ՓՊ նախագահը՝ միջնորդ փաստաբանների և ՄԻՊ զեկույցի մասին
«Իրավական տեսանկյունից հիմնավորված չէ: Եթե դա իրավական տեսանկյունից հիմնավորված լիներ, ապա դրան կհաջորդեին համապատասխան քրեական գործերի հարուցումներ, և համապատասխան հետևանքներ կլինեին»,- անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն դրույթին, որը նվիրված է դատարանում կաշառքի սակագներին, այսօր ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ հիմնավորված է զեկույցի երկրորդ մասը, որտեղ խոսվել է վճռաբեկ դատարանի և Արդարադատության խորհրդի կողմից երկակի ստանդարտների կիրառման մասին: Միևնույն ժամանակ՝ Ա. Զոհրաբյանն ասաց, թե դատական համակարգում կոռուպցիա կա, որն ամենամեծ չարիքն է:
Նրա փոխանցմամբ՝ փաստաբանական համայնքում կան «միջնորդ փաստաբաններ»: «Մենք այդ միջնորդ փաստաբանների դեմ կոնկրետ պատերազմ ենք հայտարարել և նրանցից ամեն գնով ազատվելու ենք: «Ամեն գնով» ասվածը չի նշանակում՝ օրենքին հակասող կամ անմեղության կանխավարկածը խախտող»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:
Նա անդրադարձավ նաև վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի կողմից ձևավորված աշխատանքային խմբի հանդիպմանը: Նա նշեց, որ երբ 2005 թվականից վճռաբեկ դատարանին հայեցողական լիազորություն տրվեց վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու կամ չընդունելու հարցում, «խաթարվեց փաստաբանների հանգիստը»:
«Նախկինում վճռաբեկ դատարանն ընդունում էր բոլոր բողոքները և որոշում էր կայացնում: Իհարկե, որակի առումով, բնական է, որ դա այսօրվա վճռաբեկ դատարանի որոշումների որակը չունի: Բայց երբ դատարանն ասաց՝ ես եմ որոշում՝ որ բողոքն ընդունեմ, որը՝ ոչ, ունեցանք մյուս պրոբլեմը: Ինքն ասում է՝ 100 գործից վարույթ եմ ընդունում այս 5 գործը: Մեզ մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ հենց այդ հինգը: Ինչո՞ւ ոչ՝ մյուս 5-ը, կամ՝ մյուս 95-ը: Այստեղ չափանիշների բացակայությունը, բնականաբար, լուրջ խնդիր էր առաջացնում փաստաբանների և հասարակության մոտ: Եվ քաղաքացին գտնում էր, որ իրեն արհամարհեցին այդ դատական համակարգում, իրեն չլսեցին այդ դատական համակարգում, և բնական է՝ այստեղ նաև կոռուպցիոն լուրջ ռիսկ էր առաջանում:
Եթե դա որևէ բանով չի լինում չափել, բնականաբար, այստեղ լուրջ կոռուպցիոն ռիսկ կա, և ես ինքս նույնիսկ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնողների կազմում եմ եղել այդ հայեցողական լիազորության փոփոխության տեսակետից: Իհարկե, Սահմանադրական դատարանն այն ժամանակ ասաց, որ կարելի է օրենքով այդպես նախատեսել: Փաստաբանները 2 անգամ գործադուլ արեցին, տարբեր բողոքի ակցիաներ եղան՝ բացի այդ գործադուլներից: Հիմնական թիրախը վճռաբեկ դատարանն էր: Դա նրանից էր, որ վճռաբեկ դատարա՞նն էր վատ աշխատում: Կարող է՝ վճռաբեկ դատարանը վատ չէր աշխատում, որովհետև, ի վերջո, վճռաբեկ դատարան գալիս էին այն գործերը, որոնք ստորադաս դատարաններից էին եկել:
Բայց քանի որ վճռաբեկ դատարանն էր որոշում՝ որը վարույթ ընդունի, որը՝ չընդունի, և խաղի կանոններն ինքն էր որոշում, թիրախը վճռաբեկ դատարանն էր: Այս բոլոր գործադուլները, բողոքի ակցիաները, Մարդու իրավունքների պաշտպանի ելույթը բերեցին մի պահ, որ իրոք վճռաբեկ դատարանն էլ…
Ես կարծում եմ, որ հիմա մենք վճռաբեկ դատարանի հետ բանակցությունների մեջ ենք, և իրենք էլ պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հրաժարվեն իրենց հայեցողական լիազորությունից: Ես կարծում եմ՝ այդ ամենը մեկ օրվա հարց չէ: Դա ժամանակի ընթացքում կուտակումների, դժգոհության արդյունքում եղած դիրքորոշումն էր»,- ասաց Արա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ կազմված աշխատանքային խումբը քննարկում է վճռաբեկ դատարանի հայեցողական իրավունքի վերացման հարցը՝ հաշվի առնելով այն, որ, եթե վճռաբեկ դատարանը վարույթ ընդունի բոլոր գործերը, որոշումների որակն անհամեմատ կընկնի: