Ի՞նչ է խոստացել Սերժ Սարգսյանը համանախագահներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերին՝ հայտարարել է, թե խնդիրը նրանում է, որ կողմերի գործողությունները չեն համապատասխանում խոսքերին:

«Վերջին օրերին մենք դարձանք Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարվածության ականատես, ինչն անհանգստություն է առաջացնում, քանի որ նման գործողությունները խոչընդոտում են խաղաղ կարգավորման որոնումներին: Մենք ցանկանում ենք ստեղծել մթնոլորտ, որում կողմերը կկարողանային շարժվել առաջ՝ դեպի խաղաղ կարգավորում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ շուտով համանախագահների հետ կայցելի տարածաշրջան:

Սահմանային կրակոցների, այդ թվում՝ հայ զինվորների մահվան պատճառ դարձած կրակոցների առնչությամբ «երկու կողմերի» միջև հավասարություն դնելու իմաստով՝ Ուորլիքի այս հայտարարությունը հերթականն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, դրանք ներկայացնող երկրների նմանատիպ դիրքորոշումների շարքում:

Բայց վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում թերևս ամենաակտիվ համանախագահի՝ Ուորլիքի այս հայտարարությունն ուշագրավ մի արտահայտություն է պարունակում՝ «կողմերի գործողությունները չեն համապատասխանում խոսքերին»:

Ադրբեջանի մասով այս հայտարարությունը, գոնե մակերեսային իմաստով, հասկանալի է. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համանախագահներին խոստանում է դադարեցնել ոչ միայն պատերազմական հռետորաբանությունը, այլ լոկալ գնդակոծումները սահմանի առանձին հատվածներում:

Խոստանում է, բայց չի անում. Երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո ադրբեջանական կողմը կամ դիվերսիաներ է կազմակերպում, կամ ակտիվացնում է դիպուկահարներին՝ երկու դեպքում էլ խլելով հայ զինվորների կյանքը: Բայց Ուորլիքի հայտարարությունից բխում է, որ խոսքին հավատարիմ չի մնում ոչ միայն Ալիևը, այլ նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչն էլ, ըստ ամերիկացի համանախագահի հայտարարության տրամաբանության՝ նպաստում է իրավիճակի լարվածության ավելացմանը: Այդ դեպքում հետաքրքիր է՝ ի՞նչ է համանախագահներին  խոստացել Սերժ Սարգսյանը, սակայն գործողություններով հետ է կանգնել իր խոսքերից:

Դատելով նրանից, որ սահմանային միջադեպերի նախաձեռնողն ադրբեջանական կողմն է, տվյալ դեպքում՝ խոսքը չի վերաբերում ռազմական գործողություններին: Հետևաբար՝ ըստ ամենայնի, գործ ունենք քաղաքական ինչ-որ խոստման հետ, որի չկատարումը նպաստում է ադրբեջանական կողմի ագրեսիվությանը: Իսկ այս համատեքստում, մեծ հավանականությամբ, կարող է խոսք գնալ այնպիսի խոստման մասին, որը կգոհացներ ադրբեջանական կողմին՝  հետ պահելով նաև դիվերսիաներից ու դիպուկահարների կրակոցներից:

Բանակցային գործընթացի ներկա, թեկուզև՝ կիսասառեցված փուլի տրամաբանությունը հուշում է, որ խոսքը կարող է վերաբերել ազատագրված շրջաններից որևէ մեկի կամ գուցե  ոչ մեկի վերադարձին: Թուրքական ու ադրբեջանական մամուլն անցած տարեվերջին ակտիվորեն տարածում էր այն տեղեկությունը, թե Հայաստանը խոստացել է վերադարձնել ազատագրված  շրջաններից երկուսը, իսկ Թուրքիան՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց պահանջել է հրապարակավ հաստատել այդ խոստումը:

Հասկանալի է, որ նման հրապարակումներն առաջին հերթին՝ պետք է դիտարկել՝ որպես թուրք-ադրբեջանական քարոզչության հերթական «հնարք», և չի կարելի դրանք ամբողջությամբ արժանահավատ համարել: Բայց, դրանով հանդերձ, դժվար է ամբողջությամբ բացառել նման հնարավորությունը, քանի որ, դժբախտաբար, դա տեղավորվում է ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ ղարաբաղյան բանակցությունների ներկայիս ընթացքի, որքան՝ աշխարհաքաղաքական վերջին զարգացումների ու դրանցում Հայաստանի դերի ու սուբյեկտայնության նվազման տրամաբանության համատեքստում:

Տեսանյութեր

Լրահոս