Բաժիններ՝

«Իղձերն ու ցանկությունները պետք չէ խառնել ռեալ իրականության հետ» (տեսանյութ)

Կենսաբանական գիտությունների թեկնածու Վիտյա Վարդանյանը մոտ 10 տարի բնակվել,   սովորել և աշխատել է Գերմանիայում` տարբեր քաղաքներում գործող առաջնակարգ գիտական լաբորատորիաներում: Սակայն 1.5 տարի առաջ վերադարձել է Հայաստան` ցանկանալով ի նպաստ հայրենիքի ծառայեցնել իր ստացած գիտելիքներն ու այդ տարիներին ձեռք բերած կապերը: Հենց  այդ ամենի շնորհիվ Վ. Վարդանյանին հաջողվում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում  նախաձեռնել նոր լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն ու Գերմանիայից Հայաստան բերել մի շարք բավականին նոր սարքավորումներ (այդ մասին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում.- Լ.Մ.)

Մեր զրուցակցի խոսքով` լաբորատորիան ստեղծելու ծրագիրն իրականացվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքի Մոլեկուլային նեյրոկենսաբանական կենտրոնի հետ համատեղ` Volkswagen հիմնադրամի աջակցությամբ:

Նոր լաբորատորիան ուսումնասիրում է իոնային անցուղիների կառուցվածքաֆունկցիոնալ առանձնահատկությունները՝ դրանց ֆիզիոլոգիական և պաթոֆիզիոլոգիական դերի ուսումնասիրության նպատակով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վ. Վարդանյանը` նշելով, որ լաբորատորիայում օգտագործելու են ուսումնասիրման ժամանակակից մեթոդներ:

«Ես միշտ ցանկացել եմ ինչ-որ բան ստեղծել և ինչ-որ մի գործ կատարել Հայաստանի համար: Իմ այս ցանկության և մտորումներիս մասին հայտնեցի իմ նախկին գիտական ղեկավարին, ով Գերմանիայում բավական ճանաչված մարդ է, իսկ նա ասաց, որ մեծ հաճույքով պատրաստ է աջակցել ինձ: Հենց այդ ժամանակ միասին գրեցինք Volkswagen հիմնադրամի հատկացվող դրամաշնորհային մրցույթին մասնակցելու հայտը, որը տարբեր երկրների միջև համատեղ ծրագրերի իրականացման համար գումարներ է հատկացնում»,- ասաց Վ. Վարդանյանը` նշելով, որ այս ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում ստեղծված նոր լաբորատորիան` Իոնային անցուղիների ուսումնասիրման լաբորատորիան, համագործակցում է Համբուրգի Մոլեկուլային կենսաբանության կենտրոնի հետ, որը և համապատասխան ֆինանսական միջոցների մի մասը տրամադրում է իրենց:

Կարդացեք նաև

«Ինոային անցուղիների ուսումնասիրությունը շատ կարևոր է, քանի որ բջջի ներսի իոնային համակարգի հավասարակշռության խախտումով են պայմանավորված բազմաթիվ հիվանդություններ` սկսած էպիլեպսիայից, խլությունից՝ մինչև սրտի հետ կապված և երիկամային տարբեր հիվանդությունները»,- ասաց Վ. Վարդանյանը` նշելով, որ իոնային անցուղիների ֆունկցիաների նույնիսկ շատ փոքրիկ փոփոխությունները կարող են հետագայում լուրջ ազդեցություն ունենալ մարդու ամբողջ կյանքի վրա:

Վ. Վարդանյանը նշում է, որ իրենց ուսումնասիրությունները դեռևս տեսական բնույթ են կրում, իհարկե, սակայն, այդ ամենը միտված է նրան, որ այդ փորձերը հետագայում կիրառական նշանակություն ունենան և նպաստեն բժշկությանը:

«Հայաստանում հետաքրքիր կարծիք կա, որ լաբորատորիայում միանգամից պետք է այնպիսի բան անել, որ բժշկության մեջ կամ որևէ ոլորտում անմիջապես կիրառություն ունենա, բայց պետք է ռեալիստ լինել, նմանատիպ խնդիրների լուծումը գտնելու համար տարբեր երկրներում միլիարդավոր գումարներ են ծախսում, և դրանց լուծումները գտնելու վրա աշխատում են պրոֆեսիոնալներ, սակայն այդ դեպքում շատ անգամ գիտնականների ստացած արդյունքը կարող է և բժշկության մեջ չկիրառվել, կամ էլ կատարված փորձերը կարող են ցանկալի արդյունքը չտալ»,- ասաց Վ. Վարդանյանը` նշելով, որ իղձերն ու ցանկությունները պետք չէ խառնել ռեալ իրականության հետ:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Վիտյա Վարդանյանի հետ մեր ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս