Բաժիններ՝

Գործ չունես

Աստված մարդուն պարգևել է ազատ կամեցողություն: Այդ կամեցողությունը կատարյալ՝ անսահման չէ, այլ որոշ չափի՝ սահմանի մեջ է: Ճիշտ է, որ մարդ արարածը ազատորեն մտածում, զգում, խոսում և գործում է իր ամեօրյա կյանքում, սակայն աստվածապաշտ անձը, գիտակից անհատը գիտի իր սահմանները, սահմաններ, որոնք իր մոտ կարմիր գծեր են, չի կարելի անցնել դրանք: Այդ անձը որոշ թեմաների վերաբերյալ խիստ կեցվածք ունի՝ ասելով. «Ես գործ չունեմ դրանց հետ»:

Այս հոդվածի նպատակն է բերել տարբեր օրինակներ, շեշտել, որ դրանց հետ պետք չէ գործ ունենանք, որպեսզի առավել մաքուր պահենք մեր միտքը, առողջ պահենք մեր մարմինը և ջերմեռանդ պահենք մեր հոգին:

Չար մարդիկ: Գործ չունես, ո՛վ ընկերային անձ, չար մարդկանց հետ, որովհետև գրված է. «. .. չար ընկերակցությունները բարի վարքն ապականում են» (Ա.Կոր. 15:33 – Նոր Արարատ թարգմանություն):

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր նախամայր Եվան կարճ ժամանակ Սատանայի հետ երկխոսության մեջ մտավ օձի միջոցով, որի հետևանքով նա՝ 1. Տարբեր հայացքով նայեց բարու ու չարի գիտության ծառին, 2. վերցրեց դրա պտղից, 3. կերավ այդ պտուղը և նույն պտղից տվեց իր ամուսնուն՝ Ադամին (Ծննդ. 3:1-7), ավարտին նրանք դատապարտվեցին Աստծո կողմից և վտարվեցին Եդեմի պարտեզից․ «Եվ Տերը՝ Աստված, նրան դուրս հանեց բարօրության դրախտից՝ մշակելու հողը, որից առաջացել էր։ Ադամին հանեց և բնակեցրեց բարօրության դրախտի դիմաց, իսկ քերովբեներին ու շուրջանակի պտտվող բոցեղեն սրին հրամայեց հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները» (Ծննդ. 3:23-24):

Կարդացեք նաև

Մարդիկ իրարից ազդվում են խոսքերով ու գործերով: Ուստի չար մարդկանց հետ ընկերակցությունը ինքնին չարիք է:

Վնասակար մթերքներ: Գործ չունեք, ո՛վ մանուկներ, վնասակար մթերքների հետ, լինի դա Pepsi, Cola, չիփս և այլն, որոնք մեծ վնասներ են հասցնում ձեր մարմնին: Ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճարն է. «Թե՞ չգիտեք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց եք ստացել, և ինքներդ ձեր տերը չեք» (Ա Կորն. 6:19-20): Ձեր մարմինը պետք է լինի առողջ ու ուժեղ և ոչ հիվանդ ու տկար վնասակար մթերքների գործածության պատճառով:

Թմրանյութերի գործածություն: Գործ չունես, ո՛վ պատանի կամ երիտասարդ, ծխախոտի հետ, որովհետև դա մարդուն պատճառում է կախվածություն: Ծխախոտի կախվածության հետևանքով մարդը մսխում է իր դրամը, փչացնում է իր առողջությունը՝ քայքայելով շնչառական, նյարդային, արյան, մարսողական և այլ համակարգերը, անիմաստ ձևով վատնում է իր ժամանակը, սխալ դաստիարակություն է փոխանցում նոր սերնդին և այլն:

Գործ չունես թմրանյութերի հետ, ո՛վ հուսահատ մարդ: Թմրանյութերը մարդուն գերեվարում են՝ դարձնելով նրան ստրուկ, հիվանդ, բանտարկյալ և նույնիսկ անձնասպան:

Սխալ ընթերցումներ: Գործ չունես, ո՛վ ընթերցասեր, սխալ ընթերցումների հետ, օրինակ, Եհովայի վկաների հրատարակությունների ու էլեկտրոնային գրությունների հետ, եթե դու լավ չես ճանաչում Աստվածաշունչ մատյանը:

Գործ չունես, ո՛վ երիտասարդ կամ երիտասարդուհի, աթեիստական գրքերի հետ, եթե Աստծո գոյության թեմայի մասին դու ունես չկողմնորոշված դիրք, մտամոլոր վիճակ:

