Դավիթ Շահնազարյան. Մայդանում պայքարում են ոչ միայն ուկրաինացիների, այլև մեր ժողովրդի ազատության ու անկախության համար

«Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Մայդանին, նրա բոլոր պահանջներին և ուկրաինացի ժողովրդին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանն ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը` դիմելով Կիևից տեսազանգով Երևանի հետ միացած ուկրաինացի գործընկերոջը` Դմիտրի Շուլգային:

Քննարկման թեման Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում` մասնավորապես, Մայդանի և մի քանի այլ հրապարակներում ընթացող իրադարձություններն էին: Խնդրի վերաբերյալ Դավիթ Շահնազարյանը, ով նախորդ տարվա դեկտեմբերին եղել է Կիևում և այցելել է Մայդանի հրապարակ, կարծիք հայտնեց` եթե Ուկրաինայի իշխանությունները վիլնյուսյան գագաթաժողովից անմիջապես հետո ուժ չկիրառեին Մայդանում հավաքված ժողովրդի նկատմամբ, ապա նման մասշտաբի բողոքի ալիքները, որոնք շարունակվում են մինչ օրս, կարող էին չլինել: «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Շահնազարյանը բացարձակապես ոչ ադեկվատ գնահատեց Ուկրաինայի իշխանությունների գործողությունները: Ըստ նրա` իշխանությունը պատրաստակամ չէ երկխոսություն սկսելու ընդդիմության հետ:

Ինչպես Դավիթ Շահնազարյանը, այնպես էլ քննարկման մյուս մասնակիցները` մասնավորապես, «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը ներկա ճգնաժամային իրավիճակում Ուկրաինայի ներքաղաքական գլխավոր հարցերից մեկը համարեցին իշխանության պառակտման հնարավորությունը: Հիշատակվեց ուկրաինական ընդդիմության առաջնորդներից մեկի` «ՈՒԴԱՌ» կուսակցության ղեկավար Վլադիմիր Կլիչկոյի կոչը` ուղղված իրավապահ ուժերին` միանալ հրապարակի ժողովրդին:

Ըստ Դավիթ Շահնազարյանի` ռազմավարական տեսանկյունից Ուկրաինային հնարավոր չէ շեղել եվրոպական ուղուց, սակայն տակտիկական առումով դեռևս անորոշություն է:

Կարդացեք նաև

«Եթե այսպես շարունակվի, ապա Ուկրաինայի հաջորդ ընտրությունները կլինեն այնպիսին, ինչպիսին Հայաստանում` ամբողջովին կկեղծվեն: Եվ այս ամենն ընդդիմության մղում է ադեկվատ քայլերի»,- նշեց Դ. Շահնազարյանը:

Ւսկ «Վերածնունդ» միջազգային հիմնադրամի եվրոպական ծրագրերի ղեկավար Դմիտրի Շուլգան մասնավորապես անդրադարձավ հունվարի 16-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայի մեծամասնության կողմից ընդունված օրենքների նախագծին, որը էականորեն սահմանափակում է երկրում հանրահավաքների անցկացման կանոնները և արդեն ստացել է «դրակոնային օրենք» անվանումը: Նա նշեց, որ այդ օրենքով կարելի է արգելել անկախ լրատվամիջոցների գործունեությունը, սահմանափակել համացանցից օգտվելը, ձերբակալել ցանկացած քաղաքական կամ քաղաքացիական ակտիվիստի և այլն:

«Նախկինում այս ամենը համարվում էր «բեսպրեդել», իսկ հիմա օրինական է դարձել, սա օրենքի դիկտատուրա է: Երկրում կա բնակչության կրիտիկական մասսա, որը չի ցանկանում նման պայմաններում ապրել… Ես շատ մարդկանց գիտեմ, ովքեր այժմ պատրաստ չեն բարիկադների վրա բարձրանալ, բայց չգիտեն` ինչ անել, նրանք չեն ուզում այսպիսի երկրում ապրել: Ես չգիտեմ` ինչ կլինի: Իհարկե, եթե ուժային կառույցներն անցնեն ապստամբած ժողովրդի կողմը, իդեալական տարբերակ կլինի, բայց չգիտեմ` որքանով է այն իրական»,- ասաց Դմիտրի Շուլգան:

Դավիթ Շահնազարյանը նույնպես «դրակոնային» օրենքն անվանեց դիկտատորական, իսկ արևմտյան պետությունների աջակցության մասին ասաց, որ այն ադեկվատ չէ, քանի որ Բրյուսելն այսօր պատրաստ չէ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրմանը:

«Ուզում եմ ասել, որ այսօր Մայդանում պայքարում են ոչ միայն ուկրաինացիների, այլև մեր ժողովրդի ազատության ու անկախության համար, որովհետև Ռուսաստանը շարունակում է կիրառել իր նեո-կայսերական քաղաքականությունը Հայաստանի  և Ուկրաինայի նկատմամբ»,- ավելացրեց Դավիթ Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս