Հավաքե՛ք ձեզ, մանր ու միջին չինովնիկներ
Մեր թերթի նախորդ համարներից մեկում՝ «Պետությունը երեխաներիս կհիշի, երբ գա իրեն պետք լինելու տարիքը» վերնագրով հրապարակմամբ, ներկայացրել էինք երեք անչափահաս երեխաների մայր Մերի Օրդուխանյանի պատմությունը:
Հիշեցնենք, որ վերջինս երեխաների և ծեր տատիկի հետ բնակվում է Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասում գտնվող հանրակացարանային սենյակում՝ ծայրահեղ վատ պայմաններում: Մերիի 12 տարեկան տղան՝ Էրիկը, դպրոց չէր գնում, որի պատճառների մասին կարող եք ծանոթանալ այս հոդվածն ընթերցելով: Մերի Օրդուխանյանի պատմությունը թերթում լուսաբանելուց անմիջապես հետո վերջինիս զանգահարել են Շենգավիթ վարչական շրջանից, մասնավորապես՝ Սոցիալական բաժնի պետ Հասմիկ Ղազարյանը, ում հետ զրույցից հետո Մերին լաց լինելով, վիրավորված` զանգահարեց մեզ` ասելով հետևյալը.
«Ինձ ասում ա՝ ինչի՞ ես դիմել թերթին, էս ի՞նչ սրտաճմլիկ բաներ ես ասել: Չէի՞ր կարում մեզ դիմեիր՝ մենք օգնեինք: Առանց մեզ դիմելու` ինչի՞ ես թերթի տվել: Ու նենց վիրավորական, ծաղրելով, իբր` ամոթ չի՞, որ թերթի ես դիմել: Ես իրան ասեցի՝ Ձեզ չեմ դիմել, որովհետև վստահ եմ եղել, որ ոչ մի բանով չեք օգնելու, համ էլ՝ նպաստառու եմ, ու դուք գիտեք իմ վիճակը: Հետո ծաղրելով ասում ա՝ որ սենց թերթում տպել են, գոնե օգնե՞լ են: Ասեցի՝ հա, անգամ Ամերիկայից են զանգել մեր մասին տվյալները ճշտել, որ օգնեն: Ինձ ասեց՝ ժամը վեցին կգաս թաղապետարան: Հետո, եթե մեզ դիմեիր, շուտով բնակֆոնդ ա լինելու, կփորձեինք քեզ ընդգրկել անօթևանների ցուցակում»:
Ինչևէ, նշանակված ժամին նա այցելել էր վարչական շրջան՝ Հ. Ղազարյանի հետ հանդիպման, որից հետո կրկին զանգահարեց և փոխանցեց, որ այլևս այդ տարածք ոտք չի դնելու:
«Դուք մենակ պիտի տեսնեք, թե ոնց են մարդկանց հետ վարվում, ոնց են ստորացնում, ծաղրում բաժնի աշխատակիցների ներկայությամբ: Ինչի՞ ես թերթին դիմել, հա ինչի՞ ես դիմել… Այսինքն՝ ամեն մի գործողություն անելուց պարտավոր ենք իրանց թույլտվությունը խնդրե՞լ: Ես իրանց բացատրեցի, որ ուրիշ ճար չունեմ, էսքան տարի էստեղ ապրել եմ, երբևիցե ինձնով չեն հետաքրքրվել, ես էդ համայնքից եմ, չէ՞, նպաստառու եմ, չէ՞, իմ վիճակի մասին տեղեկություն իրանք ունեն: Սկսեցին մուննաթով, ծաղրելով` բա որ էդքան երեխա էիր ունենում, չէիր մտածո՞ւմ պահելու մասին, ո՞ւմ հույսով էիր ունենում, ինչի՞ էիր երեք երեխա բերում: Այսինքն՝ հարցեր, որոնք հաստատ պիտի տային, եթե ես երբևիցե իրանց դիմեի: Հավատացե՛ք, վիրավորված, հուզված` թողել դուրս եմ եկել»,- ասաց Մ. Օրդուխանյանը՝ վստահեցնելով, որ այլևս ոտք չի դնելու վարչական շրջան:
Երեկ մենք զանգահարեցինք Շենգավիթի Սոցիալական բաժնի պետ Հ. Ղազարյանին՝ պարզաբանելու, թե ինչ իրավունքով են քաղաքացուն նման կերպ վերաբերվում, և հատկապես, ինչո՞ւ ՀՀ քաղաքացին լրատվամիջոցին դիմելիս` պետք է վարչական շրջանի պաշտոնյաներից թույլտվություն հարցնի:
«Ես, այո, ասել եմ՝ ինչո՞ւ ես թերթին դիմել, բայց ասել եմ՝ մեզ դիմեիր, մենք կօգնեինք, իսկ եթե չօգնեինք, նոր ում ուզում էիր՝ դիմեիր»,- ասաց Հ. Ղազարյանը: Մենք անշուշտ, նկատեցինք` «Բայց չէ՞ որ նա յոթ, տարի է, ինչ բնակվում է ձեր համայնքում, նպաստառու է, տեսուչը պարտավոր է պարբերաբար տնայցեր կազմակերպել և սոցիալական պայմանների մասին զեկուցել, հետևաբար` Դուք պետք է որ տիրապետեիք այս ընտանիքի մասին տեղեկատվությանը»:
Հ. Ղազարյանը վստահեցրեց, որ համայնքում անապահով ընտանիքները հազարավոր են, և ինքը ֆիզիկապես անկարող է անձամբ այցելել բոլորին, հատկապես, երբ երկու ամիս է` ինչ ղեկավարում է այդ բաժինը: Մենք կրկին հիշեցրինք, որ այդ տեղեկատվությունը, ի դեմս Սոցիալական աջակցության գրասենյակի տեսուչի՝ փաստագրված, ուսումնասիրված և տեղեկանքներով հիմնավորված` գտնվում է այդ գրասենյակի տեղեկատվական բազայում:
«Գիտե՞ք` ինչ դժվար է այդքան մարդու անձամբ այցելելըգ Տեսե՛ք, մենք Մերիին առաջարկեցինք փաստաթղթեր ներկայացնել, որպեսզի «Նյու-լայֆ» կազմակերպության միջոցով ամսական 50 դոլարով և ծանրոցով օգնենք, իսկ նա ասաց՝ զահլա չունեմ փաստաթղթերի հետևից ընկնելու: Նա մեզ ասում է` երեք երեխա եմ բերել պետության համար, պետությունը ոչ մի բանով չի օգնում: Նա բնակարանի ակնկալիք ունի, իսկ մեր առաջարկած օգնությունից հրաժարվեց, մենք նույնիսկ պատրաստ էինք տղայի համար դպրոցին դիմել, որպեսզի իրենց ֆոնդից օգնեն, բայց մարդն ասաց՝ զահլա չունեմ: Նույնիսկ առաջարկեցինք անգործների կառույցում գրանցվել, փորձենք աշխատանք գտնել, բայց նա դրանից էլ հրաժարվեց՝ ասելով՝ երեք անգամ վիրահատված եմ, ո՞նց աշխատեմ»,- հավաստիացրեց Հ. Ղազարյանը՝ հավելելով, որ Մերիի հետ զրույցում ոչ մի հեգնանք կամ ծաղր չի եղել:
Մ. Օրդուխանյանն, այնուամենայնիվ, վստահեցնելով, որ ամեն բառի համար պատասխանատու է և պատրաստ է Հ. Ղազարյանի մոտ կրկին հաստատել, մեզ փոխանցեց հետևյալը.
«Նախ` ինձ աշխատանք չեն առաջարկել: Երկրորդը՝ հրաժարվել եմ փաստաթղթեր ներկայացնելուց, որովհետև հրաժարվել եմ իրենց օգնությունից: Ես թքելով հեռացել եմ էնտեղից մի պարզ պատճառով՝ ես աղքատ եմ, անօգնական ու կարիքի մեջ, բայց անինքնասեր չեմ: Երբ ինձ վրա ծիծաղում են մարդիկ, որոնք ինձ ասում են՝ ինչի՞ ես երեխա բերել, ուրեմն՝ ես իրենցից անգամ մի դրամ չեմ ընդունի: Ամբողջ բաժնի համար ծաղրի առարկա սարքեցին, ստորացրին, ձեռ առան` ճանապարհեցին: Կարծես էդ օգնությունն իրենց գրպանից էին տալու:
Թերթն էլ մատնացույց են անում, կարծես հանցանք եմ գործել թերթին դիմելով: Ես մենակ մի բան կասեմ՝ Ձեր հոդվածից հետո մեր տուն մարդիկ եկան՝ Արևիկ Մուսոյանը և էլի մի քանի երիտասարդներ: Անգամ Ամերիկայից Սոնա Եսայանը զանգեց, երկար խոսեցինք: Թող թաղապետարանում մարդկային վերաբերմունք սովորեն: Մարդիկ եկան, երեխաներիս սիրեցին, սիրով, հարգանքով, առանց ծաղրուծանակի, հակառակը՝ մեր դրության մեջ մտնելով: Շատ շնորհակալ եմ իրենց բերած օգնության համար, դա մեզ շատ անհրաժեշտ էր, բայց ուզում եմ անպայման իմանաք, որ շնորհակալ եմ ամենաշատն իրանց վերաբերմունքի, շփման համար: Հավատացե՛ք, մարդկային վերաբերմունքն ամեն ինչից վեր ա, շնորհակալ եմ էն սովորական քաղաքացիներից, որոնք դա հասկանում են, իսկ թաղապետարանից ծաղրուծանակով տված օգնությունից կհրաժարվեմ, անգամ, եթե երեխաներս սովից մեռնեն: Էդ աշխատողները նախ` թող մարդու հետ վերաբերվելու շնորհք սովորեն»։ Նա կրկնեց, որ ինքն աղքատության մեջ է ապրում, բայց թույլ չի տա, որ ինքնասիրությունը տրորեն:
Անկեղծ ասած՝ երկար տարիներ վարելով «168 Ժամի» սոցիալական, մարդկային պատմությունների այս շարքը, երբևիցե որևէ մեկի մոտ չեմ դժգոհել իմ աշխատանքի բնույթից: Երբեք չեմ նստել մեր խմբագրության տաքուկ սենյակում և աղքատության մեջ, անառողջ վիճակում գտնվող մեր քաղաքացիներին, ովքեր անգամ տրանսպորտի գումարի խնդիր ունեն, չեմ հրավիրել իմ տաքուկ սենյակ, ինչ է թե՝ ծայրամասերում ապրող այդ մարդկանց այցելելը բարդ է, երբեմն՝ տհաճ, երբեմն՝ հոգեմաշ ու ծանր, մարդկայնորեն չափազանց դժվար:
Ինքս եմ այցելել՝ երբեք չմտածելով, թե ի՞նչ կլինի հետո, երբ ոտք եմ դնում հոգեկան հիվանդների, տուբերկուլյոզով, քաղցկեղով, հազար ու մի հիվանդությամբ տառապող անօգնական մարդկանց տներ, որոնք դիմում են մեզ, որովհետև այդ մյուսները տաքուկ սենյակներում են: Որովհետև մյուսների մոտ գնալու համար` մեզ դիմող մարդիկ ծախսում են իրենց երեխաների հացի համար նախատեսված գուցե վերջին հարյուր դրամը ու, որովհետև մյուսների մոտ գնալիս` հագնում են իրենց ունեցած ամենահաջող հագուստն, ու մյուսները չեն տեսնում այդ հագուստից այն կողմ` աղքատությունը, սովն ու անմարդկային ապրելակերպը:
Այս ամենը գրում եմ հատուկ Սոցիալական բաժնի պետ Հասմիկ Ղազարյանի ու բոլոր վարչական տարածքների հասմիկ ղազարյանների համար. «Տիկին Ղազարյան, գիտե՞ք` ինչ դժվար է կատարել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների Սոցիալական բաժինների, Սոցիալական աջակցության գրասենյակների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մի քանի բաժինների, բարեգործական և հասարակական կազմակերպությունների աշխատանքը: Գիտե՞ք` մարդկայնորեն որքան դժվար է ինը տարի շարունակ այդքան դժբախտ, ողբերգական, անտանելի պատմություններ լսելով ապրելը:
Գիտե՞ք` որքան դժվար է այցելել տարիներով մոմի լույսով ապրող տարեց ամուսիններին, ականատես լինել, թե ինչպես են սովամահ լինում, որովհետև թոշակով անգամ հաց չեն կարողանում գնել, այնուհետև մեջդ ուժ գտնել` տեսածդ վերարտադրելու, իսկ ամիսներ անց կրկին այցելել և տեսնել, որ երկուսն էլ մահացել են:
Գիտե՞ք՝ ի՞նչ դժվար է գրել նման երեխաների, ծերերի մասին ու որոշ ժամանակ անց պարզել, որ նրանք այլևս չկան: Ու գիտե՞ք` որքան դժվար է այդ պատմություններով ապրելը, հատկապես այն դեպքերում, երբ չես կարողանում ոչինչ անել:
Տիկին Ղազարյան, գիտե՞ք` որքան դժվար է այն հազարավոր ընտանիքների հետ, որոնք վառելիք ու տաքանալու հնարավորություն չունեն, ժամերով սառչելը, և եթե հարկ լինի` ամբողջ մի օր փայտանալը՝ ընտանիքի պատմությունը լսելու համար:
Ու գիտե՞ք` որքան դժվար է աշխատանքային ժամ չունենալը, երբ մարդիկ անգամ գիշերվա ժամերին կարող են քեզ զանգահարել, խնդրել շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխած, բայց գումար չունեցող հիվանդին հետ ճանապարհող բուժանձնակազմին ստիպել հիվանդին ընդունել: Օրվա բոլոր ժամերին անընդհատ հնչող, բայց հատկապես գիշերվա տագնապեցնող զանգերով ապրելը գիտե՞ք` որքան դժվար է:
Բայց գիտե՞ք` ինչ երջանկություն է որևէ ընտանիքի, երեխայի, տարեց մարդու ձեռք մեկնելն ու նրա կյանքի որակը թեկուզ փոքրիկ մի նախաձեռնությամբ փոխելը: Գիտե՞ք` ինչ երջանկություն է, երբ սոված, պատառոտված հագուստով, ցրտից սփրթնած երեխան հաջորդ օրը քեզ ժպտում է, որովհետև անծանոթ մարդիկ գնացել են այդ պատմության ետևից ու նրանց կյանքը փոխել են: Գիտե՞ք` ինչ երջանկություն է, երբ աղքատ մարդու համար գտնվում է այն ունևորը, որը նրանց ծաղրելու փոխարեն` սիրում է, բարեկամանում ու ընկերանում է: Եվ վերջապես, գիտե՞ք` ինչ երջանկություն է մարդո՛ւն սիրելը, այլ ոչ թե՝ մարդու նյութական միջավայրը:
Ուրեմն՝ կարողացեք հարգել մարդու արժանապատվությունը, կարողացեք սիրել մարդուն` անկախ նրա սոցիալական կարգավիճակից: Կարողացեք լսել մարդու խնդիրը` առանց հեգնելու և առանց ցուցադրելու ձեր սոցիալական առավելությունը: Իսկ որ ամենակարևորն է, կարողանաք թե ոչ, Ձեր աշխատանքը բարեխիղճ կատարել պարտավոր եք»: