Գինեգործական «մարտերը» թեժանում են
168.am-ի զրուցակիցն է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
– Պարոն Հարությունյան, ՀՀ-ն արագ տեմպերով շարժվում է դեպի Մաքսային միություն: Ձեզ համար արդեն հստա՞կ է, թե ինչ է սպասվում գինեգործներին:
– Դեռ սպասում ենք, տեսնենք, թե Մաքսային միությունն ինչ կլինի, մենք առայժմ չգիտենք, թե ինչ անակնկալներ կլինեն: Մի կողմից ասում են՝ լավ կլինի, մյուս կողմից էլ՝ միտումները բացասական են: Ներկայումս իրար զուգահեռ ընթացող երկու միտումներ կան՝ ոչ ձեռնտու Հայաստանի Հանրապետության համար: Գինեգործության տեսանկյունից առաջինը՝ միջազգային, եվրոպական հանրությունը մեզ պատժում է մեր կատարած քայլի համար, մյուսն էլ՝ սրվում են Ռուսաստանի և Ղազաստանի հարաբերություններըն ալկոհոլի հարցում, և սա կհանգեցնի նրան, որ ղազախական օղու մուտքը ռուսական շուկա կսահմանափակվի, ինչը կբերի նաև ընդհանուր դաշտի սահմանափակումների, դա էլ իր հերթին՝ կնվազեցնի այն դրական գործոնը, որի վրա մենք հենվում ենք և ասում, որ ՄՄ գնալը ձեռնտու կլինի ՀՀ-ի համար:
– Տեղական գինեգործները գործնականում ինչպե՞ս են զգացել եվրոպական խստացումները:
– Դա դեռ հետո կզգանք: Ուղիղ խստացումներ չկան, պարզապես Եվրոպան Վրաստանին փայփայում է, փորձում միջազգային հանրությանը ներկայացնել՝ որպես առաջին երկիր, որտեղ նույնիսկ դինոզավրերն են սկզբում ի հայտ եկել, ու այդ դինոզավրերը գինի են ստացել: Այսինքն՝ համաշխարհային հանրությունը փորձում է Վրաստանը ներկայացնել՝ որպես գինու և խաղողի բնօրրան, ու դա իրավաբանորեն ամրագրել: Սա է մեզ համար մտահոգիչը, որովհետև միտումները ցույց են տալիս, որ այս գործընթացը կարող է հօգուտ վրացիների հանգուցալուծվել: Նրանք միջազգային մեծ ծրագիր են սկսում, հրավիրել են համաշխարհային ճանաչված մասնագետների, որոնք պետք է ապացուցեն, որ խաղողը և գինին ծնվել են Վրաստանում, և այդ երկիրն է գինու օրրանը: Այսինքն՝ ի սկզբանե ձևակերպումը տրվել է, որ ապացուցեն դա: Մտահոգիչ ու տարօրինակ է այն, որ նախնական այցելությունները, որ եղել են Վրաստան, որ այդ գործընթացները սկսվեն, այդ մասնագետները չեն էլ փորձել անգամ Արենին տեսնել, որը միանշանակ փաստում է, որ առաջինն, իհարկե, Հայաստանն է գինի ստացել: 1910-12 թթ. ի վեր ցարական Ռուսաստանի գիտական միտքը, հետո ֆրանսիական և այլ գիտնականներ, բազմաթիվ անգամ փաստել են, որ բնօրրանը Հայաստանն է, Արենին ևս մեկ, հավելյալ ապացույց դարձավ դրան ու ամբողջ աշխարհի ճակատներին զարկեց՝ ասելով՝ ես եմ ահավասիկ առաջինը, ու հայերը դա հրապարակեցին ոչ թե ինչ-որ «ճ» կարգի ամսագրերում, այլ աշխարհի ամենահեղինակավոր, առաջատար ու հայտնի գիտական ամսագրերում, և մի քանի տարի անընդհատ կրկնեցին, որ ցանկալի արդյունքը ստանանք ու խայտառակ չլինենք: Ու այդքանից հետո այս մարդիկ գալիս են Վրաստան ու չեն փորձում գալ Հայաստան՝ Արենին տեսնելու համար: Այդքանից հետո ինչպե՞ս կարելի է հավաստիանալ նրանց ազնվության կամ 100 % օբյեկտիվության վրա: Սա կբերի նրան, որ Հայաստանին պատեհ-անպատեհ առթիներով կնվաստացնեն՝ «ՀՀ-ն գնաց դեպի Ռուսաստան, Վրաստանը գալիս է դեպի Եվրոպա, դուք լավը չեք, վրացիները մեր ընկերն են, հետևապես՝ օրրանն այնտեղ է»: Աշխարհն ապտակում է մեզ, որ խելոք չպահեցիք, մենք նման բան ենք անում: Չնայած, չի կարելի բացառել մեկ այլ արդյունք: Ցանկացած գիտական հետազոտություն ինքնին գովելի է, հետաքրքիր, ու ցանկացած գիտական հետազոտություն մի քայլ առաջ է աշխարհընկալման, աշխարհաճանաչողության գործով, բայց պայմանով, որ դա օբյեկտիվորեն պետք է քննվի: Տա Աստված, որ իրենք գան, օբյեկտիվորեն քննեն ու ճիշտ կարծիք կազմեն:
Երկրորդը՝ մենք արդեն ռուսական շուկայում էինք 93 %-ով: ՄՄ-ին անդամակցելուց հետո է՞լ ինչ պետք է փոխվի: Ոչինչ:
– Այս իրավիճակի հետ կապված մեր հակաքայլերը որո՞նք են:
– Մենք ոչ մի բան չենք անում հիմա, փոխանակ կառավարությունը լիազոր մարմին հաստատի, սիմվոլիկ փողեր ծախսելով՝ 1-2 գիտաժողով հրավիրի, 1-2 հոգու գործուղի, ցույց տան աշխարհին, թե ինչ ունենք, մինչ Վրաստանում լայնածավալ հետազոտություն սկսելը, որպեսզի նրանք զգոն լինեն ու իրենցից կախյալ կամ անկախ իրավիճակներում երևակայություններին շատ տուրք չտան:
Վրացիները քայլ առ քայլ գնում են առաջ՝ կարասների գինեգործությունը գրանցեցին, փորձում են գրանցել մառանային ու մյուս ուղղությունների գինեգործությունը: Հայերը ոչինչ չեն անում: Պետք է ՀՀ մշակույթի նախարարությունը, Գիտությունների ակադեմիան մշակեն ռազմավարություն, թե ինչպես դրա դեմն առնել, պետք է հավաքեն պատմաբանների, լեզվաբանների, գինեգործների, բոլոր շահագրգիռ կողմերին, գիտաժողով անեն, հրավիրեն արտերկրի գիտնականներին, նրանց լսեն, ցույց տան, համատեղ գիտական թեմաներ կատարեն՝ գուցե նաև վրացիների հետ միասին, որ ամեն ինչ օբյեկտիվ լինի: Գուցե ավելի լուրջ ապացույցներ կգտնեն, որոնք լրացուցիչ լույս կսփռեն խնդրի վրա: Դրա համար պետք է աշխատել, իսկ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում:
– Բայց գինեգործությունը նաև ռազմավարական ուղղություն է հայտարարվել:
– Այո, այդ ծրագրով ևս պետք է արվի: Մեր մեղքն է, նաև իմ մեղքն է, բայց ոչինչ չի արվում: