Թուրքիայում պահանջում են վերականգնել հայկական կիսակառույց եկեղեցին

Թուրքիայի Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանի Բաթըայազ թաղամասում գտնվող ավելի քան մեկ դար առաջ կառուցված և այդպես էլ շինավարտին չհասած հայկական եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեղացիները կոչ են անում Թուրքիայի իշխանություններին շուտափույթ քայլեր ձեռնարկել Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցու վերականգնման համար՝ այդպիսով դարձնելով այն նաև զբոսաշրջիկների համար գրավիչ վայր:

1918-ին սկսված շինարարությունը տարբեր պատճառներով երկու անգամ կիսատ է մնացել, նշվում է սակայն, որ անգամ այս վիճակում եկեղեցին իր հզոր ճարտարապետական լուծումներով տպավորում է այցելուներին։

Զուգահեռ նշվում է, որ այն արդեն դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։

Մասնագետների կարծիքով՝ համապարփակ վերականգնման դեպքում եկեղեցին կարող է վերածվել Հաթայի զբոսաշրջության նոր կենտրոնի։ Տեղացիների համոզմամբ՝ այդ քայլը ոչ միայն կպահպանի տարածաշրջանի բազմաշերտ պատմամշակույթի արժեքավոր մասը, այլև տնտեսական նոր հնարավորություններ կտա։

Համայնքի կարծիքով՝ Բաթըայազի հայկական եկեղեցին պետք է պահպանվի որպես անցյալի համատեղ կյանքի խորհրդանիշ և փոխանցվի ապագա սերունդներին։

Տեսանյութեր

Լրահոս