Բաժիններ՝

Դիլիջանի միջազգային քոլեջը բաց է բոլորի համար` անկախ ծագումից և սոցիալական վիճակից

UWC Դիլիջան քոլեջն իր դռները կբացի 2014թ. սեպտեմբերին: Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023թ. կհասնի 650-ի` 60 երկրներից: Դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30 հազար դոլար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների միջոցով:

Հայաստանցի շնորհալի և բազմակողմանի զարգացած երեխաները կկազմեն UWC Դիլիջան քոլեջի աշակերտների 10-12%-ը, սփյուռքի հայ համայնքներից դպրոցում ուսանող աշակերտների քանակը կկազմի մոտ 30%:  Այսօր` հունվարի 24-ին, UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը, UWC Դիլիջան քոլեջի գործընկեր հիմնադիր անդամ և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը՝  դպրոցի մի քանի այլ ներկայացուցիչների հետ, հանդիպեց լրագրողներին՝ ներկայացնելով UWC Դիլիջան քոլեջի առաջիկա ծրագրերը:

UWC Դիլիջան քելեջի տնօրեն Ջոն Փադըֆութը նշեց, որ իրենց դպրոց կարող են դիմել բոլոր ցանկացողները՝ լրացնելով հայցադիմումը կայքի միջոցով: Հայտերը լրացնելու վերջնաժամկետը 2014թ. փետրվարի 17-ն է, դիմորդների ընտրությունը կատարվելու է մարտին:

Dilijan

Կարդացեք նաև

big_1390561697_9633407

«Մեր, ինչպես և UWC դպրոցներում ընդհանրապես, ընտրությունը կատարվում է բացառապես մրցակցային հիմունքներով, և այս ընտրության համակարգը բոլոր թեկնածուներին տալու է հավասար հնարավորություններ` անկախ նրանց ծագումից, կրոնից, լեզվից և ծնողների ֆինանսական հնարավորություներից»,- ասաց Ջ.Փադըֆութը` նշելով, որ իրենք հավաքելու են տարբեր երկրներից շնորհալի աշակերտների, ովքեր խանդավառված են և աշխարհը փոխելու մեծ ցանկություն ունեն:  Նրա խոսքով` UWC Դիլիջան քոլեջը հնարավորություն կտա աշակերտներին շարունակելու կրթությունն աշխարհի առաջատար համալսարաններում, քանի որ դպրոցում կիրառվելու են լավագույն մրջազգային կրթական ծրագրերը, որոնք դասավանդելու են միջազգային տարբեր քոլեջներում դասավանդման փորձ ունեցող դասախոսները:

Ջոն Փադըֆութը նշեց նաև, որ դպրոցում դասավանդվելու է հայոց լեզու, մշակույթ և պատմություն առարկաները: «Մենք այս առարկաների համար կընտրենք նաև ուսուցիչների, ովքեր չունեն միջազգային բակալավրիատի դասավանդման փորձ, և նրանց կվերապատրաստենք` մեր դպրոցում դասավանդելու համար»,- ասաց UWC Դիլիջան քոլեջի տնօրենը:

big_1390561697_7955363

UWC Դիլիջան քոլեջի գործընկեր հիմնադիր անդամ և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդի խոսքով` UWC Դիլիջան քոլեջը լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որը նորովի կներկայացնի Հայաստանն աշխարհի կրթօջախների քարտեզի վրա՝ ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների հյուրընկալելով Հայաստանում:

«Սա մի փորձառություն է, որը կարող է փոխել այդ երեխաների, նրանց ծնողների և շրջապատող աշխարհի մտածելակերպը: Հենց այնպես, ինքն իրեն ոչինչ չի լինում, պետք է միայն փորձել. առաջին անգամից գուցե և չհաջողվի հաջողության հասնել, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է աշխատել և մեծ համբերություն ունենալ»,- ասաց Վ.Զոնաբենդը:

Նրա խոսքով` UWC  Դիլիջանի քոլեջը պարզապես դպրոց չէ մեծահարուստների համար, այն  դպրոց է, որը բաց է լինելու բոլորի համար` անկախ այդ երեխաների ծնողների կարողությունից և ֆինանսական վիճակից: «Մեզ պետք են մարդիկ, ովքեր իսկապես ուզում են և խանդավառված են և աշխարհը փոխելու կրքով են համակված»,- ասաց Վ. Զոնաբենդը` ավելացնելով, որ այս  դպրոցում սովորելու են տարբեր երկրների և մշակույթների ներկայացուցիչներ, ովքեր կողք կողքի ապրելու են, միասին ուրախանալու և լացելու են, կիսելու են իրենց առօրյան, իսկ տարիներ անց, երբ մեծանան, նրանք կարող են դառնալ աշխարհի առաջնորդներ:

Տեղեկացնենք, որ UWC Դիլիջան քոլեջի նախագծի հիմնադիրներն են Ռուսաստանից հայազգի գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանը, Վերոնիկա Զոնաբենդը, Գագիկ Ադիբեկյանը, Օլեգ Մկրտչյանը և Վլադիմիր Ավետիսյանը:

Ծրագրին աջակցում է դոնորների միջազգային խումբը` հայտնի գործարարներ Դանիել  Խաչատուրովը, Նուբար Աֆեյանը, Զիյավուդին Մագոմեդովը: Դպրոցի նվիրատուներից են Մայքլ Օբերմայերը, Սամվել Կարապետյանը, Անդրեյ Շառոնովը, Սերգեյ Սարկիսովը, Սուլեյման Քերիմովը, Անատոլի Չուբայսը, Վիկտոր Վեկսելբերգը և այլք:
UWC  Դիլիջան քոլեջում և UWC այլ դպրոցներում սովորելու համար կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիեները, որոնք 2014 թվականի օգոստոսի վերջի դրությամբ կլինեն 16 տարեկան, բայց ոչ ավելի, քան 18 տարեկան:

Նշենք, որ վաղը` հունվարի 25-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի «Փարամազ Ավետիսյան» մասնաշենքի «Աքյան» արվեստի սրահում Միացյալ աշխարհի քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի Հայաստանի ազգային կոմիտեն և  «UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կկազմակերպեն «Բաց դռների օր» բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել UWC համակարգում: Միջոցառումը կմեկնարկի ժամը 11:00-ին:

Միջոցառման պաշտոնական էջը «Ֆեյսբուք»-ում այստեղ. 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս