Ֆիննախ.«Եվրապարտատոմոսերի տեղաբաշխումից ստացված միջոցները բաշխվել են բացառապես օրենքով»
Ֆինանսների նախարարությունը արձագանքել է «Հետքի» հրապարակմանը, ըստ որի, Կառավարությունը եվրաբոնդերի թողարկումից ստացված 700 մլն դոլարը բյուջեում ներառել է օրենքի խախտմամբ:
« «Հետք» թերթում հունվարի 13-ին տպագրվել է «Կառավարությունը եվրաբոնդերի թողարկումից ստացած 700 մլն դոլարը բյուջեում ներառել է օրենքի խախտմամբ» վերնագրով հրապարակում: Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ հոդվածում բերված փաստերը և եզրակացությունները չեն համապատասխանում իրականությանը և սխալ են: Մինչ հրապարակման մեջ տեղ գտած «տեսությունների» մտացածինությունը փաստելը, հարկ է նշել, որ ֆինանսական ոլորտը և ֆինանսների հաշվառումը հատկապես պահանջում են մանրակրկիտ, առարկայական, մասնագիտական մոտեցում:
Եվ այսպես.
Համաձայն «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի (ինչպես նաև Արժույթի Միջազգային Հիմնադրամի և միջազգային այլ կառույցների ընդունված բյջետային դասակարգման՝ GFS-2001)՝ բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը կազմում է բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը):
Միաժամանակ, պետական բյուջեից կատարվող ոչ բոլոր ելքերն են հանդիսանում բյուջետային ծախսեր: Այդպիսիք են ներգրաված փոխառու միջոցների մարումները, բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրումը, ինչպես նաև ֆինանսական ակտիվներում այլ ներդրումները: Նշված տեսակի ելքերը արտացոլվում են պետական բյուջեի դեֆիցիտում բացասական նշանով՝ նվազեցնելով վերջինիս մեծությունը:
Արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները, համաձայն վերոնշյալ դասակարգման, հանդիսանում են դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր և արտացոլվել են ՀՀ 2013թ. պետական բյուջեի դեֆիցիտում առանձին տողով՝ ավելացնելով դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները 280 մլրդ դրամով:
Ինչպես նշվել է հոդվածում, արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցների զգալի հատվածը՝ 179 մլրդ դրամը կամ շուրջ 64%-ը ուղղվել է ռուսական վարկի գծով առկա պարտքի վաղաժամկետ մարմանը և, հետևաբար, նշված գումարի չափով պակասեցվել է ՀՀ 2013թ. պետական բյուջեի դեֆիցիտը:
Համաձայն ՀՀ կառավարության 03.10.2013թ. N1069-Ն որոշման՝ տեղաբաշխումից ստացված մնացած գումարը՝ մոտ 100 մլրդ դրամ, օգտագործվել է բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրման և ֆինանսական այլ ակտիվներում ներդրումներ կատարելու նպատակով, որոնց չափով ևս պակասեցվել է ՀՀ 2013թ. պետական բյուջեի դեֆիցիտը:
Այսպիսով՝ արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումը ՀՀ 2013թ. պետական բյուջեի դեֆիցիտի մեծության վրա որևէ ազդեցություն չի թողել՝ փոփոխվել է միայն դեֆիցիտի ֆինանսավորման կառուցվածքը:
ՀՀ կառավարությունը արտացոլել է հիշյալ միջոցների մուտքը ՀՀ պետական բյուջեում՝ առաջնորդվելով «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ մասով, որով կառավարությանը թույլ է տրվում բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի հաստատված գումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների գումարները և կատարել դեֆիցիտի ֆինանսավորման զուտ աղբյուրների ընդհանուր գումարի ավելացմանը չհանգեցնող այլ հաշվեկշռված փոփոխություններ ու լրացումներ:
Այսինքն՝ ՀՀ կառավարությունը արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները և դրանց օգտագործման ուղղությունները ՀՀ 2013 թվականի պետական բյուջեում արտացոլելիս որեւէ օրենք չի խախտել:
Ինչ վերաբերվում է արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխման անվանական գումարի (700 մլն ԱՄՆ դոլար) և տեղաբաշխումից ստացված մուտքի (690.2 մլն ԱՄՆ դոլար) շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար տարբերությանը, ապա նշենք, որ այդ գումարը չի հանդիսանում միջնորդավճար:
Ընդհանրապես, արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվում են հավելավճարով կամ զեղչով, որն առավելապես պայմանավորված է արժեկտրոնային և շուկայական եկամտաբերությունների տարբերությամբ:
Նշենք, որ նույն սկզբունքով են տեղաբաշխվում նաև ՀՀ պետական (գանձապետական) արժեկտրոնային պարտատոմսերը:
Օրինակ՝
ա. 2013թ. դեկտեմբերի 12-ին 20 տարի մարման ժամկետայնությամբ, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 5 մլրդ դրամի անվանական արժեքով պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5.7 մլրդ դրամ (տեղաբաշխման եկամտաբերությունը՝ 11.63%) և պարտատոմսերը տեղաբաշխվել են հավելավճարով,
բ. 2013թ. հոկտեմբերի 15-ին 3 տարի մարման ժամկետայնությամբ, 10% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 3 մլրդ դրամի անվանական արժեքով պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2.97 մլրդ դրամ (տեղաբաշխման եկամտաբերությունը՝ 12.53%) և պարտատոմսերը տեղաբաշխվել են զեղչով։
2013թ. սեպտեմբերին 7 տարի մարման ժամկետայնությամբ, 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ, 700 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով արտարժութային պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 690.2 մլն ԱՄՆ դոլար (տեղաբաշխման եկամտաբերությունը՝ 6.25%):
Հայաստանի Հանրապետության անունից արտարժույթով պետական պարտատոմսերի դեբյուտային թողարկման գործընթացի կազմակերպման ընթացքում ֆինանսների նախարարության կողմից վճարած միջնորդավճարները համապատասխան ծառայությունների դիմաց ընդհանուր առմամբ կազմել է 1 մլն 182 հազ ԱՄՆ դոլար (տես ՀՀ կառավարության 03.10.2013թ. N1068-Ն որոշում):