկելու որդեգրած քաղաքականությամբ աղվանական է հռչակում Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը։
Ավելին, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անտեսել միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022 թվականի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» N 2582 բանաձևի պահանջները, ինչպես և մերժում Արցախի հայկական հուշարձանների վիճակի գնահատման ուղղությամբ փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը։ Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քարոզչությանն է լծվել նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն, որն օրեր առաջ հանդես եկավ ստահոդ հայտարարություններով։ Ադրբեջանի հայատյաց այս նույն գործելաոճով ժամանակին վայրագ ոչնչացման ենթարկվեցին Նախիջևանի հայկական սրբավայրերը, իսկ ճիշտ քսան տարի առաջ՝ 2005 թ., հողին հավասարվեցին Նախիջևանի՝ Հին Ջուղայի շուրջ վեց հազար խաչքարերը։ Նմանօրինակ մշակութային եղեռնի ականատես եղավ մարդկությունը նաև Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում, երբ հնագույն մշակութային կոթողները պատերազմի արհավիրքների մեջ վերածվեցին ավերակների։ Մշակութային ոճրագործությունները ցավալիորեն չեն ճանաչում աշխարհագրական սահմաններ, և ամենուր են, որտեղ խաթարվում են մարդու և ժողովուրդների իրավունքները, դրսևորվում այլատյացություն և անհանդուրժողություն, անտեսվում հոգևոր ժառանգության վսեմ արժեքն ու կարևորությունը։ Մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոճիրները արդարորեն դիտարկվում են ոչ միայն որպես մեկ ազգի, այլ համամարդկային արժեքների դեմ հանցագործություն։
Բարբարոսական այսօրինակ ոճրագործությունների անպատժելիությունը ամենաթողության մթնոլորտ է ձևավորում ոչ միայն Ադրբեջանի մշակութակործան ոճիրները շարունակելու համար, այլ նաև նախադրյալներ է ստեղծում և քաջալերանք հանդիսանում նմանատիպ և ավելի դաժան հանցագործությունների իրականացման աշխարհի այլ վայրերում։ Մշակութային արժեքների պաշտպանությունը բոլորիս համար ոչ միայն նվիրական պարտավորություն է, այլև ազգերի ու ժողովուրդների պատմության, հավատքի և ինքնության պահպանության հրամայական։
Համաժողովի հարգարժան մասնակիցներ, Արցախի հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանության հարցն ավելի քան երբևէ հրատապ է այսօր, երբ Արցախի բռնի տեղահանված ժողովուրդը զրկված է սեփական հողի վրա ապրելու և արարելու, դարերով իր հավատքով կերտած մշակույթը պահպանելու և զարգացնելու իրավունքից։ Ժամանակակից աշխարհում չպետք է հանդուրժվեն մարդկության ու մարդկայնության դեմ նման սոսկալի եղեռնագործություններ, ազատության, արդարության ու իրավունքի հիմնասյուները խարխլող արարքներ։ Այո՛, ազգերի միջև հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ուղիներով, արդարությամբ ու փոխհամաձայնությամբ, ազգային ինքնության ու արժանապատվության հարգմամբ:
Սիրելիներ, մենք մեծապես կարևորում ենք նման համաժողովների անցկացումը՝ հուսալով, որ միջազգային դերակատար երկրները և իրավասու կառույցները գործուն քայլեր կձեռնարկեն՝ ուղղված Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանությանը, արցախահայության՝ իրենց հարազատ բնօրրան անվտանգ վերադարձի, ազատ ու արժանապատիվ ապրելու արդար իրավունքի վերականգնմանը և մեր գերյալ զավակների շուտափույթ ազատ արձակմանը։ Մեր զգացվածությունն ու շնորհակալությունն ենք կրկին հայտնում քույր Եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին՝ դժվարին իրավիճակում մեր ժողովրդին ու Եկեղեցուն զորակցելու և արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականություն դրսևորելու համար։
Առ Աստված աղոթքով վերստին Մեր օրհնությունն ու շնորհակալությունն ենք բերում համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներիդ և մաղթում արդյունավոր ընթացք համաժողովի աշխատանքներին։