Բաժիններ՝

Իսպանիայի խորհրդարանը հավանություն է տվել կատալոնացի անջատողականների համաներման մասին օրենքին

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) վերջնականապես հավանություն է տվել կատալոնական անջատողական գործընթացում ներգրավվածների համաներման մասին օրինագծին, որը բողոքի ակցիաների առիթ է դարձել երկրում։

Նախաձեռնությանը հավանություն է տվել 177 խորհրդարանական, դեմ է հանդես եկել 172-ը։ Օրինագծի շրջանակներում կարող է համաներում շնորհվել շուրջ 370 մարդու։ Այն հավանության է արժանացել, այդ թվում, Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցության աջակցության շնորհիվ։ Նախաձեռնությունը խորհրդարանում գրանցվել է մոտ վեց ամիս առաջ՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի «Իսպանիայի սոցիալիստական ​​աշխատավորական կուսակցության» կողմից։

Համաներումն ուղղված է Կատալոնիայում «համակեցության կարգավորմանը» և համաձայնեցվել է այն կուսակցությունների հետ, որոնք աջակցում են Իսպանիայի կազմից տարածաշրջանի դուրս գալուն։ Դրա դիմաց նրանք խորհրդարանում աջակցություն են ցուցաբերել վարչապետի պաշտոնում Սանչեսի թեկնածությանը: Առանց դրա նա չէր կարողանա կրկին զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը։

Օրենքը հանդիպել է աջ ընդդիմության սուր քննադատությանը։ Իսպանիայում կազմակերպվել են բողոքի բազմահազարանոց ակցիաներ նախաձեռնության դեմ: Օրենքը կարող է բողոքարկվել Թագավորության Սահմանադրական դատարանում, ինչպես նաև ԵՄ դատարանում։ Դա անելու մտադրության մասին արդեն հայտարարել է պահպանողական «Ժողովրդական կուսակցությունը»։

Համաներումը կվերաբերի նաև Պուչդեմոնին, որը գլխավորում էր Կատալոնիայի կառավարությունը 2017 թվականին այնտեղ անկախության անօրինական հանրաքվեի անցկացման պահին։ Դրանից շատ չանցած նա փախել է երկրից, իսկ Իսպանիայի դատական ​​իշխանություններին չի հաջողվել հասնել նրա արտահանձնմանը։ Քաղաքական գործիչն արդեն հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ թագավորություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս