Ուկրաինայում խստացվել են խաղաղ հանրահավաքների անցկացման կանոնները
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն Ռադան այսօրվա նիստում օրենք է ընդունել՝ խստացնելով խաղաղ հանրահավաքների անցկացման կանոնները: Փաստաթղթի օգտին քվեարկել է 235 պատգամավոր: Օրինագիծը խորհրդարանի դիտարկմանն են ներկայացրել իշխող Ռեգիոնների կուսակցության անդամներ Վադիմ Կոլեսնիչենկոն ու Վլադիմիր Օլիյնիկը:
Նոր օրենքով վարորդներին արգելվել է ճանապարհով ընթանալ ավելի քան 5 ավտոմեքենայից բաղկացած շարասյան կազմում՝ առանց ՆԳՆ-ի նախնական համաձայնության: Դա խախտողները կպատժվեն տուգանքով (17 գրիվեն/մոտ 70 ռուսական ռուբլի) կամ էլ մինչև երկու տարի ժամկետով վարորդական իրավունքի զրկմամբ:
Նույն օրենքով ուկրաինացիներին արգելվել է զանգվածային ակցիաներին մասնակցել դիմակներով, սաղավարտերով կամ էլ քողարկման այլ միջոցներով ու եղանակներով: Այդ կանոնը խախտածները կպատժվեն տուգանքով կամ մինչև 15-օրյա կալանքով: Արգելվել է ակցիաների ժամանակ վրանների և «ճարտարապետական այլ փոքր ձևերի» տեղակայումը (առավելագույն պատժաչափը կազմում է 15 օրով կալանավորելը):
Ընդունված ուղղումները լրջորեն բարդացնում են «Ավտոմայդանի» գործունեությունը, որն առաջացել է Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների բողոքի ակցիաների շրջանակներում: «Ավտոմայդանի» մասնակիցներն անձնական ավտոմեքենաներով շարասյան տեսքով շրջում են քաղաքի փողոցներում՝ սովորաբար իրենց հետ կրելով Ուկրաինայի դրոշը:
Հայտնի են դեպքեր, երբ ակտիվիստները շրջափակել են ոստիկանության «Բերկուտ» հատուկջոկատայինների ավտոբուսները: Նրանց մի մասը վերջին օրերին արդեն իսկ իրազեկվել է վարորդական իրավունքից զրկվելու մասին:
Հիշեցնենք, որ ուկրաինական դատարանը երեկ հանրահավաքների անցկացումը Կիևի կենտրոնում ու դրան հարակից փողոցներում արգելել է մինչև մարտի 8-ը: