«Իշխանությունները «սփոփում» են որդեկորույս այն ծնողներին, որոնք կիսում են իրենց գաղափարները և սատարում երկիրը հանձնելու քաղաքականությանը». Արուս Հարությունյան

Մայիսի 27-ին Երևանի «Լա Դե ֆանս» համալիրում Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ «սև ու սպիտակ» ցերեկույթ, այսպես ասած,  փարթի է տեղի ունեցել: Եվ թեև միջոցառման մասնակիցները փորձել էին ամեն կերպ գաղտնի պահել իրենց երեկոյի մանրամասները, այդուամենայնիվ որոշ լուսանկարներ և տեսանյութեր հայտնվեցին համացանցում: Ինչպես ասում են, փոքր երկրում ոչինչ գաղտնի չի մնում:

Ի դեպ, միջոցառումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Լոռիում ու Տավուշում հեղեղումների հետևանքով իսկական աղետ էր, ունեինք 4 զոհ, հարյուրավոր մարդիկ դարձել էին անօթևան, շատ գյուղերի հետ կապը կտրված էր, քանի որ ջրերը հեղեղել ու տարել էր ճանապարհներն ու կամուրջները։ Քանի դեռ համացանցում չէին հայտնվել Աննա Հակոբյանի գլխավորած փարթիի տեսանյութերը, իշխանության տարբեր ներկայացուցիչներ քննադատում էին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին, որ նրանք ակցիաների ժամանակ երաժշտություն են հնչեցնում, մինչդեռ աղետի գոտում զոհեր կան։

Բայց  Աննա Հակոբյանին և փարթիի մյուս մասնակիցներին միջոցառումն անցկացնելուն չէր խանգարել Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետը, նրանք ոչ միայն չէին հետաձգել, այլև ուրախ երգ  ու պարով մի լավ ժամանակ էին անցկացրել, թեև այդ ժամանակ արդեն պաշտոնապես հաղորդագրություն էր տարածվել աղետի հետևանքով զոհերի մասին:  Իսկ միջոցառմանը մասնակցում էին  Աննա Հակոբյանի մտերիմները, որոշ պաշտոնյաների հարազատներ, մի ադրբեջանամետ հայտնի բլոգեր, ինչպես  նաև 44-օրյա պատերազմում զոհված որոշ տղաների ծնողներ։

Այս փարթիին, երեկ խորհրդարանում լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված պարզաբանում է տվել, թե «միջոցառումը պլանավորված է եղել շատ ավելի վաղ` 5–6 ամիս առաջ։ Որքան գիտեմ, այդ միջոցառման առանցքային նպատակներից մեկը եղել է պատերազմում զոհված զինվորների մայրերին ամոքելը, սփոփելը, նրանց կողքին լինելը, օգնելը»։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում «Որդիների Կանչ» ՀԿ նախագահ Արուս Հարությունյանն ասաց, որ զոհված զինծառայողների այն ծնողները, որոնք չեն կիսում իշխանությունների գաղափարները, դեմ են նրանց վարած քաղաքականությանը, «սև և սպիտակ» փարթիին մասնակցելու հրավեր չեն ստացել։

«Իշխանությունները «սփոփում» են այն որդեկորույս ծնողներին, որոնք իրենց կողքին են, կիսում են իրենց գաղափարները ու սատարում են երկիրը հանձնելու քաղաքականությանը։ Այդ մարդկանց կողքին այն ծնողներն են, որոնք կարծում են, թե Աննա Հակոբյանը, ով իրենց որդիների կյանքն է խլել, կարող է իրենց սփոփել։ Դա այդ ծնողների խնդիրն է, ավելի ճիշտ, իրենցը խնդիր չէ, այլ փարթի, շահ։ Եթե այդ ծնողները կարծում են, որ լինելով իրենց որդիներին սպանողների կողքին՝ սփոփվում են, ուրեմն իրենց գործն է։

Մենք մեր ամբողջական սփոփանքը գտնում ենք մեր ամբողջական հայրենիքը թողնելով մեր սերունդներին, դրա համար ենք պայքարում, դավաճանների հետո որևէ անելիք չունենք, նույնիսկ  ի վիճակի չենք նույն օդը շնչել»,- շեշտեց Արուս Հարությունյանը։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ մեկ անգամ, երբ Աննա Հակոբյանը որոշել էր որդեկորույս ծնողների միջոցով զբաղվել սեփական փիառով և նրանց հավաքել մի վայրում, զանգահարել են նաև իրեն՝ հրավիրել միջոցառման։ Սակայն Արուս Հարությունյանը մերժել է հրավերը և հորդորել, որ նման հարցերով այլևս իրեն չանհանգստացնեն։

«Այս ամենը կապիկության, փառամոլության ձև է։ Ափսոսում եմ տղաների համար»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս