Հայաստանում այլևս օրակարգ թելադրողը Բագրատ սրբազանն է. Խորեն Մարդոյան

Կանադայի Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանը պնդում է՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը Հայաստանը տանում է կործանման. երկիրը բերել-հասցրել են այն վիճակին, որ մեր պետականությունն այլևս կարող է գոյություն չունենալ, ինչը կանխելուն միտված պայքար է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, որին միանալու համար էլ, ըստ Խորեն Մարդոյանի, ինքը եկել է Հայաստան։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Խորեն Մարդոյանն ընդգծեց նաև, որ Հայաստանի այս իշխանությունը ներկայացնում է օրակարգ չթելադրող մարդկանց մի խումբ, որոնք իրենց սպառել են ինչպե՛ս Հայաստանում, այնպե՛ս էլ սփյուռքում։

«Հայաստանում այլևս օրակարգ թելադրողը Բագրատ սրբազանն է՝ իր առաջնորդած շարժումով։ Հայաստանում ամեն օր այս շարժումն ավելի է ուժգնանում։ Կասկած չունեմ, որ այն հասնելու է իր հաղթանակին, իսկ իշխանությունն ինչ ուզում է՝ թող ասի. նրանց ստերի և կեղծիքի ժամանակն այլևս ավարտված է։ Նրանց չեն լսում ոչ Հայաստանում, ոչ դրսում»,- ասաց Մարդոյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այսօր լինել շարժման կողքին, նշանակում է լինել հայ և լինել Հայաստան պետության կողքին, իսկ նրանք, ովքեր շարժման հետ չեն, իրենք չեն կարևորում ազգային աժեքները, պետականությունը, չեն կարևորում Հայ Առաքելական սուրբ եկեղեցին։

«Եվ թող այս իշխանությունները չխոսեն այն մասին, թե նման բան ասելով՝ ջրբաժաններ են գցվում. առաջին ջրբաժան գցողները եղել են հենց իրենք»,- ասաց Մարդոյանը՝ ընդգծելով, որ փաշինյանականներն իշխանության են եկել դրսի ուժերի հովանավորությամբ։

«Այս շարժումը պայքար է Հայաստանի ներսում ձևավորված թուրքական շահը սպասարկող իշխանության դեմ։ Այս իշխանությունը սպասարկում է թուրքի շահը, և Բագրատ սրբազանի շարժումը դեմ է հենց դրան»,- ասաց Խորեն Մարդոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս