Սոս Գիմիշյան. «Ինչո՞վ պետք է Քոչարյանը վերադառնա, Հոկտեմբերի 27-ո՞վ, Մարտի 1-ո՞վ…»

«Զգացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ իր կարծիքը հայտնելով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հրապարակային ակտիվության մասին:

Ըստ Գիմիշյանի՝ Քոչարյանի այդ ցանկությունն այնքան մեծ է, որ նրա համար, կարծես, ամենևին կարևոր չէ, թե ինչ հարցերով կարելի է ուշադրությունը սևեռել իր անձի վրա:

«Իսկ ընդհանրապես վերջին 20 տարիներին մեր երկրում չկա որևէ պաշտոնյա, ով բարոյական հիմք ունենա քննադատելու մեկ այլ պաշտոնյայի, որովհետև մեր պաշտոնյաների մեծ մասը շատ վատ են աշխատել, սխալներ են թույլ տվել, էլ չեմ ասում՝ հանցագործություններ: Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ պակաս հանցագործություններ են տեղի ունեցել, քան այսօր: Ես ընդհանրապես չեմ տեսնում այդ իշխանությունների տարբերությունը. եթե Քոչարյանի ժամանակվա իշխանությունը հիմնականում պետական ունեցվածքն էր, այսպես ասած, վատնում, օտարում, ապա այսօր երկրում բան չի մնացել, վերջին կրճոններն ենք ծախում, մնում է ժողովրդից, բյուջեից փախցնել: Այսինքն՝ այս իշխանություններն իրենց էությամբ հակահայկական են եղել,- ավելացրեց քաղաքական գործիչը: -Արդեն 16 տարի իշխում են Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, գուցե դո՞ւք ինձ կարողանաք հուշել՝ ի՞նչ լավ բան են նրանք արել»:

Թեև Սոս Գիմիշյանը նշեց, որ Ռ. Քոչարյանն ունի մեծ քաղաքականություն վերադառնալու ցանկություն, այնուամենայնիվ, միաժամանակ բացառեց, որ նա կարողանա հասնել իր նպատակին:

Կարդացեք նաև

«Ինչո՞վ պետք է Քոչարյանը վերադառնա, Հոկտեմբերի 27-ո՞վ, Մարտի 1-ո՞վ, Կոնյակի գործարանի, «ԱրմենՏելի», ցանցերի վաճառքո՞վ, բազմաթիվ քաղաքական սպանություններո՞վ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին»,- ասաց Գիմիշյանը:

Նա քիչ հավանական համարեց, որ Ռ. Քոչարյանը կարողանա հավակնել դառնալու 4 ոչ իշխանական ուժերի՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության և «Ժառանգության» առաջնորդ կամ համագործակցի նրանց հետ, թեև միաժամանակ չբացառեց՝ հիշեցնելով, որ «Բարգավաճ Հայաստանը» և Դաշնակցությունը ժամանակին եղել են Ռ. Քոչարյանի քաղաքական հենարանը:

«Վերադարձի իրական լինելը կերևա այն ժամանակ, եթե Ռոբերտ Քոչարյանին, օրինակ, հաջողվի վարչապետ դառնալ: Այ, եթե նա պաշտոնյա դառնա, սկսի հրամաններ տալ, այդ դեպքում կարող է կազմակերպել պետական ապարատը և ճնշելու, «նկարչության» միջոցով ինչ-որ արդյունքների հասնել: Բայց, կարծում եմ, հայ ժողովուրդը դեռ երկար է ապրելու, իր մեջ ունի ուժեր և դրա դեմ կպայքարի»,- ավելացրեց Սոս Գիմիշյանը:

Լուսանկարը՝ news.am-ի

Տեսանյութեր

Լրահոս