Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցի սոլիդ տեղեկությունները Փաշինյանին. ինչ դերակատարում ունեն դրանք՝ ՀԱՊԿ երկրներին ուղղված նրա վերջին մեղադրականում
Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
«2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։ Եվ ես ՀԱՊԿ առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»,– շեշտել էր Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 4 տարի է՝ փորձում է սա այլաբանորեն բացատրել, և հիմա ուղիղ խոսելու առիթ է ընձեռվել:
Հիշեցնենք, որ Բաքվում Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում գաղտնազերծում էր արել. «Հիշեցի մեր զրույցը պատերազմից առաջ, Ձեր ազատագրական պատերազմից առաջ, երբ մենք երկուսով փիլիսոփայորեն քննարկում էինք ճաշի սեղանի շուրջ։ Այն ժամանակ մենք եզրակացրեցինք, որ պատերազմում կարելի է հաղթել։ Դա կարևոր է, շատ կարևոր է պահել այդ հաղթանակը, և երրորդը՝ մենք համաձայնեցինք, Դուք այն ժամանակ շոշափեցիք այդ թեման, որ պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ձեր ազատագրած հողերը»:
168.am-ն անմիջապես գրել էր, որ Փաշինյանը նկատի է ունեցել ՌԴ-ին և Բելառուսին, հատկապես, երբ, օրինակ, ՌԴ-ին առնչվող նման ուղիղ մեղադրանքներ Փաշինյանը հնչեցրել է նաև ավելի վաղ, այդ թվում՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի համատեքստում:
Մենք հարց էինք առաջ քաշել՝ ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի պատերազմի նախապատրաստության հարցում (մասնավորապես՝ Հայաստանի դեմ) կասկածներ ունեցել Ռուսաստանի և Բելառուսի առնչությամբ, և հիմնավորել, թե ինչու է սա կարևոր: Օրինակ, եթե պատերազմից առաջ տեղեկություն ես ստանում, որ Ռուսաստանն Արցախի և ՀՀ-ի դեմ 44-օրյա պատերազմում նախապատրաստական դերակատարում է ունեցել, բայց պատերազմի օրերին պնդում ես, որ հենց ՌԴ-ի խաղաղապահները պետք է տեղակայվեն Արցախում, ավելին՝ նրանց ես վստահում նաև ՀՀ սահմանների անվտանգությունը, սա տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս:
Մայիսի 29-ին ԱԺ-ում լրագրողները ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանից փորձել են այս առնչությամբ պարզաբանում ստանալ՝ դա զուտ քաղաքական հայտարարությո՞ւն էր, թե՞ կան օպերատիվ տվյալներ ՀԱՊԿ 2 երկրի վերաբերյալ: Գրիգորյանը, սակայն, հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ:
«ՀՀ վարչապետն արել է հայտարարություն, և ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ընդգծել է նա:
Այնուհետև ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը շարունակել է, որ ՀՀ ինքնիշխանության, սուվերենության համար կան բազմաթիվ սպառնալիքներ, որոնք գալիս են մի քանի երկրից՝ չտալով կոնկրետ անուններ:
«Այդ վտանգները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ: Մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաև պետության զարգացման համար այն կարևոր հետախուզական տեղեկությունները, որը ծառայությունը պետք է հավաքի, և դրանք ուղղված են հանրապետության արտաքին վտանգները չեզոքացնելուն, որոնք գալիս են տարբեր երկրներից և տարբեր երևույթներից: Եվ մեր հետախուզական տեղեկություններն ու վերլուծությունները միտված են ապահովել, որ քաղաքական որոշումները կայացվեն սոլիդ տեղեկությունների վրա»,- նշել է նա՝ հավելելով, որ բոլոր երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերներն ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին դերակատարներ, և Հայաստանը բացառություն չէ։
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Ադրբեջանից հարձակման վտանգ կա՞, Գրիգորյանը պատասխանել է՝ միշտ կա, քանի դեռ հարաբերությունները չեն նորմալացել։
«Վտանգներին պետք է լուրջ վերաբերվել, բայց և չպետք է դրանք գերագնահատել և որոշակի հետևությունների գալ։ Մենք պատշաճ կերպով օրական կտրվածքով գնահատում ենք այդ ռիսկերն ու տեղեկացնում վարչապետին»,- հավելել է Քրիստինե Գրիգորյանը:
Նշենք, որ գործող ՀՀ արտաքին հետախուզական ծառայության առաքելությունն է Հայաստանի Հանրապետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումը, կանխարգելումը, հակազդումն ու պաշտպանությունը դրանցից, ինչպես նաև պետության զարգացման համար հնարավորությունների վերհանումը՝ քաղաքական որոշումներ կայացնողներին վստահելի, արժանահավատ և կիրարկելի հետախուզական տեղեկությունների տրամադրման ու հատուկ միջոցառումների իրականացման միջոցով։
Իսկ արտաքին սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու համար նախ պետք է հստակ որոշել այն երկրները, որոնցից իրական սպառնալիք և վտանգ կա, ընդ որում՝ չի կարող դոկտրիններում այլ բան լինել, քաղաքական հայտարարություններում՝ այլ:
Երկրորդ՝ պետք է հստակ լինի՝ որ երկրից ինչ սպառնալիք կարող է լինել, և կրկնում ենք, այս գործը ոչ թե քաղաքական ցանկություններով է, այլ հստակությամբ և ռեալությամբ: Չի կարող լինել այնպես, որ Նիկոլ Փաշինյանը որոշի՝ Ադրբեջանը և Թուրքիան թշնամի չեն, չկա լրջագույն սպառնալիք այդ երկրներից, բայց իրականում և ռազմական դոկտրինում նրանք դիտարկվեն սպառնալիք հանդիսացող երկրներ: Այսինքն, անվտանգային մարտահրավերներին դիմակայելը չի կարող հիմնվել Փաշինյանի համար նպատակահարմար քաղաքականության վրա, որտեղ, ըստ էության, շատ անգամ, թերևս, հաշվի չեն էլ առնվում ուժային կառույցների սառը հաշվարկները: Սակայն 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանն առաջիններից հենց հետախուզական ծառայություններին էր մեղադրել, թե պատերազմի հնարավորությունը համարել են քիչ հավանական՝ «ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է, չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է, թե, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն»՝ մոռանալով, որ, օրինակ, ԱԱԾ-ին հանձնարարում է գնալ ու սատանա բռնել, ԱԱԾ տնօրենին հրահանգում էր գնալ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգել, նախկին իշխանություններին հետապնդել, իր թիմակից նախարարներին ու այլ պաշտոնյաների սենյակներում ժուչոկներ դնել, ընդդիմադիր գործիչներին ապօրինի գաղտնալսել, իր անձնական անվտանգությունն ապահովել: Սա հաստատել էր նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:
Ի դեպ, 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում խոստացել էր՝ «ունենալու ենք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը»:
Իսկ 2020-ի պատերազմից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՀՀ վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, ոչ միայն հայտարարել էր, թե ունենալու ենք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, այլ փակագծեր բացել դրա պատճառների մասին:
«Սա կարևոր կետ է մեր տեսլականի, ինչ է սա նշանակում: Նշանակում է հետևյալը. իմանանք ավելին այն անհրաժեշտ ինֆորմացիայի, որը պետք է աշխարհի հետ հարաբերվելու համար: Սա նշանակում է՝ ավելի լավ ճանաչել աշխարհը գործնական առումով, և հնարավորություն ունենալ հասկանալ՝ ինչու և որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում, և որտեղ է, որ մենք պիտի ուղղենք մեր մասին պատկերացումներն աշխարհում»:
Ըստ էության, նախքան 44-օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը տեղավորվում է պատերազմից հետո առաջ եկած խաղաղության դարաշրջանի գաղափարի և տրամաբանության մեջ: Չմոռանանք, որ 2021-ի գարնանը Փաշինյանը գնացել էր Արագածոտնի մարզ՝ համոզելու, որ դադարենք թուրքին թշնամի տեսնել:
Արդեն պատերազմից հետո շրջանառության մեջ դրված «Արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագծում նշվում էր, որ Արտաքին հետախուզական գործունեության նպատակների մեջ է մտնում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և բնապահպանական բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը:
Փաշինյանը 2022 թվականի դեկտեմբերին Կառավարության նիստի ժամանակ հիմնավորել էր Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման որոշումը՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:
«Աշխարհը փոխվում է դինամիկ ձևով, և արտաքին հետախուզական ձևերը և մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան: Այդ իմաստով, կարծում եմ՝ կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ»:
Իշխանությունն իր այս մտադրությունը հիմնավորել էր ոչ միայն հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությամբ կամ նոր որակի Հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայականով, նաև նրանով, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն, այլև, որ արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում խնդիրներ են եղել, ինչի մասին վերևում նշեցինք:
Ի դեպ, 2021թ․ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Արտաքին հետախուզական ծառայություն Հայաստանը մինչ այսօր էլ ունեցել է, որը գործել է ԱԱԾ կառույցի ներսում։
Հակադարձմանը՝ հետաքրքիր է, որ եթե կար նման ծառայություն, ինչո՞ւ ժամանակին չենք զգուշացրել, որ ենթադրենք՝ պատերազմ կարող է սկսվել սեպտեմբերի վերջին, ունեցե՞լ ենք նման հետախուզական վերլուծություն, Գրիգորյանը պատասխանել էր.
«Միացյալ Նահանգները, ունենալով աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկը, 2001թ. սեպտեմբերի 11-ի մասին հստակ ինֆորմացիա և կանխարգելման գործողությունների հնարավորություն չի ունեցել։
Մենք արձանագրում ենք, որ էդպիսի խնդիր ունեցել ենք, նաև, որպեսզի հետագայում մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնել անվտանգության սպառնալիքները գնահատելու մասով, որոշում ենք կայացրել, որ էսպիսի կառույց ստեղծենք: Բայց սա միայն, կարելի է ասել, արտաքին հետախուզության խնդիր չի, սա ընդհանուր հետախուզական համայնքի խնդիր է, որպեսզի անվտանգության բոլոր կառույցները կարողանան շարունակական սպառնալիքների գնահատում կատարել և դրա միջոցով նաև կարողանան կանխարգելիչ գործողությունների առաջարկություններ ներկայացնել»:
Հետաքրքիր է՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԽ քարտուղարն ակնարկում էր պատերազմի վերսկսման ժամկետի հետ կապված հետախուզական տվյալների բացակայության մասին, մինչդեռ 2021-ի մարտի 12-ին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասում էր, որ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին պիտի Արցախի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացներ, սակայն մտափոխվել է:
Ավելին, Նիկոլ Փաշինյանը նման ծառայության ստեղծումը հիմնավորում էր, օրինակ, 2016 թվականի Ապրիլյան պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում խնդիրներով, մինչդեռ իշխանափոխությունից հետո, երբ Արշակ Կարապետյանին որոշել էր իրեն խորհրդական կարգել, ով Ապրիլյանի ժամանակ ռազմական հետախուզության ղեկավարն էր եղել, պնդել էր՝ «քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»:
Այս ամենը ստիպում է ենթադրել, որ կա արտաքին պահանջ՝ փոխել արտաքին հետախուզական ձևերը և մեթոդները, այն զարգացնել այնպիսի բանաձևերով, որոնք միշտ չէ, որ ուղիղ կապ կարող են ունենալ զինվորական բնույթի ծառայության հետ: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս հարցում պետք է ունենալ նոր հրահանգիչ-դերակատարներ, որոնց մասին արդեն իսկ խոսվում է, որոնց ներկայացնող երկրներից գուցե այցեր են լինում Հայաստան:
Հավելենք, որ իշխանամերձ շրջանակներից արդեն քանի ամիս խոսում են պաշտպանական համակարգում արևմտյան երկրներից խորհրդատուների ժամանումների մասին: Մասնավորապես, փետրվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանամետ փորձագետ Արեգ Քոչինյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից 5-10 խորհրդական են ժամանել Զինված ուժեր: Ի դեպ, Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ևս նման ակնարկ էր արել:
Մարտի 2-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ նպատակով են Հայաստան եկել այս խորհրդականները, արևմտյան ուրիշ ո՞ր երկրներից են նախատեսվում խորհրդական-հրահանգիչների այցեր և ներգրավվածություն Զինված ուժերում բարեփոխումների գործընթացին:
Մարտի 19-ին մեզ ուղարկված պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունն առանց հստակեցումների՝ նշել էր.
«Ի պատասխան մարտի 2-ի Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում և օգտագործում է միջազգային գործընկերների փորձը, ստանում փորձագիտական և խորհրդատվական օժանդակություն»:
Այն, որ անվտանգային կարևոր փաստաթղթի կամ բարեփոխումների շրջանակում Հայաստանը հաշվի է առել միջազգային փորձը, ստացել խորհրդատվական օժանդակություն, դա նոր բան չէ:
Հարցն այստեղ շատ հստակ էր և վերաբերում էր կոնկրետ հայտարարության, և պաշտպանական գերատեսչությունը սահմանափակվել է հերթապահ նախադասությամբ, իհարկե, կարող ենք ենթադրել և ասել, որ չի հերքել իշխանամերձ փորձագետի հայտարարությունը: Բայց չգիտենք, թե ինչ հարցերի շուրջ խորհրդատվության մասին է խոսքը:
Ռազմական ոլորտում անվտանգային և ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար պետք է իրականացվի պաշտպանական ռազմավարության վերանայում՝ ՊՌՎ, նման գործընթաց չի արվել, ինչպես մեզ հայտնել էին ՊՆ-ից և ԱԽ գրասենյակից: Այս մասին 168.am-ը մանրամասն վերլուծություն էր ներկայացրել, իսկ սա առաջին հերթին ԱԽ գրասենյակի գործառույթն է:
Նշենք, որ Պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը նախատեսված է նաև Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինով, իսկ այդ գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում սկսած 2008թ.-ից:
Ինչ վերաբերում է Արտաքին հետախուզական ծառայության՝ արտաքին վտանգների չեզոքացման կարողությանը, ապա բավական է, թերևս, հաշվի առնել ծառայության ղեկավարի և հատկապես՝ տեղակալների կենսագրականները:
Եվ հետո, ինչպես նշեցինք, շատ կարևոր է, թե քաղաքական ղեկավարությունը ո՞ր երկրին է համարում սպառնալիք Հայաստանի համար՝ ըստ քաղաքական օրակարգի նպատակահարմարության:
Իսկ թե ի՞նչ չափի ներդրում ունի Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը Փաշինյանի թուրք-ադրբեջանական շահերին չհակադրվող քաղաքականությանը, կամ՝ արդյո՞ք լրացվել է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ կոնֆիդենցիալ տեղեկությունների բազան՝ ժամանակը ցույց կտա: Թեպետ Փաշինյանն անգամ պատերազմից առաջ իր ունեցած կոնֆիդենցիալ տեղեկությունները չի կիրառում մինչև օրս Ալիևի դեմ, գուցե իր դեմ առկա տեղեկություններն առավել ծանրակշի՞ռ են…