Իրանը տարածաշրջանում քաղաքականության վրա ազդելու մեծ ուժ ունի, հետագայում ամեն ինչ կախված է երկրի ղեկավարումը ստանձնող ուժերից. Արարատ Կոստանյան
Արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ Իրանի նախագահի, արտգործնախարարի՝ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվելուց հետո երկրի ներքին քաղաքական կյանքում մեծ փոփոխություններ չեն լինի։
«Ամեն ինչ կախված է այն ուժերից, որոնք կստանձնեն երկրի ղեկավարումը։ Կարծում եմ՝ մեծ հաշվով Իրանում ներքին խժդժություններ կամ բախումներ տեղի չեն ունենա։
Վերջին տարիներին մենք Իրանում հստակ տեսնում ենք այն գիծը, ուղղվածությունը, որը կա երկրի արտաքին քաղաքականության ոլորտում։ Տեսնում ենք նաև, թե Իրանն ինչպիսի դեր ստանձնեց, մասնավորապես, Միացյալ Նահանգների դեմ կամ Արևմուտքի այլ աշխարհակարգի ստեղծման ճանապարհին։ Այդ իմաստով Իրանը տարածաշրջանում ունի քաղաքականության վրա ազդելու մեծ ուժ ու հնարավորություն, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում, Իրանը ռեգիոնալ երկրներից մեկն է։ Այսօր աշխարհը գլոբալիզացիայից թեքվում է դեպի ռեգիոնալիզմ, և այս իմաստով Իրանի դերն էլ ավելի ուժեղանալու միտում ունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արարատ Կոստանյանը։
Ըստ միջազգայնագետի, եթե Իրանի ղեկավար կազմին փոխարինի ավելի մեղմ քաղաքականություն վարող իշխանություն, քաղաքական ուժ, որը կկարողանա փոխել արտաքին քաղաքականությունը, ապա ավելի մեղմ դիրքորոշում կունենա Արևմուտքի, Միացյալ Նահանգների նկատմամբ։
«Սա հարց է, որն այս պահին հստակ չէ, թե ինչ տեղի կունենա Իրանի արտաքին քաղաքականությունում և Մերձավոր Արևելքում ազդեցության հետ։ Սա ժամանակի հարց է, և այժմ կանխատեսումներ անելը վաղ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նրա բնորոշմամբ՝ աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունները խիստ փոխկապակցված են։ Կան օջախներ, հիբրիդ պատերազմներ կամ շարունակվող լարվածություններ, որոնք դադարեցվելու նշաններ ցույց չեն տալիս, օրինակ, ռուս-ուկրաինական պատերազմը, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը։
«Հաջորդը Թայվանի շուրջ ստեղծված երկարամյա լարվածությունն է, որն օգտագործվում է՝ զսպելու Չինաստանին՝ ամենամեծ դերակատարություն ունենալուց կամ առաջատար լինելուց»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, Արարատ Կոստանյանն ասաց, որ Եվրոպակական խորհրդարանից արդեն կոչեր են հնչում հարգելու պաղեստինյան դատը և ճանաչել Պաղեստինը։
«Միաժամանակ, ձախակողմյան շարժում է ստեղծվել Արևմտյան և մասնավորապես Միացյալ Նահագների լավագույն համալսարաններից ներս՝ ուսանողական շարժում, որը պահանջում է հարգել Պաղեստինի ժողովրդի և նրա պետություն ունենալու իրավունքը։ Այս իմաստով հակամարտությունում փոփոխություն կա, այսինքն՝ Արևմուտքը, ինչպես նախկինում էր, միակողմանիորեն չի սատարում իր դաշնակցին՝ Իսրայելին, և կա այն միտումը, որ լավագույն լուծումը երկու պետությունների գոյությունն է՝ Իսրայելի և Պաղեստինի։ Այդուհանդերձ, չեմ կարծում, որ Պաղեստինն այսքան զոհողություններից հետո միակողմանիորեն վայր կդնի զենքը և կնստի բանակցությունների։ Կարծում եմ՝ Իսրայելի վրա մեծ ճնշում է բանեցվելու, որպեսզի նա վերջ դնի այս պատերազմին, ավելին՝ որոշ ատյաններից արդեն Իսրայելին ուղղված մեղադրանքներ են հնչում՝ որպես ցեղասպանություն կատարող կողմ»,- եզրափակեց Արարատ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահի, արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ուղղաթիռը կոշտ վարէջք էր կատարել, որից հետո կապն ուղղաթիռի անձնակազմի հետ կորել էր։ Մեկ օր անց հայտնի դարձավ, որ ուղղաթիռի վթարի հետևանքով բոլորն էլ զոհվել են։
Իրանի նախագահ Ռաիսին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և նրանց ուղեկցող պաշտոնյաներ վերադառնում էին իրանա-ադրբեջանական սահմանին Իլհամ Ալիևի հետ՝ Արաքսի վրա կառուցված հէկ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջուլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։