Դիլիջանի միջազգային դպրոցում աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար
Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունը սկսվել է դեռևս մեկ տարի առաջ: Դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել 2014թ. հունիսին, իսկ նույն տարվա սեպտեմբերին կընդունվեն առաջին աշակերտները: Այս դպրոցում սովորելու է մոտ 650 աշակերտ: Դպրոցը կգործարկվի երկու փուլով. առաջինը կսկսի 2014 թվականի սեպտեմբերին, երբ Դիլիջանի միջազգային դպրոցը կբացի իր դռները, իսկ մյուսը կսկսվի 2017 թվականին: Առաջին փուլում սովորողները կլինեն 16-19 տարեկան աշակերտները, իսկ հետագայում կլինեն արդեն նաև 13 տարեկանից սկսած սաները:
Հիշեցնենք, որ Դիլիջանում միջազգային դպրոցի ստեղծման գաղափարը պատկանում է Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանին և նրա կնոջը` Վերոնիկա Զոնաբենդին:
Այսօր Վերոնիկա Զոնաբենդը և դպրոցի երկու այլ հիմնադիրներ, մոսկվահայ գործարարներ` Գագիկ Ադիբեկյանի և Վլադիմիր Ավետիսյանի հետ միասին լրագրողներին ներկայացրեցին դպրոցի գործարկման վերաբերյալ մանրամասները:
Այսպես, ըստ Վ. Զոնաբենդի` դպրոցում սովորելու մեկ տարվա արժեքը կկազմի մոտ 30 հազար դոլար, սակայն աշակերտների 90%-ը դպրոցում սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Հայաստանցի երեխաները կազմելու են Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտների 10-12%-ը, իսկ սփյուռքի հայ համայնքներից դպրոցում սովորող աշակերտները կկազմեն դպրոցում սովորողների մոտ 30%-ը: Վ. Զոնաբենդի խոսքով` դպրոցում թեև ուսումը լինելու է անգլերեն, քանի որ այն միջազգային մասնավոր դպրոց է, որտեղ սովորելու են նաև արտասահմանցիները, սակայն կդասավանդվի նաև հայերենը:
Սպասվում է, որ հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա Միացյալ hամաշխարհային քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ կտա աշակերտներ համախմբել ավելի քան 100 երկրներից:
«Ընդհանրապես կրթությունը այժմ համարվում է բիզնեսի ամենահեռանկարային տեսակներից մեկը, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը ծավալուն բարեգործական նախաձեռնություն է, որն ունի ավելի քան 135 մլն դոլարի (առանց հարկերի) բյուջե միայն կապիտալ շինարարության համար»,- ասաց Վ. Զոնաբենդը` նշելով, որ տարիների ընթացքում կաճեն նաև դպրոցի գործառնական ծախսերը:
Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունն իրականացնում է RD Group ընկերությունների խումբը: RD Group խմբի տնօրենների խորհրդի նախագահ, Դիլիջանի միջազգային դպրոցի համահիմնադիր Գագիկ Ադիբեկյանի խոսքով` Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագիրը բավական մեծ ծրագիր է և միայն դպրոցով չի սահմանափակվի: «Որքան մեծ լինի այս նախագծի հաջողությունը, այնքան շատ համակիրներ այն կունենա: Դպրոցի ստեղծումից հետո Հայաստանը կսկսի «արտահանել» միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, որն այսօր ամենապահանջված ռեսուրսներից մեկն է աշխարհում: Այդ ծրագրով մարդիկ կարող են ժամանել Դիլիջան և զգալ հայի ոգին, որն ունի մեր ազգը: Ազգի արժեքը նաև այն է, թե ինչ արժեք մենք կարող ենք տալ աշխարհին»,- ասաց Գ. Ադիբեկյանը:
Դպրոցի հիմնադիրներից գործարար Վլադիմիր Ավետիսյանն իր խոսում նշելով, որ հպարտ է այս ծրագրում իր մասնակցությամբ՝ ասաց. «Իրականում Հայաստանը շատ բան է տվել աշխարհին, դա և գիտնականներն են, և արվեստի ոլորտի գործիչներն են, և բժիշկներն են, և իրավաբաններն են, և հաջողակ բանկիրներն ու գործարարներն են: Եթե դուք վերցնեք աշխարհի ցանկացած երկիր, ապա այդտեղ կգտնեք հսկայական քանակությամբ հայերի, ովքեր հաջողած մարդիկ են: Կարծում եմ՝այս ծրագիրը կօգնի դադարեցնել նմանանատիպ մարդկանց արտահանումը»,- ասաց Վ. Ավետիսյանը` նշելով, որ շատերն են հարցնում՝ դպրոցի բացումից հետո ինչ պետք է փոխվի Դիլիջանում, սակայն, ըստ գործարարի, այդ փոփոխություններն ակնհայտ են լինելու` խոսքը Դիլիջանի զարգացման մասին է:
«Երեխաների մեջ կատարված յուրաքանչյուր ներդրում՝ ներդրում է ապագայի մեջ և նրա մեջ, թե ինչպիսին է լինելու աշխարհն ապագայում: Իհարկե, հրաշալի գաղափարները շատ-շատ են, սակայն պետք է լինի այնպիսին, որի համար դու պատրաստ ես քո գրպանից գումար տալ, քանի որ մեկի համար դու կարող ես գումար տալ, իսկ մյուսին պատրաստ չես այն տրամադրել»,- ասաց Վ. Ավետիսյանը` նշելով, որ այս ծրագրին իր մասնակցությունը պայմանավորված է իր հայկական արմատներով, Հայաստանով և անկասկած Ռուբեն Վարդանյանով. «Սա Վարդանյանն է և Հայաստանը: Այդ է պատճառը, որ ես նման որոշում կայացրեցի»,- ասաց գործարարը և ավելացրեց. «Հրավիրելով ինձ մասնակցել այս ծրագրին՝ ընկերներս ինձ հնարավորություն տվեցին պարտքս վերադարձնել իմ նախնիների երկրին: Այն ոչ թե այսօրվա, այլ վաղվա նախագիծ է»:
Նա նշեց նաև, որ սեպտեմբերի 5-ին Դիլիջանի միջազգային դպրոցի տարածքում և սեպտեմբերի 8-ին Ստեփանակերտում կկայանա D’Black Blues Orchestra խմբի համերգը: Այս խմբում համախմբված են երաժիշտներ 5 երկրներից`Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից և Իսպանիայից: Խմբի մենակատարը հենց ինքն է՝ Վ. Ավետիսյանը` ռուսաստանցի հայտնի գործարարը, ով «Վոլգոպրոմգազ» հոլդինգի սեփականատերն է:
Նշենք, որ սեպտեմբերի 5-ի համերգը նվիրված է լինելու Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդանշական ժամացույցի գործարկմանը: Այն խորհրդանշելու է, որ մինչև դպրոցի բացումը մնում է մեկ տարի:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնաբենդի, Գագիկ Ադիբեկյանի և Վլադիմիր Ավետիսյանի հետ միաժամանակ դպրոցի համահիմնադիրներն են հայտնի գործարարներ Դանիել Խաչատուրովը, Նուբար Աֆեյանը, Զիյավուդին Մագոմեդովը: Դպրոցի նվիրատուներից են Մայքլ Օբերմայերը, Սամվել Կարապետյանը, Անդրեյ Շառոնովը, Սերգեյ Սարկիսովը, Սուլեյման Քերիմովը, Անատոլի Չուբայսը, Վիկտոր Վեկսելբերգը և ուրիշներ: