Ինչպես է կանխվել շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի տարանցիկ փոխադրման փորձը. մանրամասներ
Հունվարի 17-ին Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը, ՀՀ ԱԱԾ հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է մոտ 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց: Այս աննախադեպ դեպքի առավել ուշագրավ մանրամասների շուրջ զրուցեցինք ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հետ:
– Պարոն Գուրողլյան, Ձեր ղեկավարած վարչությունն օրերս թմրամիջոցի աննախադեպ խոշոր խմբաքանակ է հայտնաբերել: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչպե՞ս հաջողվեց կանխել դեպքը: Արդյո՞ք տվյալ բեռնատարն առաջին անգամ է հատել հայկական սահմանը:
– Նախ ասեմ, որ 2014թ.-ի հունվարի 17-ին հայտնաբերված մոտ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջոցն, իսկապես, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլ նաև տարածաշրջանում: Պետք է փաստել, որ այդ նույն` «DAF», մակնիշի բեռնատարի նկատմամբ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 27-ից էինք հսկողություն սահմանել, երբ տարանցիկ փոխադրմամբ Վրաստանից Իրան այդ մեքենայով փայտանյութ էին տեղափոխել: Հենց այդ ժամանակ էլ Բագրատաշենի սահմանային անցակետում «Rapiskan» ռենտգեն համակարգով մեքենան զննման ենթարկելուց հետո, Նախաբացթողումային հսկողության վարչության ընթացակարգի համաձայն, մեքենայի ռենտգեն պատկերն ուղարկվել է վարչություն` վերլուծություն և ռիսկային գնահատում կատարելու համար:
Համապատասխան վերլուծությունից հետո վարչության կողմից բեռնատարի պատկերը գնահատվել էր ռիսկային և վերցվել հսկողության: Նշեմ, որ մեզ կասկածանքի հիմք տվեց նաև այն հանգամանքը, որ փայտանյութը կիսով չափ էր բեռնված և մեքենայի կցորդի խցիկը սառնարանային էր: Եվ մինչ բեռնատարը կհատեր հայ-իրանական սահմանը, մենք ռենտգեն պատկերն անմիջապես ուղարկել ենք Մեղրիի մաքսակետ` մեքենայի սահմանահատման ժամանակ ռենտգեն պատկերների համեմատություն կատարելու նպատակով:
– Փաստորեն, Մեղրիի մաքսակետում արդեն սպասում էին հսկողության տակ գտնվող բեռնատարի հայտնվելուն:
– Այո, 2013-ի դեկտեմբերի 28-ին, փայտանյութ տեղափոխող մեքենան, Մեղրիի մաքսակետում «Rapiskan» համակարգով զննվելուց հետո, հատել է հայ-իրանական սահմանը: Իսկ շուրջ 20 օր հետո` 2014-ի հունվարի 16-ին, ժամը 17-ի սահմաններում հսկողության վերցված «DAF» մակնիշի բեռնատարն, արդեն դատարկ վիճակում, Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք է գործել Մեղրիի մաքսակետ:
– Այսինքն, արդեն իսկ հսկողության վերցված բեռնատարը Մեղրիի մաքսակետում կրկին զննմա”ն է ենթարկվել:
– Միանշանակ: Մեր վարչության աշխատակիցներն այս անգամ նույնպես «Rapiskan» համակարգով բեռնատարը զննելուց հետո, ռենտգեն պատկերն ուղարկել են Նախաբացթողումային հսկողության վարչություն: Համադրելով 3 ռենտգեն պատկերները, պարզել ենք, որ բեռնատարի կցորդի հատակային մասում առկա է օտար մարմին: Մաքսանենգության կասկածանքով անմիջապես որոշում եմ կայացրել բեռնատարն ուժեղացված մաքսային հսկողության պայմաններում Մեղրիից տեղափոխել Երևան և ենթարկել առավել մանրակրկիտ զննության: Նշեմ, որ, միևնույն ժամանակ, գործընթացն օպերատիվ և առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով վարչությունը համագործակցել է ՀՀ ԱԱԾ հետ:
– Իսկ մաքսանենգները որտե”ղ էին փորձել թաքցնել «թանկարժեք» բեռը:
– «Ալյանս Տերմինալ» մաքսային պահեստում, 2014-ի հունվարի 17-ին, ժամը 19-ի սահմաններում, նախաբացթողումային հսկողության շրջանակներում առավել մանրակրկիտ զննման է ենթարկվել բեռնատարը և մեքենային ամրակցված կցորդի հատակային մասում հայտնաբերված հատուկ հարմարեցված թաքստոցներից դուրս է բերվել «հերոին» տեսակի թմրամիջոցով լցված 47 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 927,6 կիլոգրամ:
– Պարոն Գուրողլյան, իսկ ընդհանրապես, ավելի շատ ո”ր սահմանային անցակետերում են թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր հայտնաբերվում և ի±նչ մեթոդներ են նախընտրում կիրառել մաքսանենգները:
– Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը մեծ մասամբ կանխում ենք հայ-իրանական սահմանին` Մեղրիի մաքսակետում: Սակայն նաև այլ տարածքներում էլ ունենք հայտնաբերումներ, երբ տարանցիկ ճանապարհով ծանրոցների միջոցով փորձ էին արել թմրամիջոց փոխադրել: Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների զգոնության և օպերատիվության շնորհիվ հատկապես վերջին շրջանում հաջողվել է թմրանյութի ապօրինի տեղախոխման բավականին խոշոր խմբաքանակներ բացահայտել: 2013-ին շուրջ 10 կիլոգրամ թմրանյութ ենք հայտնաբերել, իսկ ուղիղ 2 տարի առաջ էլ` 11 կիլոգրամ: Գաղտնիք չէ, որ իրենց հանցավոր մտադրություներն իրականացնելու համար մաքսանենգները բազմաթիվ հնարքների են դիմում: Մեր պրակտիկայում հայտնի են այնպիսի դեպքեր, երբ նրանք անգամ սեփական մարմնի տարբեր մասերն են որպես թաքստոց օգտագործել: Մեր աշխատակիցների զգոնության և տեխնիկական լուրջ վերազինման շնորհիվ այդպիսի փորձերն անհաջողության են մատնվել: