Փետրվարի 3-ի ուրվականը

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճը շատերի կողմից գնահատվում է՝ որպես հերթական բեմականացում, իշխանական պայմանավորվածությունների արդյունք: Այդ վարկածը, մեղմ ասած, հեռու չէ իրականությունից, հատկապես, որ որևէ մեկը չգիտի՝ իրականում ի՞նչ ռազմավարական ու մարտավարական պայմանավորվածություններ են ունեցել գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերջինիս կողմից իշխանության փոխանցման ժամանակ:

Քոչարյան-Սարգսյան բանավեճը ներկայացում համարող վերլուծություններում առավելապես որպես դրա հիմնական շարժառիթ քննարկվում են մոտակա կամ ավելի ուշ հեռանկարում իշխանության փոխանցման կամ պահպանման հնարավոր տարբերակները: Սակայն այս քննարկումներում կարծես ուշադրությունից դուրս է մնացել հնարավոր արտաքին գործոնը: Խոսքը ոչ թե Հայաստանի ներիշխանական վերադասավորումներում Մոսկվայի մասնակցության մասին է (որն արդեն Հայաստանում համարվում է քաղաքական զարգացումներում որոշիչ գործոնը), այլ Հայաստանի շուրջ անբարենպաստ արտաքին քաղաքական զարգացումների, որոնք դեռևս գուցե այնքան էլ տեսանելի չեն, սակայն առնվազն բացառված չեն: Մասնավորապես դա կարող է կապված լինել ղարաբաղյան հակամարտության հնարավոր հանգուցալուծման հետ: Անցած տարեվերջին Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո ավելի քան երկու տարի դե ֆակտո սառեցված բանակցային գործընթացում նկատելի ակտիվություն է արձանագրվել: Առաջիկայում կրկին հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, փետրվար-մարտ ամսին սպասվում է նախագահների հերթական հանդիպումը: Դրան զուգահեռ՝ ղարաբաղյան բանակցություններում զգալիորեն ակտիվացել է թուրքական կողմը, որն առնվազն քարոզչական դաշտում շոշափելի քայլեր է կատարում ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման տպավորություն ստեղծելու համար: Մյուս կողմից՝ Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների հանգուցալուծմանն ուղղված գործընթացում գոնե արտաքուստ առաջընթաց է արձանագրվում, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման արագացման համար: Մի խոսքով, Մաքսային միությանն անդամակցելուց ու, որպես դրա հետևանք՝ արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման մանդատն ամբողջությամբ Ռուսաստանին զիջելուց հետո Հայաստանը ներկայումս հայտնվել է ղարաբաղյան հարցում, մեղմ ասած, ոչ այնքան բարենպաստ իրավիճակում: Ու, երբ այս իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը հանկարծ «մտահոգվում է երկրում ստեղծված իրավիճակով», ապա առնվազն չպետք է բացառել, որ դրա հիմքում կարող է ընկած լինել «ղարաբաղյան» գործոնը: Ավելի պարզ ասած՝ բացառված չէ, որ առաջիկայում ղարաբաղյան հարցում հնարավոր ոչ հայանպաստ հանգուցալուծումը կանխելու ճանապարհների թվում իշխանությունն առնվազն քննարկում է «իշխանափոխության» տարբերակը:
Հայաստանի իշխանությունը սեպտեմբերի 3-ից հետո վերջնականապես սպառել է Հայաստանի նկատմամբ որևէ պարտադրանքի հակազդելու բոլոր ռեսուրսները: Իսկ դա նշանակում է, որ եթե Արևմուտքը Ռուսաստանի համար համաձայնության հասնի ղարաբաղյան հարցի հանգուցալուծման որևէ տարբերակի շուրջ, ապա Հայաստանի իշխանությունը դրանից հրաժարվելու որևէ գործնական հնարավորություն չի ունենա: Բացի իշխանափոխությունից, որը գոնե ժամանակավորապես կարող է հետաձգել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթղթի ստորագրումը: Սցենարը մոտավորապես կարող է լինել հետևյալը. ավելի կառուցողական Սերժ Սարգսյանը «հայտնի ուժերի» ճնշմամբ հրաժարական է տալիս, իշխանության է գալիս ղարաբաղյան հարցում «ոչ մի թիզ հող» դիրքորոշում ունեցող Ռոբերտ Քոչարյանը, և բանակցային գործընթացը սկսվում է զրոյից: Սա փորձված և իրեն արդարացրած տարբերակ է. 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ հենց այս ճանապարհով: Միակ տարբերությունն այն է, որ եթե 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն այդ գործընթացում հակառակորդներ էին, ապա ներկայումս Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը կարող են դա իրականացնել՝ որպես դաշնակիցներ: Ի դեպ, հիշեցնենք, որ 1998 թվականի իշխանափոխությունը դե յուրե տեղի է ունեցել փետրվարի 3-ին. հենց այդ օրն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել իր հրաժարականը: Առաջիկա փետրվարի 3-ին Ազգային ժողովում ոչ իշխանական ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել կառավարությանը, որը, շատերի գնահատմամբ, դիտարկվում է՝ որպես իշխանափոխության ուղիղ ճանապարհ:

Տեսանյութեր

Լրահոս