Երբ քրիստոնյա անձը լավ ճանաչի Աստվածաշունչ մատյանը, այն ժամանակ կարող կլինի կարդալ սխալ վարդապետություն ընդգրկող գրքեր առանց վտանգի, որովհետև սնված է Աստծո խոսքով՝ Աստվածաշնչով, ուստի հեշտորեն բացասական գրքերի մեջ պիտի տեսնի բոլոր սխալ նախադասությունները, մեկնաբանությունները, ուսուցումները և դրանց պատասխանի ինքնավստահությամբ, քաջությամբ և զորությամբ:

Մոլորեցուցիչ վայրեր: Գործ չունես, ո՛վ հետաքրքրասեր անձ, մոլորեցուցիչ վայրերի՝ կաբարեների, խաղատների և գինետների հետ, որովհետև առաջին վայրը քեզ առաջնորդում է դեպի կինեմոլություն, երկրորդը՝ խաղամոլություն, իսկ երրորդը՝ գինեմոլություն: Ինչքա՛ն մարդիկ վերհիշյալ մոլորեցուցիչ վայրերի պատճառով կորցրին իրենց ունեցվածքը, քանդեցին իրենց շեն տունը, կորցրին իրենց աշխատանքը՝ դառնալով անտուն, ընկնելով ցավալի ու տխուր վիճակի մեջ:

Սխալ նորաձևություններ: Գործ չունես, ո՛վ նորաձևասեր անձ, այն հագուստների հետ, որոնք՝ 1. պարունակում են հակաաստվածային պատկերներ՝ գանգ, սարդ, կարիճ, օձ և այլն, 2. ունեն անպատշաճ տեսք, 3. թափանցիկ են և այլն: Միշտ հիշենք, որ յուրաքանչուր նորաձևություն բարի, ճիշտ ու գեղեցիկ չէ, որովհետև գոյություն ունեն ճիշտ և սխալ ընթացքների մեջ գտնվող նորաձևություններ:

Սխալ զբաղմունքներ: Գործ չունես, ո՛վ հետաքրքրասեր անձ, սուրճի բաժակ նայելու կամ օրվա աստղագուշակի ունկնդրության հետ, որպեսզի իմանաս այսպես կոչված «քո ապագան»: Միայն Աստված գիտի մեր ապագան, որովհետև Նա է միակ Ամենագետը:

Վտանգավոր արարքներ: Գործ չունես, ո՛վ արկածախնդրությունը սիրող անձ, վտանգավոր արարքների հետ, որովհետև հավանականություն կա, որ դրանց պատճառով ոչ միայն ստանաս ֆիզիկական մեծ վնասվածք, այլ նաև կորցնես կյանքդ, որ Բարձյալն Աստծո կողմից քեզ պարգև է:

Պատմության էջերը վկայում են, թե ինչքա՛ն մարդիկ կորցրին իրենց կյանքը․

1. Մեքենան արագ վարելու պատճառով: Ազգային մայրուղիների երթևեկության անվտանգության վարչությունը (National Highway Traffic Safety Administration) իր կայքէջում նշում է.

2. «Արագությունը վտանգում է ճանապարհին գտնվող բոլորին: 2023 թվականին արագությունը 11775 մարդու մահվան պատճառ է դարձել»,

3. Բարձր ժայռից ծով նետվելու պատճառով։

Կրկեսներում վայրի գազանների, օրինակ, առյուծի, վագրի և փղի հետ մոտիկ շփման պատճառով և այլն:

Սխալ օրենքներ: Ո՞վ ասաց, որ աշխարհում գտնվող բոլոր օրենքները ճիշտ են: Լավը վատից զանազանող անձը գործ չունի սխալ օրենքների հետ, օրինակ՝ 1. միասեռական ամուսնությունը, 2. սեռափոխությունը, թմրանյութի գործածության արտոնությունը Ամերիկայի որոշ նահանգներում, 4. փոխնակ մայրությունը, էվթանազիան, մինչև երեք ամսական կամ 24 շաբաթական պտղի վիժում անելու իրավունքը և այլն:

Գործ ունեմ և գործ չունեմ: Գործ ունեմ այն բոլորի հետ, որոնք կհամապասխանեն Աստծո պատվիրաններին, այսինքն՝ բարի, ճիշտ ու օգտակար են: Գործ չունեմ այն բոլորի հետ, որոնք հակաաստվածաշնչական, հակամարդկային և հակատրամաբանական են, այսինքն՝ չար, սխալ և վնասակար են:

Գործ չունեմ չար մարդկանց, վնասակար մթերքների, թմրանյութերի գործածության, սխալ ընթերցումների, մոլորեցուցիչ վայրերի, սխալ նորաձևությունների, սխալ զբաղմունքների, վտանգավոր արարքների և սխալ օրենքների հետ:

«Իմաստութիւն Հօր Յիսուս, տո՛ւր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից և ի գործոց փրկեա՛ զիս, եւ ողորմեա՛ Քո արարածոց և ինձ՝ բազմամեղիս» (Ս. Ներսես Շնորհալի):

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս