«Հակակղերականության» հետնաբեմում
Երբ մայիսի 15-ին՝ ժ. 16-ին, Գրողների միությունում կազմակերպված միջոցառումից հետո մոտեցել էի Օպերային թատրոնին ու տեսել Ազատության հրապարակը ծայրից ծայր աքցանի մեջ առած ոստիկանների և կարմիրբերետավորների պատը, երկու պատկեր էր միայն մտքումս հայտնվել:
Առաջինը խորհրդային տանկերով շրջապատված Օպերան էր 1988-ին, ծնողներիս հպարտ, խտացած ցավը, որ ինձ էր փոխանցվում: Մյուսը 2008 թ. մարտի մեկի պատկերն էր՝ նույնանման ոստիկանական պարսպով, որ վաղ առավոտից օղակել էր Օպերային թատրոնի բակը. այդ օրը՝ ժ. 9-ին, դաս ունեի Բրյուսովի համալսարանում, 8-ին տաքսին կանգնեցրել էի Օպերայի մոտ ու տեսել էի այն, ինչ երբեք չեմ մոռանա:
Մայիսի 15-ին այդ նմանությունն առաջին բանն էր, որ ցնցել էր ինձ: Եվ ես ուզել էի դա ճչալ, հայտարարել՝ որպես ներկա կառավարության տրամաբանական ավարտ ու դատավճիռ, որպես շատ կարևոր մի միտք, բայց բավարարվել էի՝ ընդվզած ամբոխի մեջ պատահաբար հանդիպած հորեղբորս դա ասելով, ու անմիջապես էլ հասկացել, որ ակնհայտ իրողությունն ասելու կարիք չկար, որովհետև, հավանաբար, բոլորն էին դա հասկացել…
Մայիսի 28-ի դրվագն ինձ մանկության ֆիլմերից եկող մի պատկեր միայն հիշեցրեց՝ օկուպացված քաղաքի պատկերը:
Եթե մինչ օրս ոմանք կասկածներ ունեին, փնտրում էին համապատասխան բառեր կամ փոխաբերություններ, ապա մայիսի 28-ին Սարդարապատի հուշակոթողի մոտ տեղի ունեցածից հետո առնվազն մի բան պարզ է բոլորի՝ ընդհուպ սև/սպիտակ դոկտրինի երդվյալ ջատագովների համար. մենք թևակոխել ենք օկուպացված Հայաստանի իրողություն, և այս օրվա ոստիկանական պատը՝ Վեհափառի և Մայր Աթոռի պատվիրակության առջև փլուզվող և ողբալիորեն վերսկսվող իր տխեղծ բալետով, դրա ապացույցն էր: Մենք ստիպված ենք ապրել, շնչել, մեր գործողությունները հաշվարկել այդ տրամաբանությամբ, օկուպացված երկրում, որտեղ ուժային կառույցները կոչված են կաշկանդելու, սահմանափակելու, ճնշելու ազգաբնակչության մտքի և գործողությունների ազատությունը, հետևողականորեն կաշկանդելու և, ի վերջո, կաթվածահար անելու այն ամենը, ինչի վրա խարսխված է ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը:
Ես իրավաբան չեմ և այդ ամենին հետևում եմ պարզ քաղաքացու հայացքով, փնտրում եմ տրամաբանական բացատրություն: «Արարողակարգային» ի՞նչ հիմնավորում, ի՞նչ նորօրյա տրամաբանություն է թաքնված հոգևորականների մուտքը Սարդարապատ արգելող որոշման մեջ: Ի՞նչ հիմքեր պետք է ունենան պետության պաշտոնական ներկայացուցիչները նման արգելքը պարտադրելու, եթե ոչ՝ պետական մակարդակով հրապարակային անարգանքի ինստիտուցիոնալիզացիան, այնքան չարչրկված «բեզպրեդելի» սրբադասումը՝ ուղղված երևույթների և կառույցների դեմ, որոնք դարեր ի վեր ազգային բարձրագույն արժեք են:
Գաղտնիք է մնում, թե ամենաբարձր ամբիոններից ինչին է «կղերականություն» որակումը տալիս երկրի «հակակղերական» ղեկավարը: Եթե դա հասարակական, պատմական, երբեմն էլ քաղաքացիական այն ծանր բեռն է, որ պատմական հանգամանքների բերումով պարբերաբար ստիպված է եղել ստանձնել հայ Եկեղեցին՝ որպես հայ մտքի, հոգու և ուժի միակ գործող կենտրոնը պաշարված, աքցանի մեջ վերցված իրողության մեջ, ապա երկրի ղեկավարի հակամարտությունը մեր պատմության հետ է, մեր ժողովրդի պատմությունն է նրա գլխավոր հակառակորդը: Ի՞նչ է թաքնված «հակակղերական» այդ գռեհիկ խոսույթի հետևում, որ էկրաններից և հարթակներից այսօր այնքան առատորեն շատրվանում է հանրային կյանք և մեր առօրյա, գուցեև գտնում իր ջանադիր համախոհներին:
Եկեղեցու արտահայտած ոչ մի դիրքորոշում, ոչ մի մասնակցություն, ընդհուպ՝ աջակցություն քաղաքացիական-հասարակական կյանքի այս կամ այն գործընթացին չի կարող դառնալ նման գործելակերպի բանական բացատրություն Առաջին Հանրապետության տարելիցի օրը:
Եթե ՀՀ իշխանությունը ներկայացնող անձը, որն ազգային տոնի ոգեկոչման օրն իր արտաբերած պաշտոնական ելույթի մեջ չերկնչեց քաղաքացիներին հիշեցնել «իրենց վերնախավ համարող մեկուսացած խմբերի» սպառնալիքը, լուրջ տարաձայնություններ ունի Մայր Եկեղեցու հետ, մի՞թե չի տիրապետում ուրիշ ոչ մի լեզվի՝ ուժայինների բեմադրված բալետներից և հրապարակային վայրագության ցուցադրումից զատ… Մի՞թե քաղաքակիրթ լեզվի և արտահայտչաձևերի այս չտիրապետումն ինքնին խնդիր չէ, և, թերևս, թիվ մեկ խնդիրը, որ վերաբերում է յուրաքանչյուրիս: Մի՞թե ոստիկանական վայրագ պարիսպը հերոսաբար ճեղքող հայ հոգևորականների վեհ, կորովի դեմքերին հետևելիս հնարավոր է այլ ապրում ունենալ՝ բացի հպարտությանը և հիացմունքին միախառնվող ցավից և վրդովմունքից…
Երեխան անգամ հասկանում է. Իրենց թանկ ներկայությունից զատ՝ Կաթողիկոսը, Մայր Աթոռը խորհրդանիշներ են: Եվ հենց այդ խորհրդանիշի անարգման փորձին ենք մենք ականատես՝ հրապարակավ և պետական մակարդակով:
Եթե թքարտադրության ինստիտուցիոնալիզացիան վերաբերում էր յուրաքանչյուրիս քաղաքացիական իրավունքին և արժանապատվությանը, ապա մայիսի 28-ին Սարդարապատում կատարվածը ոտնձգություն է մեր պատմամշակութային ժառանգության, հոգևոր, մտավոր, բարոյական այն դաշտի դեմ, որի կրողն ենք մենք:
Եվ սա՞ է, հավանաբար, ժողովրդավար և նորագյուտ Հայաստանի այն պատկերը, որի տեսիլն ամենաբարձր ամբիոններից և այնքան հետևողականորեն հինգ տարի շարունակ հրամցնում են մեզ. ԱԺ նախագահը թքում է իր հայրենակցի դեմքին՝ ընդ որում՝ իր հաշվեհարդարի իրագործմանը հասնելով իր թիկնազորի ջերմագին և անմիջական օգնությամբ: ՀՀ քաղաքացիների հարկերով սնվող, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական և բարոյական անվտանգությունն ապահովելու կոչված ոստիկանները, առանց որևէ տրամաբանական հիմնավորման, բռունցքներն են ցույց տալիս Հոգեշնորհ Հայրերին… Եվ հարգված են բոլորիս իրավունքները, և սա՞ է, իսկապես, ժամը «Քաղաքացու»…
Նույնիսկ խորհրդային ամենապղտոր տարիներին իշխանության ներկայացուցիչների մեջ երբևէ չի մարել մի պարզ գիտակցություն. անկախ հոգևոր դասի ներկայացուցչի անձից, անձնային հատկանիշներից, հայացքներից և ընտրություններից՝ Հայ Առաքելական եկեղեցու ներկայությունն ինքնին իր մեջ խտացնում է խորհրդանիշների, արժեքների, պատմամշակութային ժառանգության մի ամբողջ համակարգ, որի դեմ ոտնձգությունն ինքնըստինքյան կարող է ուղղվել սեփական մշակույթի և ժողովրդի դեմ, առավել ևս՝ հայրենիքի համար վտանգված և աղետալի ժամանակներում: Կա՛մ մենք ընդունում ենք մեր պատմությունն ու, տարբեր հարցերի վերաբերյալ քննադատ հայացք ունենալով հանդերձ, կրողներն ենք այդ հիշողության, կա՛մ որոշում ենք, որ իսկապես եկել է սեփական ձեռքերով չ-հիշողության հմուտ ձեռնածուներ կերտելու ժամանակը (ուրիշ բնորոշում, ավա՜ղ, դժվար է գտնել անձնագրով հայ ոստիկանների ոչինչ չարտահայտող դեմքերին նայելիս):
Սա ահագնացող մի հարց է, որ այսօր կանգնած է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու առջև:
Շուշանիկ Թամրազյան
29.05.2024