«Պետությունը երեխաներիս կհիշի, երբ գա իրեն պետք լինելու տարիքը»
12-ամյա Էրիկը երազում է ամուրի ոստիկան դառնալ: Ամուրի կարգավիճակն իրենից է կախված, ու մեծ վստահությամբ հայտարարում է, որ երբեք չի ամուսնանալու: Ոստիկանի մասնագիտության ընտրությունը կրկին իրենից է կախված, բայց մասամբ էլ՝ կենցաղից ու հնարավորություններից: Արդեն քանի օր դպրոց չհաճախող տղան բոլոր հանգամանքները վերլուծում է՝ իրականությանը բաց աչքերով նայելով: Էրիկն այն երեխաներից չէ, ովքեր հեքիաթներին հավատալով՝ վաղվա օրն ավելի լուսավոր են պատկերացնում:
Ասում է՝ «Դպրոց չգնալու պատճառներն անձնական են, չեմ ուզում դրա մասին խոսամ»: Խիստ տոնով թեման փակելով՝ լայն բացված աչքերով ուղիղ նայում է մորը՝ հասկացնելու համար, որ մայրը շատ «չիջնի»: Խնդիրների մեջ խեղդված մայրը՝ Մերին, «իջնելու» մասին չի մտածում, որովհետև այլևս իջնելու տեղ չկա: Ասում է՝ «Կոշիկ չունի: Հագինը տակերը ծակ գարնանային կոշիկներ են»: Էրիկը, խեթ հայացքով մորը նայելով, զայրույթից կարմրում է, աչքերի բիբերը լայնանում են, բարկությունից ոտքով հարվածում է վառարանին: Ողջ ուժով տղայի «քացուց» ճոճվող վառարանի դմփոցից երկու եղբայրները՝ Նարեկն ու Ալեքսը, վեր են թռչում: Էրիկը հայրական ջերմությամբ այնպես է գրկում իրենից փոքր եղբայրներին ու շոյելով փորձում նրանց վախը մեղմել, որ շշմում եմ: Ասում է՝ «Գիտե՞ս՝ ինչի եմ որոշել չամուսնանալ, ընտանիք չունենալ՝ հոգնել եմ: Որ մտածում եմ՝ էս փոքրերը մրսում են, սոված են… Էս մեր տնից մի քիչ էն կողմ սանմաքրման մեքենաների գարաժն ա: Ամեն օր գնում զիբիլի մեքենաները քչփորում եմ, որ փետ-մետ գտնեմ, կրեմ բերեմ, լցնեմ վառարանը, որ երեխեքը տաքանան: Դրսից վեդրոներով ջուր եմ կրում, եթե պետք ա՝ ախպերներիս տակն եմ փոխում, հագցնում, ուտացնում եմ: Հասկանո՞ւմ ես, արդեն հոգնել եմ»: 12 տարեկան այս տղան խոսում է ամբողջ մի կյանք ապրածի դառնությամբ, բայց պարբերաբար շեշտում է, որ ընտանիքի խնդիրները սիրով է հոգում:
Մենակ մի բանից է նեղվում՝ կենցաղի մեջ խեղդված լինելով՝ իր երազանքն է կորցնում. «Ո՞վ ա տեսել անգրագետ ոստիկան»: Ասում եմ՝ «Ես»: «Չէ, ես գրագետ ոստիկանի մասին էի երազում: Մինչև հիմա չեմ լսել, որ ոստիկանը մանկության տարիներն անցկացրել ա զիբիլի ավտոներից փետ հանելով ու դպրոց չգնալով»,- ասում է ու լաց չլինելու բարդույթից սկսում է ցինիկ ծիծաղել, բայց հուզմունքը թաքցնել չկարողանալով՝ իրեն դուրս է գցում:
«Ինձ մի բան է պետք՝ որևէ այլ երկիր փախնելու շնորհք»
36-ամյա Մերի Օրդուխանյանը երեք անչափահաս երեխաների ու ծեր տատիկի հետ բնակվում է Շենգավիթ վարչական շրջանի Աերացիայի հանրակացարանում: Դժվար է նրանց կենցաղը մարդավայել անվանել: Մերին ամեն օր Աստծուց խնդրում է 84-ամյա Արուսյակ տատին կյանք տալ, որովհետև հանրակացարանի սենյակը տատին է հատկացվել: «Աստված չանի, եթե մահանա՝ ինձ ու երեխաներիս փողոց կշպրտեն, կդառնանք բոմժ»,- ասում է Մերին՝ վստահեցնելով, որ ծնողների ամուսնալուծությունից հետո իրենք՝ չորս երեխաներով շատ դժբախտ կյանք են ունեցել, և ամենաշատը վախեցել է, որ պատմությունը կկրկնվի:
Էրիկի հայրը տարիներ առաջ մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի, այնուհետև այլևս մոռացել է ընտանիքի մասին: Մերին ասում է՝ «Տատիկիս հետ, փոքր երեխայով, ահավոր դժվարությունների մեջ էի: Էստեղ մեր հարևաններից մեկի ծանոթն ինձ շատ հավանեց: Ես չէի կարողանում 4 տարեկան Էրիկիս մեծացնեի, մենակ, անօգնական: Ու իր հետ առանց զագսավորվելու համաձայնվեցի ընտանիք կազմել: Մտածում էի՝ ոտքի կկանգնենք, նորմալ ընտանիք կլինենք: Ծնվեցին Ալեքսս ու Նարեկս, մեկը՝ 4, մյուսը՝ 2 տարեկան են հիմա: Իրանց հայրն էլ հեռացավ, մեկ-մեկ գալիս ա երեխաներին տեսնելու: Անկեղծ ասած՝ ծնողներիս բաժանումից հետո ես 12 տարեկանից քույրերիս հետ շատ դաժան կյանքով եմ ապրել՝ փողոցներում, անտուն, տատիկիս խնամքին: Ամեն մեկն իր համար ամուսնացավ՝ մեզ թողնելով բախտի քմահաճույքին: Ամենաշատը վախենում էի վատ ամուսնությունից, բայց սխալվեցի, այսինքն՝ չհասկացա՝ ինչի՞ եմ էն սխալներն անում, ինչի համար մեղադրել եմ ծնողներիս: Բայց երբեք երեխաներիս հետ չեմ վարվի էնպես, ինչպես իրանք՝ մեզ հետ: Ինչ ուզում ա լինի…»:
Մերին երեխաներին մեծացնում է 35.000 դրամ նպաստով և Արուսյակ տատի 43.000 դրամ թոշակով: Ծեր կինն ասում է՝ մինչև վերջերս հավաքարարություն անելով՝ վաստակում էր, բայց այլևս չի կարողանում, ողնաշարի հիվանդություն ունի: Երեխաների մայրը վստահեցնում է, որ շուտով Հայաստանում կմնան իրենց նման աղքատ ընտանիքները, որոնք դուրս փախչելու հնարավորություն չունեն: «Հավատացե՛ք, որ հնարավորություն լիներ՝ առանց վայրկյան անգամ կասկածելու՝ երեխաներիս կվերցնեի, կփախնեի: Երեք տղա եմ մեծացնում, բայց օդից կախված, ոչ մի տեղ հաշվառված չեն, էս սենյակը մերը չէ: Հենց բանակի տարիքը լրանա՝ պետությունն անգամ քարի տակից կգտնի, իսկ հիմա պետությունը չի ուզում տեսնել, որ Հայաստանում իմ երեխաների պես սոված հազարավոր երեխաներ կան»,- լաց լինելով դժգոհում է Մերին, ում հարցնում եմ՝ «Բայց չե՞ք կարծում, որ երեխաների մասին հոգ տանելու պատասխանատվություն նախ պետք է կրեն հայրերը»:
«Հա, ճիշտ եք, ես էլ եմ ասում, բայց ես ի՞նչ մեղավոր եմ, որ հայ տղամարդը դարձել ա անողնաշար, վախկոտ, ով ավելի շատ պատրաստ ա դրսերում ուրիշ ընտանիք կազմել, անհոգ ապրել, քան սեփական ընտանիքի գոյության համար պայքարել: Իհարկե, իմ երեխաների անհայր մեծանալու առաջին մեղավորը ես ու նրանց հայրն ենք, բայց կյանք ա, սխալներով, անսպասելի ապագայով: Ապահով մարդիկ սխալ ընտրություն չե՞ն անում, սիրո, ամուսնության հարցում դժբախտ չե՞ն լինում… Ես էլ մի մարդ եմ, որի անձնական կյանքը չի ստացվել, ցանկացել եմ երկրորդ անգամ փորձել, բայց… Ես հիմա հասկանում եմ, որ բոլորն են աչքս խոթելու իմ չստացված ընտանեկան կյանքը, ու ինձ մի բան է պետք՝ որևէ այլ երկիր փախնելու շնորհք ունենալ»,- ասում է:
Մերին սկսում է ամբողջ ուժով հոնգուր-հոնգուր լաց լինել: Ասում եմ՝ «Լսե՛ք, ախր ես ձեզ բան չասացի, ընդամենը հիշեցրի ծնողական պարտականությունների մասին»: Պատասխանում է՝ «Հիշեցրիք մի մարդու, որը միայնակ երեք մանկահասակ երեխա է մեծացնում և շատ կերազեր լավ ընտանիք ու ամուսին ունենալ: Էնքան հեշտ է կողքի հայացքով նայելն ու սովորեցնելը, բայց հավատացնում եմ՝ երբեք չեք իմանա, թե Ձեզ հետ ինչ կլինի»: Մերին էնքան խոցելի է, որ իմ արտաբերած յուրաքանչյուր բառ «սվիններով» է դիմավորում, բայց հետո հանդարտվում ու կանխատեսում է՝ «Հասկանո՞ւմ եք, ապագա չունեն իմ երեխաները:
Ուրիշ ժամանակ մեր պաշտոնյաներն ասում են՝ Հայաստանում ծնված ամեն երեխա նախ՝ պատկանում է պետությանը, հետո նոր՝ ծնողներին: Պետությունը երեխաներիս կհիշի, երբ գա իրեն պետք լինելու տարիքը, բայց, հավատացե՛ք, մինչև էդ տարիքը գա, գուցե երեխեքս՝ իրենք, պետությանն այլևս պետք չգան: Հայաստանում մենակ իմ երեխեքը չէ, որ մեծանում են սովի, ցրտի պայմաններում: Կենտրոնից էս կողմ աղետ ա: Պետությունը թքած ունի իր ապագա զինվորի վրա»… Պետությունը թքած ունի իրա ապագա զինվորի վրա, դրա համար էլ այսօրվա զորակոչի ժամանակ ավելի շատ հիվանդ, քան առողջ զինվորներ են բանակ զորակոչվում: Ճիշտն ասած՝ մեր հասարակության մեջ բազում են այն «դատավորներն», ովքեր այս պատմությունը կարդալուց հետո հեգնանքով ասելու են՝ «Իսկ ո՞վ էր իրեն ասում՝ էդքան երեխա ունեցի»: Բայց Մերիի երեք երեխաներից ավագը՝ Էրիկը, կարող էր Հայաստանի վաղվա բարեխիղճ, գրագետ ու ազնիվ ոստիկանը լինել, որովհետև սեփական ընտանիքի, փոքր եղբայրների կյանքի համար համառորեն պայքարող այս տղան վաղն ավելի լավ պայքարելու է սեփական երկրի համար:
12 տարեկան այս տղան թեև ծանր հոգսերի մեջ խեղդված է, բայց չի մոռանում արժանապատվության մասին և հայացքով մորը ստիպում է «չիջնել», և գուցե մորից, հորից ավելի լավ արժեհամակարգ ունի, որովհետև նախընտրում է լինել ամուրի ոստիկան, քան շարունակ ամուսնացող «ոչինչ»: